Հայտնութիւն
16
ԱՍՏԾՈՒ ՑԱՍՄԱՆ ԵՕԹԸ ՍԿԱՒԱՌԱԿՆԵՐԸ
1Եւ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր եօթը հրեշտակներին. «Գնացէ՛ք, Աստծու ցասման եօթը սկաւառակները թափեցէ՛ք երկրի վրայ»։
2Առաջին հրեշտակը գնաց եւ իր սկաւառակի պարունակութիւնը թափեց երկրի վրայ. եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրայ, որ ունէին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին։
3Երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովի մէջ. եւ ջրերը փոխուեցին ու դարձան ինչպէս մեռելի արիւն։ Եւ ծովի մէջ եղած ամէն կենդանի արարած սատկեց։
4Երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ. եւ նրանք արիւն դարձան։ 5Եւ լսեցի հրեշտակից, որ ասում էր. «Արդար է նա, որ Է-ն է եւ է եւ սուրբ է իր գործերում, քանի որ այսպէ՛ս դատաստան արեց. 6որովհետեւ սրբերի արիւնը եւ մարգարէների արիւնը թափեցին ամբարիշտները, դրա համար էլ արիւն խմել տուեց նրանց, մի բան, որին արժանի էին»։ 7Ապա լսեցի այդ զոհասեղանից մի ձայն, որ ասում էր. «Այո՛, Տէ՛ր Աստուած Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»։
8Չորրորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց արեւի վրայ։ 9Եւ նրան թոյլատրուեց մարդկանց խորշակահար անել կրակով. եւ մարդիկ այրուեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանութիւն ունի այս պատուհասների վրայ, եւ սակայն չապաշխարեցին, չփառաբանեցին Աստծուն։
10Հինգերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց գազանի գահի վրայ. եւ գազանի թագաւորութիւնը խաւար դարձաւ. մարդիկ ցաւից իրենց լեզուներն էին կծոտում։ 11Եւ իրենց ցաւերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, եւ սակայն չապաշխարեցին իրենց գործերից։
12Վեցերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց մեծ Եփրատ գետի վրայ. եւ ցամաքեցին նրա ջրերը, որպէսզի ճանապարհ պատրաստուի Արեւելքի թագաւորին։ 13Եւ տեսայ, որ վիշապի բերանից, գազանի բերանից եւ սուտ մարգարէի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի. 14քանզի նրանք դիւական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագաւորների մօտ՝ նրանց պատերազմի հաւաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ համար (քանզի այսպէս ասաց Տէրը. 15«Ահա՛ գալիս եմ ինչպէս գող. երանի՜ նրանց, որ արթուն են եւ պահում են իրենց զգեստները, որպէսզի մերկ ման չգան, եւ իրենց ամօթոյքները չերեւան» )։ 16Ապա ոգիները թագաւորներին հաւաքեցին մի տեղ, որ եբրայերէն կոչւում է Արմագեդոն։
17Եօթներորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց օդի մէջ. եւ երկնքից ու գահից ելաւ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛ւ»։ 18Եւ իսկոյն եղան փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ եղաւ մի մեծ երկրաշարժ, որպիսին չի եղել մարդու ստեղծուելուց ի վեր։ 19Եւ մեծ քաղաքը երեք մասի բաժանուեց. եւ ընկան ազգերի քաղաքները. եւ Աստուած յիշեց մեծ Բաբելոնը եւ դրան տուեց իր սաստիկ բարկութեան գինու բաժակը։ 20Եւ բոլոր կղզիները հեռու փախան, ու մէջտեղից վերացան լեռները։ 21Մարդկանց վրայ երկնքից թափուեց խոշոր կարկուտ՝ յիսուն կիլոգրամ կշռով։ Եւ մարդիկ հայհոյեցին Աստծուն, - որ երկնքում է, - կարկուտի պատուհասի համար, քանի որ պատուհասը մեծ էր եւ սաստիկ։