Թվոց գիրք

4

ՂԵՒԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՑ ԿԱՀԱԹԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2«Ղեւիի ցեղից հաշուառման ենթարկի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 3քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու են վկայութեան խորանում եւ կատարելու են բոլոր անհրաժեշտ գործերը։ 4Ղեւիի որդիների միջից Կահաթի որդիների գործը վկայութեան խորանում ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների թող լինի սրբազան իրերի պահպանութիւնը։ 5Երբ բանակատեղին տեղափոխուելու լինի, Ահարոնն ու իր որդիները պիտի մտնեն վրան, իջեցնեն վարագոյրը եւ դրանով ծածկեն վկայութեան տապանակը։ 6Նրանք դրա վրայ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոցը, իսկ նրա վրայ էլ պիտի գցեն համակ կապոյտ կերպասը, ապա պիտի տեղադրեն տապանակի ձողերը։ 7Նուիրաբերութեան սեղանի վրայ պիտի փռեն համակ ծիրանի կերպասը, իսկ դրա վրայ էլ պիտի դնեն ափսէները, տուփերը, գաւաթները եւ մատուցարանները, որոնցով նուիրաբերում են կատարում։ Դրա վրայ պիտի դնեն նաեւ հանապազօրեայ հացը, 8սեղանը պիտի ծածկեն կարմիր կտորով, սրա վրայ էլ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը։ 9Նրանք պիտի առնեն կապոյտ կերպաս եւ դրանով ծածկեն լոյսի աշտանակը, նրա երկու կանթեղները, նրա ունելիները, նրա ճրագակալները եւ իւղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։ 10Աշտանակն ու նրա ամբողջ սպասքը պիտի առնեն կաշուէ կապոյտ ծածկոցի տակ եւ դնեն ձողերի վրայ։ 11Ոսկէ զոհասեղանը պիտի ծածկեն կապոյտ կերպասով, դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը։ 12Պիտի վերցնեն պաշտամունքի ամբողջ սպասքը, որոնցով են կատարում սրբարանում, եւ պիտի դնեն կապոյտ կերպասի մէջ։ Այնուհետեւ դա պիտի ծածկեն կաշուէ կապոյտ ծածկոցով եւ պիտի դնեն ձողերի վրայ։ 13Զոհասեղանի վրայ ծածկոց պիտի փռեն, ապա այն պիտի ծածկեն համակ ծիրանի կերպասով։ 14Վրան պիտի դնեն այն սպասքը, որով պաշտամունք են կատարելու դրա վրայ. այն է՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոցը եւ պիտի տեղադրեն ։ 15Ապա պիտի վերցնեն ծիրանի կերպաս ու դրանով ծածկեն լուացարանն ու նրա պատուանդանները, դրա վրայ էլ պիտի գցեն կապոյտ կաշուէ ծածկոց եւ դնեն ձողերի վրայ։ Երբ բանակատեղիի բնակիչները ճանապարհ ընկնեն, Ահարոնն ու նրա որդիները պիտի աւարտած լինեն սրբազան ամբողջ սպասքը ծածկելու գործերը։ Դրանից յետոյ միայն պիտի գան Կահաթի որդիները, որ դրանք վերցնեն տանեն։ Նրանք, սակայն, սրբազան առարկաներին չպիտի դիպչեն, որպէսզի չմեռնեն։ Կահաթի որդինե՛րը պիտի վերցնեն վկայութեան խորանի բոլոր իրերը, 16իսկ բոլորի վերակացուն պիտի լինի քահանայի որդի Եղիազարը։ Նա պիտի հոգայ լուսաւորութեան իւղի, անուշահոտ խնկերի, հանապազօրեայ զոհամատուցման, օծութեան իւղի, խորանին վերաբերող ամէն ինչի, դրա մէջ եղած սրբազան առարկաների ու այնտեղ կատարուող ամէն ինչի մասին»։

17Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց. 18«Ղեւտացիներից Կահաթի տոհմի մարդկանց չվերացնէք։ Այնպէս արէք, որ նրանք ապրեն եւ սրբազան իրերին մերձենալիս չմեռնեն։ 19Ահարոնն ու նրա որդիները միայն պիտի մտնեն ներս եւ որոշեն, թէ նրանցից իւրաքանչիւրը ինչ պաշտօն է կատարելու։ 20Կահաթի որդիները հէնց այնպէս թող ներս չմտնեն սրբութիւնները տեսնելու համար, թէ ոչ կը մեռնեն»։

ՂԵՒԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՑ ԳԵՐՍՈՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

21Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 22«Հաշուառման ենթարկի՛ր Գերսոնի որդիներին ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի՝ 23սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի մտնեն։ 24Այս է Գերսոնի գնդի մարդկանց պարտականութիւնը ծառայելիս եւ բեռներ բարձելիս։ 25Նրանք պիտի վերցնեն խորանի ծածկոցը, վկայութեան խորանը, դրա արտաքին վարագոյրները, դրա վրայ գցուող կապոյտ ծածկոցը, վկայութեան խորանի դռան վարագոյրը, սրահի առագաստը, 26այն, ինչ դրուած է վկայութեան խորանի վրայ, պարանները եւ այն ամբողջ սպասքը, որով պաշտամունք են կատարում։ 27Գերսոնի որդիները պիտի վարուեն այնպէս, ինչպէս կը կարգադրեն Ահարոնն ու նրա որդիները. սպասաւորութիւնը պէտք է կատարուի ըստ նրանց կարգադրութեան։ Նրանց հաշուառումը եւ նրանցից իւրաքանչիւրի կրելիք իրերի հաշուառումը կատարեցէ՛ք յականէ յանուանէ։ 28Ահա այս է Գերսոնի որդիների պարտականութիւնը վկայութեան խորանում, որի վերակացուն է Ահարոն քահանայի որդի Իթամարը»։

ՂԵՒԻԻ ՈՐԴԻՆԵՐԻՑ ՄԵՐԱՐԻԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

29«Հաշուառման կ’ենթարկէք Մերարիի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 30սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի մտնեն։ 31Նրանց պարտականութիւնն է կրել խորանի հետեւեալ իրերը. խորանի խոյակները, նրա նիգերն ու սիւները, նրա խարիսխները, վարագոյրը, նրա խարիսխները, սիւները, 32խորանի դռան վարագոյրը, բակի չորս կողմերի սիւները, դրանց խարիսխները, բակի դռան վարագոյրի սիւները եւ սրանց խարիսխներն ու ցցերը, պարանները, ամբողջ կահ-կարասին ու սպասքը։ Մէկ առ մէկ կատարեցէ՛ք նրանց եւ փոխադրութեան ենթակայ ամբողջ կահ-կարասու հաշուառումը։ 33Այս է լինելու վկայութեան խորանում Մերարիի տոհմին պատկանող մարդկանց պարտականութիւնն իրենց յանձնարարուած գործերում, որ պիտի կատարուեն Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողութեան ներքոյ»։

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ

34Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի հրամանատարները հաշուառման ենթարկեցին Կահաթի որդիներին ըստ նրանց տոհմերի, ըստ նրանց նահապետների ընտանիքների՝ 35սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին ծառայութեան մէջ մտնելու եւ վկայութեան խորանում սպասաւորութիւն կատարելու։ 36Նրանց թիւը ըստ իրենց տոհմերի եղաւ երկու հազար եօթը հարիւր յիսուն ։ 37Այս է Կահաթի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու, հաշուառում, որ կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։

38Հաշուառման ենթարկուեցին Գերսոնի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 39սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկան, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու։ 40Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երկու հազար վեց հարիւր երեսուն։ 41Այս է Գերսոնի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու էին վկայութեան խորանում, հաշուառում, որ կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։

42Հաշուառման ենթարկուեցին նաեւ Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 43սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու։ 44Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երեք հազար երկու հարիւր։ 45Այս է Մերարիի տոհմին պատկանող մարդկանց թիւը, որոնց հաշուառումը կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։

46Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի հրամանատարների հաշուառման ենթարկած բոլոր ղեւտացիների թիւը ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 47սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր ունէին սպասաւորութիւն կատարելու եւ վկայութեան խորանն ու դրա կահ-կարասին փոխադրելու, 48Տիրոջ խօսքի համաձայն բոլոր հաշուառման ենթարկուածների թիւը եղաւ ութ հազար հինգ հարիւր ութսուն։ 49Տէրը նրանց հաշուառման ենթարկեց Մովսէսի ձեռքով։ Իւրաքանչիւր մարդու համար նշուեց իր կատարելիք սպասաւորութիւնն ու փոխադրելիք կահ-կարասին։ Նրանք հաշուառման ենթարկուեցին, ինչպէս որ Տէրը հրամայել էր Մովսէսին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն