Հայտնութիւն

19

ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԵՐ

1Այնուհետեւ լսեցի՝ ինչպէս բազմութեան մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Ալէլուիա՜, փրկութի՜ւն եւ փա՜ռք եւ պատի՜ւ եւ զօրութի՜ւն մեր Աստծուն, 2որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նրա դատաստանները, քանի որ նա դատեց մեծ պոռնիկին իր պոռնկութեան մէջ եւ նրանից լուծեց իր ծառաների արեան վրէժը»։ 3Եւ կրկին անգամ օրհներգեցին ու ասացին. «Ալէլուիա՜. եւ նրա ծուխը բարձրանում է յաւիտեանս յաւիտենից»։ 4Եւ ծնկի եկան քսանչորս երէցներն ու չորս կենդանիները եւ երկրպագեցին փառքի գահի վրայ նստած Աստծուն՝ ասելով. «Ամէն. Ալէլուիա՜»։

ԳԱՌԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԸՆԹՐԻՔԸ

5Եւ գահից մի ձայն ելաւ, որ ասում էր. «Օրհներգեցէ՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, եւ դո՛ւք, որ երկնչում էք նրանից, փոքրե՛ր եւ մեծե՛ր»։ 6Եւ լսեցի մի ձայն՝ ինչպէս ձայնը մի մեծ բազմութեան, ինչպէս ձայնը շատ ջրերի եւ ինչպէս ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր դարձեալ. «Ալէլուիա՜. քանզի թագաւորեց մեր Ամենակալ Աստուածը։ 7Ուրախանանք եւ ցնծանք ու տանք նրան, քանի որ հասաւ Գառան հարսանիքի ժամը, եւ կինը՝ նրա հարսը, պատրաստուեց. 8հարսին տրուեց հագնելու սպիտակ, մաքուր եւ լուսափայլ բեհեզ»։ Եւ այդ բեհեզը խորհրդանշում է սրբերի արդարութիւնը։ 9Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչուած են Գառան հարսանիքի ընթրիքին»։ 10Եւ ես ընկնելով նրա ոտքերի առաջ՝ երկրպագեցի նրան. եւ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք վկայում են Յիսուս Քրիստոսին։ Տէր Աստծո՛ւն միայն երկրպագիր. քանզի Յիսուսի հաստատումով է այդ տեսիլքը եւ այդ մարգարէութեան հոգին, քանի որ Յիսուսի մասին վկայութիւնը, որ մարգարէների մէջ էր, Սուրբ Հոգով է»։

ՍՊԻՏԱԿ ՁԻԱՒՈՐԸ

11Ապա տեսայ երկինքը բացուած. եւ ահա մի սպիտակ ձի. ով հեծել էր նրա վրայ, կոչւում է Հաւատարիմ եւ Ճշմարիտ. նա արդարութեամբ է դատում ու պատերազմում։ 12Նրա աչքերը նման էին կրակի բոցի, եւ նրա գլխի վրայ կային բազում պսակներ։ Նա ունէր գրուած մի , որը ոչ ոք չգիտէ, այլ միայն՝ ինքը։ 13Եւ իր վրայ գցել էր արիւնով ներկուած մի զգեստ. նրա անունն էր՝ Բանն Աստծու։ 14Եւ երկնքի զօրավարներ ու երկնքի զօրքեր ձիերով գնում էին նրա յետեւից՝ հագած մաքուր եւ սպիտակ բեհեզներ։ 15Եւ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպէսզի նրանով հարուածի ազգերին. եւ նա պիտի իշխի նրանց վրայ երկաթէ մականով. նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասման գինու հնձանը։ 16Եւ իր պատմուճանի ու իր մարմնի մասերի կար գրուած մի գրութիւն՝ Թագաւոր թագաւորների եւ Տէր տէրերի։

17Տեսայ նաեւ մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրայ. նա աղաղակեց բարձր ձայնով՝ երկնքի մէջ թռչող բոլոր թռչուններին ասելով. «Եկէք հաւաքուեցէ՛ք Աստծու մեծ ընթրիքին. 18եւ պիտի ուտէք թագաւորների մարմիններ, հզօրների մարմիններ եւ երիվարների ու նրանց վրայ նստած ամենայն հեծեալների մարմիններ, մարմիններ ազատների եւ ծառաների, մեծի եւ փոքրի»։

19Ապա տեսայ գազանին, երկրի թագաւորներին եւ նրանց զօրքերին՝ հաւաքուած, որպէսզի մղեն ընդդէմ նրա, ով հեծել էր սպիտակ ձիու վրայ, նաեւ ընդդէմ նրա զօրքի։ 20Եւ բռնուեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարէն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը եւ երկրպագուներ էր դարձրել իր արձանին։ Եւ նրանց կենդանի գցեցին ծծմբով այրուող կրակէ լճի մէջ։ 21Մնացածները մեռան ձիու վրայ հեծնողի սրից, որը ելնում էր նրա բերանից։ Եւ բոլոր թռչունները յագեցան նրանց մարմիններից։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն