Սիրաք

14

ԺԼԱՏԻ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ

1Երանի այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով եւ խոցուած չէ մեղքի յարուցած տրտմութեամբ։

2Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, եւ ով չի կորցրել իր յոյսը։

3Հարստութիւնը բարիք չէ ժլատ մարդու համար, եւ չկամ մարդու ինչի՞ն է պէտք իր ունեցուածքը։

4Ով հաւաքում է իրեն զրկելով, նա հաւաքում է այլոց համար, եւ նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն։

5Ով չար է իր անձի հանդէպ, ո՞ւմ համար կը լինի. նա ուրախ չի լինի նոյնիսկ իր բարիքների մէջ։

6Աւելի չար մարդ չկայ, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, եւ դա նրա չարութեան հատուցումն է։

7Թէկուզեւ բարիք անի՝ պատահաբար կ’անի, եւ յետոյ յիշելով՝ դարձեալ իր չարութիւնը կ’անի։

8Չար է նա, ով նախանձոտ աչքերով է նայում, երեսը թեքում է եւ անտեսում մարդկանց։

9Ագահի աչքը քչով չի յագենայ, եւ չար անօրէնութիւնը չորացնում է հոգին։

10Չար աչքը նախանձոտ է նոյնիսկ իր հացին եւ կարօտ է իր սեղանին։

ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

11Որդեա՛կ, ըստ քո ունեցուածքի բարութի՛ւն արա եւ Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր։

12Յիշի՛ր, որ մահը չի ուշանայ, եւ գերեզմանի քեզ յայտնի չէ։

13Մինչեւ վախճանուելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողութեան եւ տո՛ւր նրան։

14Քեզ մի՛ զրկիր լաւ օրից, եւ բարի ցանկութեան մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։

15Արդեօ՞ք քո վաստակն ուրիշին չես թողնելու, եւ մի՞թէ զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցուելու։

16Տո՛ւր եւ վերցրո՛ւ եւ ուրախացրո՛ւ քո հոգին,

17քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտռել։

18Ամէն մարմին շորի նման մաշւում է, քանզի յաւիտենութիւնից ի վեր օրէնք է, թէ՝ «Մահով պիտի մեռնես»։

19Ինչպէս սաղարթախիտ ծառի դալար տերեւը մերթ թափւում է եւ մերթ բուսնում, այնպէս էլ մարմնի եւ արեան տեսակն է. մէկը վախճանւում է, միւսը՝ ծնւում։

20Ամէն գործ, որ ենթակայ է փտելու, վերանում է, եւ այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնայ։

22Երանի՜ այն մարդուն, որ կը վախճանուի իմաստութեամբ, կը խօսի իր բանականութեամբ եւ իր մտքով կը թափանցի նրա գաղտնիքների մէջ։ 23Ով կը կանգնի նրա պատուհանների դէմ, նա ունկնդիր կը լինի նաեւ նրա դռների մօտ, 24ով իջեւան հաստատի նրա տան մօտ, նա ցից կը խփի նրա պատերին 25եւ իր վրանը կը կանգնեցնի նրա հովանու տակ, կը հանգստանայ բարիքի բնակարանում, իր զաւակներին կը դնի նրա հովանու տակ եւ նրա ճիւղերի ներքոյ։ 26Նրանով կը պատսպարուի խորշակից եւ կը հանգստանայ նրա փառքի մէջ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն