Հայտնութիւն

11

ԵՐԿՈՒ ՎԿԱՆԵՐԸ

1Այնուհետեւ ինձ տրուեց չափելու մի եղէգ, որ նման էր գաւազանի. եւ հրեշտակը կանգնած էր ու ասում էր ինձ. «Վե՛ր կաց եւ չափի՛ր Աստծու տաճարն ու զոհասեղանը եւ հաշուի՛ր այն երկրպագողներին, որ նրա մէջ են։ 2Իսկ այն գաւիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն եւ մի՛ չափիր, քանի որ այն տրուել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։ 3Եւ իմ երկու վկաներին պիտի պատուիրեմ, որ մարգարէանան հազար երկու հարիւր վաթսուն օրեր՝ քուրձ հագած»։ 4Սրանք երկու ձիթենիներն ու երկու ճրագներն են, որ կան Աստծու առաջ՝ երկրի վրայ։ 5Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, կրակ պիտի ելնի նրանց բերանից եւ պիտի լափի իրենց թշնամիներին։ Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, այսպէ՛ս պիտի կործանուեն։ 6Երկու վկաներն իշխանութիւն ունեն փակելու երկինքը, որպէսզի իրենց մարգարէութեան օրերում անձրեւ չտեղայ. իշխանութիւն ունեն եւ ջրերի վրայ՝ դրանք արիւն դարձնելու, ինչպէս նաեւ հարուածելու երկրին բոլոր հարուածներով, քանի անգամ որ կամենան։ 7Եւ երբ նրանք աւարտեն իրենց վկայութեան բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դէմ, պիտի յաղթի եւ պիտի սպանի նրանց։ 8Եւ նրանց դիակը ընկած պիտի մնայ իրենց մեծ քաղաքի հրապարակների մէջ, որ խորհրդանշականօրէն կոչւում է Սոդոմ եւ , ուր եւ խաչուեց նրանց Տէրը։ 9Եւ նրանց պիտի տեսնեն բոլոր ցեղերն ու ժողովուրդները եւ բոլոր լեզուներն ու ազգերը, որովհետեւ նրանց դիակը ընկած պիտի մնայ երեք օր. եւ թոյլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։ 10Եւ երկրի վրայ բնակուողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահուան վրայ, նոյնիսկ ընծաներ եւ նուէրներ պիտի տանեն միմեանց, որովհետեւ այս երկու մարգարէները երկրի բնակիչներին պիտի չարչարեն։

11Երեքուկէս օր յետոյ կենդանութեան հոգին Աստծուց պիտի մտնի նրանց մէջ, եւ նրանք պիտի վեր կենան կանգնեն իրենց ոտքերի վրայ։ Եւ ահ ու մեծ երկիւղ ընկաւ բոլոր նրանց վրայ, ովքեր տեսան նրանց։ 12Եւ լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր նրանց. «Վե՛ր ելէք, եկէ՛ք այստեղ»։ Եւ նրանք ելան երկինք՝ ամպերով. եւ իրենց թշնամիները տեսան նրանց։ 13Այդ իսկ ժամին մեծ երկրաշարժ եղաւ, եւ քաղաքի մէկ տասներորդ մասը գետնի տակ թաղուեց. երկրաշարժից մեռաւ եօթը հազար մարդ։ Դրանից յետոյ բոլորի մէջ մեծ ահ առաջացաւ. եւ էին տալիս երկնաւոր Աստծուն։ 14Ահա՛ւասիկ անցաւ երկրորդ վայը, եւ երրորդ վայը գալու է շուտով։

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՓՈՂԸ

15Եւ երբ եօթներորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսուեց մի ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագաւորութիւնը եղաւ մեր Տիրոջը եւ իր Օծեալինը. եւ նա պիտի թագաւորի բոլորի վրայ յաւիտեանս յաւիտենից»։ 16Եւ քսանչորս երէցները, որ նստած էին իրենց գահերին, Աստծու առաջ, ընկան իրենց երեսների վրայ, երկրպագեցին Տէր Աստծուն ու ասացին. 17«Գոհութիւն ենք մատուցում քեզ, Ամենակա՛լ Տէր , դու, որ Է-ն ես եւ ես, ձեռքդ առար քո մեծ զօրութիւնը եւ թագաւորեցիր։ 18Հեթանոսները զայրացան. բայց հասաւ քո բարկութիւնը, ժամանակը՝ դատելու մեռելներին, տալու վարձը քո ծառաներին՝ մարգարէներին եւ սրբերին, քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին եւ ոչնչացնելու երկրի կործանիչներին»։

19Եւ երկնքում բացուեց Աստծու տաճարը, ու երեւաց Աստծու տապանակը իր տաճարի մէջ. եւ եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ եւ՝ ուժեղ կարկուտ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն