Թվոց գիրք

23

ԲԱՂԱԱՄԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

1Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար եօթը բագին կառուցի՛ր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր»։ 2Բաղակն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակէզ արեց ամէն մի բագինի վրայ։ 3Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ. գուցէ ընդառաջ գալով՝ երեւայ ինձ։ Այն, ինչ նա ցոյց կը տայ ինձ, կը հաղորդեմ քեզ»։ Բաղակը կանգնեց իր մատուցած զոհի մօտ։ Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու։ 4Նա ուղիղ առաջ էր գնում։ Աստուած երեւաց Բաղաամին, եւ Բաղաամն ասաց նրան. «Եօթը բագին պատրաստեցի եւ ամէն մի բագինի վրայ մէկական զուարակ ու խոյ ողջակիզեցի»։ 5Աստուած Բաղաամի բերանը դրեց այս խօսքերը. «Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր նրան այն, ինչ ասացի»։ 6Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզների մօտ։ Այնտեղ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները։ 7Աստծու հոգին իջաւ Բաղաամի վրայ, եւ նա առակի ձեւով ասաց. «Մովաբացիների Բաղակ արքան ինձ կանչեց Միջագետքից՝ Արեւելքի լեռներից, եւ ասաց. “ Արի նզովի՛ր Յակոբին ինձ համար, նզովի՛ր նաեւ Իսրայէլին ինձ համար”»։

8Բայց ես ինչպէ՞ս նզովեմ նրան, որին Տէրը չի նզովում, կամ ի՞նչն անիծեմ, որ Աստուած չի անիծում։

9Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կայ մի , որ առանձին պիտի բնակուի, ազգերի մէջ չպիտի դասուի։

10Ո՞վ է ճշտել Յակոբի սերնդի թիւը, ո՞վ է հաշուել Իսրայէլի ցեղերը։ Երա՜նի թէ ես մեռնէի այդ արդար մարդկանց հետ, եւ իմ յետնորդները լինէին նրա յետնորդների նման»։

11Բաղակն ասաց Բաղաամին. «Այդ ի՞նչ արեցիր։ Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնելով օրհնեցիր նրանց»։ 12Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թէ քեզ չասացի, թէ ինչ որ Աստուած իմ բերանը դնի, այն էլ կը հաղորդեմ քեզ»։

ԲԱՂԱԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

13Բաղակն ասաց նրան. «Դարձեալ ինձ հետ արի՛ մի ուրիշ տեղ, որտեղից իսրայէլացիներին ամբողջութեամբ չես տեսնի, այլ կը տեսնես նրանց մի մասը։ Այնտեղից նրանց անիծի՛ր ինձ համար»։ 14Նա վերցրեց նրան ու գնաց բարձրանիստ մի ագարակ, Կոփածոյ լերան գագաթը, այնտեղ կառուցեց եօթը բագին եւ ամէն մի բագինի վրայ զոհեց մէկական զուարակ ու խոյ։ 15Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ Աստծու մօտ հարցում անելու»։ 16Աստուած ընդառաջ եկաւ Բաղաամին, դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր ասելիքս»։ 17Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզի մօտ։ Նրա հետ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները։ Բաղակը հարցրեց նրան. «Ի՞նչ խօսեց Տէրը»։ 18Բաղաամն առակի ձեւով պատասխանեց նրան. «Վե՛ր կաց, Բաղա՜կ, եւ լսի՛ր, իբրեւ վկայ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփորի որդի։

19Աստուած մարդու նման չէ, որ արթնանայ, եւ ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնայ։ Դու ասացիր, թէ չի անի, կ’ասի, բայց չի ։

20Արդ, ես հրաման եմ ստացել, որ օրհնեմ, ուրեմն կ’օրհնեմ եւ չեմ հրաժարուի դրանից։

21Յակոբի սերունդները թող նեղութիւն չկրեն, Իսրայէլի յետնորդները յոգնութիւն չզգան։ Նրանց Տէր Աստուածը իրենց հետ է, իշխանների փառքն ու պատիւը՝ նրանց մէջ։

22Աստուա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից, եւ նա միեղջերուի նման իր վրայ է կրում։

23Յակոբի յետնորդների մէջ կախարդութիւն անող չկայ, ոչ էլ Իսրայէլի յետնորդների մէջ՝ մոգութիւն։ Ժամանակին թող յայտնուի Յակոբի ու Իսրայէլի սերունդներին, ինչ որ կատարելու է Աստուած։

24Ահա այդ ժողովուրդն իբրեւ առիւծի կորիւն ոտքի պէտք է ելնի եւ իբրեւ առիւծ պէտք է պարծենայ։ Նա չի քնելու, մինչեւ չլափի իր զոհին, չխմի խոցոտուածների արիւնը»։

25Բաղակն ասաց Բաղաամին. «Ինձ համար նրան անիծելով մի՛ անիծիր, եւ ոչ էլ օրհնելով օրհնիր նրան»։ 26Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Քեզ հետ չխօսեցի՞, չասացի՞, թէ՝ “Ինչ որ Աստուած կ’ասի ինձ, այն էլ կ’անեմ”»։

ԲԱՂԱԱՄԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

27Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի այլ տեղ, գուցէ դա հաճոյ լինի Աստծուն, եւ ինձ համար դու այնտեղից անիծես իսրայէլացիներին»։ 28Բաղակը Բաղաամին տարաւ կատարը Փոգոր լերան, որը դէպի է ձգւում։ 29Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ եւս եօթը բագին կառուցի՛ր եւ ինձ համար այստեղ եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր»։ 30Բաղակն արեց այնպէս, ինչպէս նրան ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակիզեց բագինների վրայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն