Սիրաք

13

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1Ով դիպչի ձիւթին, նրանով կը շաղախուի, եւ ով շփուի ամբարտաւանի հետ, նրան կը նմանուի։

2Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, եւ ով քեզնից հարուստ ու հզօր է, մի՛ եղիր նրա հետ։

3Ի՞նչ յարաբերութիւն ունի կաւէ սափորը մետաղեայ կաթսայի հետ. սա հարուածում է, եւ այն փշրւում։

4Հարուստը զրկում եւ ի՛նքն է սպառնում, աղքատը զրկւում եւ ի՛նքն է ներողութիւն խնդրում։

5Եթէ դու նրան պէտք լինես, նա քեզ կ’օգտագործի, իսկ եթէ պէտք չես, քեզ կը լքի։

6Եթէ ունեւոր ես, նա քո ընկերը կը լինի, քեզ կը քամի եւ չի էլ կարեկցի։

7Երբ քո կարիքը ունենայ, կը մոլորեցնի քեզ, կը ժպտայ երեսիդ եւ յոյս կը տայ քեզ։

8Քեզ հետ կը խօսի ազնուութեամբ եւ կ’ասի. «Քեզ ի՞նչ է պէտք», ու քեզ կ’ամաչեցնի իր հիւրասիրութեամբ,

9մինչեւ որ երկու-երեք անգամ կողոպտի եւ ապա խաբի քեզ, որից յետոյ երբ տեսնի քեզ, կ’արհամարհի ու երես կը թեքի քեզանից։

10Զգո՛յշ եղիր, որպէսզի չմոլորուես, եւ մի՛ նուաստացիր քո ուրախութեան մէջ։

ԱՐԴԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹԻՒՆԸ

11Մի՛ ասա, թէ յանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պէտք չէ անել այն, ինչ ատեց Տէրը։

12Եթէ հզօրը քեզ հրաւիրի, խուսափի՛ր, եւ նա առաւել եւս պնդելով՝ կը հրաւիրի քեզ իր մօտ։

13Շատ մէջ մի՛ ընկիր, որ չվռնդուես, ոչ էլ շատ հեռու մնա, որ մոռացուես։

14Մի՛ ձգտիր նրան հաւասարուել եւ մի՛ հաւատա նրա երկար խօսքերին, որովհետեւ երկար խօսքով նա քեզ կը գայթակղեցնի եւ քո երեսին ժպտալով՝ կը քննի քեզ։

15Անողորմ է նա, ով չի չափաւորում իր խօսքը եւ չի զգուշանում տանջանքից ու կապանքներից։

16Ուշադի՛ր եղիր եւ չափազանց զգոյշ, քանզի ամէն րոպէ կարող ես կործանուել։

17Քո առջեւ Տէրը կրակ եւ է դրել. որին կամենաս՝ կը մեկնես քո ձեռքը։

18Մարդու առջեւ է կեանքն ու մահը. ինչ հաճելի կը թուայ իրեն՝ կը տրուի նրան։

19Իւրաքանչիւր կենդանի էակ իր նմանին է սիրում, եւ իւրաքանչիւր մարդ՝ իր մերձաւորին։

20Իւրաքանչիւր մարմին միանում է իր տեսակին, եւ իւրաքանչիւր մարդ յարում իր նմանին։

21Ի՞նչ յարաբերութիւն կարող է լինել գայլի եւ գառան միջեւ։

22Ի՞նչ խաղաղութիւն կարող է լինել բորենու եւ շան միջեւ, եւ ի՞նչ խաղաղութիւն՝ հարուստի եւ աղքատի միջեւ։

23Առիւծների որսը անապատի վայրի էշերն են, այդպէս էլ հարուստների կերակուրը աղքատներն են։

24Հպարտի համար արգահատելի է խոնարհութիւնը, այդպէս էլ հարուստի համար արգահատելի է աղքատը։

25Եթէ հարուստը վտանգուի, բարեկամները նեցուկ կը լինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանօթներից իսկ հեռու է վանւում։

26Սխալուելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ եւ ոչ մի. հարուստն անմիտ բաներ խօսեց, եւ նրան տրուեց,

27բայց երբ աղքատը խօսեց, դատափետեցին նրան. թէեւ նա խելացի խօսեց, բայց նրան տեղ չտրուեց։

28Երբ հարուստը խօսեց, բոլորը լռեցին եւ նրա խօսքերը մինչեւ երկինք բարձրացրին։

29Աղքատը խօսեց, եւ ասացին. «Սա ո՞վ է». իսկ եթէ նա սայթաքի, աւելի կը հրեն նրան։

30Լաւ է այն հարստութիւնը, որի մէջ չկայ , եւ վատ է աղքատութիւնն ամբարշտի շուրթերին։

31Թէ՛ բարիք եւ թէ՛ չարիք գործելիս մարդու սիրտը այլափոխում է նրա երեսը։

32 սրտի նշանը զուարթ դէմքն է, բայց իմաստութեան գիւտը արդիւնք է տանջալից խորհրդածութեան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն