Թվոց գիրք

34

ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Պատուիրի՛ր իսրայէլացիներին ու նրանց ասա՛. “Դուք, ահա, մտնում էք Քանանացիների երկիրը։ Այն իր սահմաններով հանդերձ թող ձեր սեփականութիւնը լինի։ 3Նրա հարաւային սահմանը թող լինի Սին անապատից մինչեւ Եդոմի երկրի մերձակայքը։ Հարաւային սահմանները թող անցնեն Մեռեալ ծովի արեւելեան կողմից։ 4Սահմանները հարաւից թող շրջանաձեւ բարձրանան դէպի Ակրաբինի սարը, անցնեն դէպի Ենակ, ապա դարձեալ դէպի հարաւ մինչեւ Կադէսբառնէ, ապա Արադի աւանը եւ հասնեն Ասեմոն։ 5Այս սահմանները, սկսած Ասեմոնից դէպի եգիպտացիների ձորը, շրջան պիտի կազմեն եւ դուրս գան ծով։ 6Ձեր ծովահայեաց սահմանը թող լինի Մեծ ծովը. Դա ձեր ծովահայեաց սահմանն է։

7Ձեր հիւսիսային սահմանը թող լինի հետեւեալը. Մեծ ծովից ուղիղ գծով մինչեւ Լեռը, 8այդ լեռից ուղիղ գծով մինչեւ Եմաթի մուտքը։ Այն հասնելու է մինչեւ Արադաքի սահմանները։ 9Սահմանագիծն այնտեղից թող անցնի մինչեւ Եփրոնի մերձակայքը եւ հասնի մինչեւ Ասիռնային։ Սրանք թող լինեն ձեր հիւսիսային սահմանները։

10Ձեր արեւելեան սահմանները պէտք է անցնեն Ասիռնայինից մինչեւ Սեպփամար։ 11Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգուի մինչեւ Բեղա՝ աղբիւրների արեւելեան կողմը, Բեղայից թող ձգուի մինչեւ Քենարի ծովի արեւելեան կողմը։ 12Սահմանագիծն այնուհետեւ թող ձգուի մինչեւ Յորդանան գետը՝ հասնելով մինչեւ Մեռեալ ծով։ Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն”»։

13Մովսէսը պատուիրեց իսրայէլացիներին ու ասաց. «Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգէք վիճակ գցելով։ Ինչպէս Տէրն է հրամայել, այն պիտի տրուի ինը ցեղերին ու Մանասէի կէս ցեղին, 14որովհետեւ Ռուբէնի ու Գադի ցեղերը, ըստ իրենց նահապետների ընտանիքների, 15եւ Մանասէի կէս ցեղը իրենց բաժինն ստացել էին Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, հարաւից դէպի արեւելք ձգուող մասում»։

ԵՐԿՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

16Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Սրանք են այն մարդկանց անունները, 17որոնք ձեզ պիտի բաժանեն Քանաան երկիրը. Եղիազար քահանայ եւ Նաւէի որդի ։ 18Ամէն մի ցեղից վերցրէ՛ք մէկական , որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջեւ։ 19Սրանք են այդ մարդկանց անունները. Յուդայի ցեղից՝ Յեփոնէի որդի Քաղէբ, 20Շմաւոնի ցեղից՝ Էմիուդի որդի Սաղամիէլ, 21Բենիամինի ցեղից՝ Քասղոդի որդի Ելդադ, 22Դանի ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բակքիր, 23Յովսէփի որդիներից Մանասէի ցեղից՝ որդի իշխան Անիէլ, 24Եփրեմի ցեղից՝ Սաբաթի որդի իշխան Կամուէլ, 25Զաբուղոնի ցեղից՝ Փառնաքի որդի իշխան Եղիսափան, 26Իսաքարի ցեղից՝ Ոզիայի որդի իշխան Փաղտիէլ, 27Ասերի ցեղից՝ Սելեմիի որդի իշխան Աքիոր, 28Նեփթաղիմի ցեղից՝ Մէուդի որդի իշխան Փագայէլ։ 29Տէրը սրանց հրամայեց Քանանացիների երկիրը բաժանել իսրայէլացիների միջեւ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն