Հայտնութիւն
6
ԵՕԹԸ ԿՆԻՔՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1Տեսայ նաեւ, որ Գառը բացեց եօթը կնիքներից մէկը. եւ չորս կենդանիներից մէկից լսեցի մի ձայն, նման որոտի ձայնի, որ ասում էր՝ գալիս եմ։ 2Եւ ահա տեսայ մի սպիտակ ձի. եւ նա, ով հեծել էր նրա վրայ, աղեղ ունէր. եւ նրան պսակ տրուեց. եւ եկաւ յաղթողը, որ յաղթի։
3Եւ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։ 4Եւ ելաւ ուրիշ, մի կարմիր ձի. եւ ով հեծել էր նրա վրայ, նրան արտօնուած էր վերացնել խաղաղութիւնը երկրից, որպէսզի միմեանց սպանեն։ Եւ նրան տրուեց մի մեծ սուր։
5Եւ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։ Եւ տեսայ ահա մի սեւ ձի. եւ ով նստել էր նրա վրայ, իր ձեռքին կշեռք ունէր։ 6Եւ չորս կենդանիների միջից ձայն լսեցի. «Մի կապիճ ցորեն՝ մէկ դենարի, եւ երեք կապիճ գարի՝ մէկ դենարի. եւ ձէթ ու գինուն վնաս չտաս»։
7Եւ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ գալիս եմ։ 8Եւ տեսայ ահա դեղնաւուն մի ձի. եւ ով նստել էր նրա վրայ, ունէր Մահը. եւ Դժոխքը գնում էր նրա յետեւից։ Եւ նրան իշխանութիւն տրուեց աշխարհի մէկ չորրորդ մասի վրայ կոտորած անելու սրով, սովով, մահով եւ երկրի գազաններով։
9Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսայ հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանուել էին Աստծու խօսքի եւ այն վկայութեան համար, որ պահում էին։ 10Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տէր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես եւ մեր արեան վրէժը չլուծես երկրի բնակիչներից»։ 11Եւ նրանց տրուեցին սպիտակ զգեստներ. եւ ասուեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահուան պիտի ենթարկուեն, ինչպէս իրենք։
12Եւ երբ բացեց վեցերորդ կնիքը, տեսայ, որ մեծ երկրաշարժ եղաւ. եւ արեգակը սեւ դարձաւ ինչպէս այծի մազից հիւսուած կարպետը, եւ լուսինն ամբողջովին դարձաւ ինչպէս արիւն։ 13Եւ երկնքի աստղերը թափուեցին երկրի վրայ ինչպէս տերեւը թզենու, որ ուժգին շարժւում է հողմից. 14եւ երկինքը գալարուեց ինչպէս մագաղաթեայ գիրք. եւ բոլոր լեռներն ու կղզիները շարժուեցին իրենց տեղից։ 15Եւ երկրի թագաւորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզօրներն ու բոլոր ծառաները ու բոլոր ազատները թաքնուեցին քարայրներում եւ ժայռերի ծերպերում։ 16Եւ լեռներին ասում էին՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ. 17որովհետեւ եկաւ նրա բարկութեան մեծ օրը. եւ ո՞վ կարող է կանգնել նրա առաջ։