Սիրաք

21

ԶԳՈՒՇԱՆԱԼ ՄԵՂՔԻՑ

1Որդեա՛կ, եթէ գործեցիր, այլեւս մի՛ արա եւ աղօթի՛ր հին մեղքերի համար։

2Փախի՛ր մեղքերից, ինչպէս օձից. եթէ մօտենաս կը խայթի քեզ։

3Մեղքի ժանիքները առիւծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։

4Ամէն տեսակ անօրէնութիւն նման է երկսայրի սրի. նրա տուած վէրքերին բժշկութիւն չկայ։

5Արհաւիրքն ու թշնամանքը աւերում են հարստութիւնը. այդպէս էլ կ’աւերուի ամբարտաւանների տունը։

6Խոնարհների խնդրուածքները հասնում են մինչեւ Տիրոջ ականջները, եւ նրա արդարութիւնը փութով կը հասնի։

7Ով որ ատի յանդիմանութիւնը, նա կը լինի մեղաւորների շաւիղների մէջ, եւ ով որ երկիւղ է կրում Տիրոջից, սրտով նրան կը դառնայ։

8Լեզուով հզօրը հեռուից է ճանաչւում, իսկ ով գիտուն է, տեսնում է իր սայթաքումը։

9Ով իր տունը կառուցում է այլոց ունեցուածքով, նման է նրան, որ քարեր է հաւաքում ձմռանը։

10Անօրէնների խումբը նման է դիզուած վուշի, եւ նրանց վախճանը կրակի բոցի մէջ է։

11Մեղաւորների ճանապարհները հարթ են՝ քարերից մաքրուած, բայց վերջը դժոխքի խորխորատն է։

12Ով պահում է օրէնքը, իշխում է իր մտքերին,

13եւ Տիրոջ երկիւղի վերջը իմաստութիւնն է։

14Ով խորագէտ չէ, չի սովորի։

15Բայց խորագիտութիւն էլ կայ, որ շատացնում է դառնութիւնը։

ԻՄԱՍՏՈՒՆԻ ԵՒ ՅԻՄԱՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

16Իմաստունի գիտութիւնը հեղեղի նման կը սաստկանայ, եւ նրա խորհուրդները ակնաղբիւրի նման են։

17Տգէտի փորը նման է ծակոտկէն ամանի. ոչ մի գիտելիք այնտեղ չի մնայ։

18Եթէ գիտունը իմաստուն լսի, կը գովի այն եւ կ’աւելացնի այն, մինչդեռ թեթեւամիտը լսեց ու նրան հաճելի չթուաց այն եւ նետեց իր թիկունքի յետեւը։

19Տխմարի խօսքը ճանապարհի բեռան նման է, սակայն իմաստունների շուրթերի վրայ այն է ստանում։

20Իմաստունների խօսքերը փընտռուելու են ժողովրդի մէջ, եւ դրանց մասին խորհելու են իրենց սրտում։

21Աւերուած տան նման է յիմարի իմաստութիւնը, եւ տխմար մարդու գիտութիւնը անմիտ խօսք է։

22Անմիտների համար խրատը ոտնակապ է եւ աջ ձեռքի ձեռնակապ։

23Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագէտ մարդը հազիւ ժպտում է հանդարտ։

24Գիտունի համար խրատը նման է ոսկեղէն զարդի եւ աջ բազկի ապարանջանի։

25Տխմարի ոտքը արագ դիմում է դէպի , սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։

26Անմիտը դռան արանքից է տան մէջ նայում, իսկ բարեկրօն մարդը մնում է դրսում։

27Մարդու համար անվայել բան է դռան մօտ ականջ դնելը, իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից։

28Շատախօս օտար բերանները պատմում են, ինչ որ լսել են, իսկ իմաստունների խօսքերը կշռադատուած են։

29Յիմարների սիրտը իրենց բերանում է, իսկ իմաստունների բերանը՝ իրենց սրտում։

30Ամբարիշտը սատանային անիծելիս՝ ինքն իր հոգին է անիծում։

31Բամբասողը պղծում է իր հոգին, նա ուր էլ բնակուի, ատելի կը լինի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն