Սիրաք

16

ՏԻՐՈՋ ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԽՍՏՈՒԹԻՒՆԸ

1Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շատութիւն եւ մի՛ ուրախացիր ամբարիշտ որդիներով. եթէ նրանք շատանան, մի՛ ուրախացիր նրանցով։

2Եթէ նրանց մէջ չկայ Տիրոջ երկիւղը, դու նրանց կեանքի նկատմամբ վստահ մի՛ եղիր եւ մի՛ ապաւինիր նրանց շատութեանը։

3Լաւ է մէկը, քան հազարը, եւ լաւ է մեռնել անզաւակ,

4քան ունենալ ամբարիշտ որդիներ։

5Արդարեւ, միայն մէկ իմաստուն է կառուցում քաղաքը, բայց այն կործանւում է անօրէնների ցեղից։

6Բազում այսպիսի բաներ տեսայ իմ աչքերով, եւ սրանից էլ առաւել զօրաւոր բաներ լսեց իմ ականջը։

7Մեղաւորների հաւաքոյթներին կրակ կը բորբոքուի, եւ Տիրոջ բարկութիւնը կը թափուի անհնազանդ ազգի վրայ։

8Տէրը քաւութիւն չտուեց հին հսկաներին, ովքեր, իրենց զօրութեան վրայ վստահ, ապստամբեցին։

9Չխնայեց նաեւ Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզուեց նրանց ամբաստանութեան պատճառով։

10Չգթաց իրենց մեղքերի համար կորստեան դատապարտուած ազգին։

11Այսպէս վարուեց նաեւ վեց հարիւր հազար հետեւակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտութեամբ։ Թէկուզ եւ նրանցից մէկն իսկ խստապարանոց լինէր, զարմանալի կը լինէր, եթէ չդատապարտուէր.

12քանզի թէ՛ ողորմութիւնը, թէ՛ բարկութիւնը նրանն է։

13Նա հզօր է ինչպէս իր ներման, այնպէս էլ իր բարկութիւնը թափելու մէջ. որքան մեծ է նրա ողորմութիւնը, այնքան էլ մեծ է նրա յանդիմանութիւնը։

14Մարդը դատւում է ըստ իր գործերի. մեղաւորն իր յափշտակութեան համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը կը գտնի իր համբերութեան համար։

15Ամէն ողորմածութեան համար Տէրը տեղ կ’անի. իւրաքանչիւր ոք հատուցում կը գտնի ըստ իր գործերի։

16Մի՛ ասա, թէ՝ «Կը թաքնուեմ Տիրոջից», եւ՝ «Ո՞վ կը յիշի ինձ»։

17«Բազում ժողովրդի մէջ չեմ նկատուի, որովհետեւ իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մէջ»։

18Ահաւասիկ, երկինքը, երկինքների երկինքը, անդունդներն ու երկիրը դղրդում են նրա այցելութիւնից,

19նոյնպէս լեռներն ու երկրի հիմքերը ցնցւում նրա հայեացքից։

20Բայց սիրտը չի կարող խորհել այդ մասին։

21Ո՞վ կը մտածի նրա ճանապարհների եւ այն որոգայթների մասին, որոնք մարդ չի տեսել։

22Իսկ նրա գործերից շատերը ծածուկ են. արդարութեան գործերը ո՞վ կը յայտնի, կամ ո՞վ համբերութեամբ կը սպասի, որովհետեւ կ’ասի, թէ՝ «Ուխտը հեռու է»։

23Ով պակասամիտ է, այսպէս կը խորհի, եւ անզգամ ու մոլորուած մարդը յիմարութիւններ կը մտածի։

ՏԻՐՈՋ ՍԱՀՄԱՆԱԾ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ

24Որդեա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտութիւնը եւ իմ խօսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։

25Ես քեզ ցոյց կը տամ կշռադատուած գիտութիւնը եւ ճշմարտութեամբ կը յայտնեմ իմացութիւնը։

26Տիրոջ գործերը սկզբից եւեթ ճշմարտութեամբ էին, եւ նա արարչագործութիւնից իսկ զատեց նրանց մասերը։

27Յաւիտեան կարգաւորեց իր գործերը եւ կարգեր սահմանեց նրանց տեսակների մէջ։

28Դրանք ո՛չ քաղց ունեն եւ ոչ էլ յոգնութիւն, չեն դադարում իրենց գործերից, եւ դրանցից իւրաքանչիւրը նեղութիւն չի տալիս իր մերձաւորին։

29Դրանք յաւիտեան չեն հակառակուի Տիրոջ խօսքերին։

30Այնուհետեւ Տէրը նայեց երկրին եւ այն լցրեց նրա բարիքներով։

31Բոլոր կենդանի էակների շունչը ծածկեց երկրի երեսը, եւ բոլորը դարձեալ վերադառնալու են ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն