Թվոց գիրք

18

ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԵՒ ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Դու, քո որդիներն ու քո նահապետական ընտանիքը պատասխանատու էք սրբարանի սպասաւորութեան նկատմամբ կատարուող մեղսագործութիւնների համար, բայց միայն դու եւ քո որդիներն էք կրելու ձեր քահանայագործութեան ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատուութիւնը։ 2Քեզ մօտ վերցրու քո եղբայրներին՝ քո նախորդը եղող Ղեւիի սերնդից՝ քո հօր ցեղից, եւ նրանք թող միանան ու թող ծառայեն քեզ։ Վկայութեան խորանում, սակայն, պիտի սպասաւորէք դու եւ քեզ հետ քո որդիները։ 3Ղեւտացիները պիտի ծառայեն քեզ եւ վկայութեան խորանի պահապանները պիտի լինեն, բայց նրանք իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպէտք է մերձենան, որպէսզի ե՛ւ նրանք, ե՛ւ դուք չմեռնէք։ 4Նրանք պիտի միանան քեզ, որ կատարուի վկայութեան խորանի պահպանութիւնն ըստ խորանի բոլոր ծառայութիւնների։ Ոչ մի օտարազգի մարդ քեզ չպիտի մօտենայ։ 5Դուք ինքներդ կը սպասարկէք սրբութիւններն ու զոհասեղանը, որպէսզի իսրայէլացիների վրայ այլեւս չիջնի Տիրոջ բարկութիւնը։ 6Ես իսրայէլացիների միջից, որպէս Տիրոջը տրուած ընծայ, վերցրի ձեր ղեւտացի եղբայրներին, որպէսզի նրանք սպասարկեն վկայութեան խորանում, 7իսկ դու եւ քեզ հետ քո որդիները վարէք քահանայութեան պաշտօնը, անէք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, վարագոյրի յետեւում գտնուող մասում կատարէք քահանայական ձեր պարտականութիւնները, իսկ այլ ազգի մարդը եթէ մօտենայ, մահուամբ պիտի պատժուի»։

8Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Ահա ես ձեզ յանձնեցի ինձ նուիրաբերուած ընծաների պահպանութիւնը. իսրայէլացիների ինձ նուիրած ամէն ինչ իբրեւ պարգեւ տալիս եմ քեզ ու քո յետնորդներին. եւ սա թող յաւիտենական օրէնք լինի։ 9Ահա սրանք են սուրբ ընծաներից ձեզ պատկանող բաները. նրանց բոլոր զանցանքների, նրանց բոլոր մեղսագործութիւնների համար ինձ նուիրաբերուող նրանց բոլոր նուէրներից, նրանց բոլոր զոհերից քեզ եւ քո որդիներին բաժին պիտի հասնի։ 10Սուրբ վայրերում կ’ուտէք դրանք. ով որ արու է, կարող է ուտել այն. միայն դու եւ քո արու զաւակները. եւ քեզ համար դրանք սուրբ պիտի լինեն։

11Ձեզ պիտի պատկանեն նաեւ իսրայէլացիների մատուցած բերքի առաջին պտուղները։ Բոլոր զոհաբերութիւնները տալիս եմ քեզ եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին։ Սա թող յաւիտենական օրէնք լինի։ Քո տանը ամէն մաքուր մարդ թող ուտի այն։ 12Տիրոջը մատուցուած բերքի ընտիր իւղը, ընտիր գինին եւ ընտիր ցորենը քեզ եմ տալիս։ 13Իրենց երկրի հացաբոյսերի ամէն առաջին բերքը, որ Տիրոջն են մատուցում, թող քեզ պատկանի։ Քո տանը ամէն մաքուր մարդ թող ուտի այն։ 14Իսրայէլացիներից ինձ նուիրաբերուող ամէն ինչ քեզ թող պատկանի։ 15Ամէն մի առաջնածին, մարդ թէ անասուն, որ Տիրոջն են նուիրում, թող քեզ պատկանի։ Յետ կը գնես միայն մարդկանց անդրանիկներին։ Յետ կը գնես նաեւ անասունների առաջնածինները։ 16Յետգնումը թող տեղի ունենայ ծննդից մէկ ամիս անցնելուց յետոյ, իսկ դրա գինը, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ թող լինի, որը հաւասար է քսան դանգի։ 17Արջառների, ոչխարների ու այծերի առաջնածինները յետ չգնես, որովհետեւ մաքուր են։ Նրանց արիւնը կը հեղես զոհասեղանի մօտ, իսկ ճարպը ընծայ կ’անես իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։ 18Միսը թող պատկանի քեզ, ինչպէս եւ կուրծքն ու աջ թեւը։ 19Սրբութիւններից այն ամէնը, ինչ որ իսրայէլացիները Տիրոջն են տալիս որպէս տուրք, քեզ եմ տալիս, քո զաւակներին եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին։ Դա յաւիտենական օրէնք թող լինի, որովհետեւ դա Տիրոջ առաջ Աղի ուխտ է քեզ համար եւ քեզնից յետոյ քո սերնդի համար»։ 20Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Նրանց երկրում ոչ մի ժառանգութիւն չպիտի ունենաս, եւ դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետեւ ես եմ քո բաժինն ու ժառանգութիւնը իսրայէլացիների մէջ»։

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ

21«Ես Ղեւիի որդիներին իբրեւ ժառանգութիւն եմ տալիս իսրայէլացիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայութեան համար, որ նրանք պիտի կատարեն վկայութեան խորանում։ 22Միւս իսրայէլացիները չպէտք է մերձենան վկայութեան խորանին, որպէսզի մահացու մեղքեր գործած չլինեն։ 23Միայն ղեւտացիները թող սպասարկեն վկայութեան խորանում եւ պատասխան տան իրենց գործած մեղքերի համար։ Դա յաւիտենական օրէնք թող լինի իսրայէլացիների մէջ իրենց բոլոր սերունդներում։ Ղեւտացիները ժառանգութիւն չպէտք է ունենան, 24որովհետեւ իսրայէլացիների եկամուտների տասանորդները, որ յատկացնելու են Տիրոջը իբրեւ տուրք, տուեցի ղեւտացիներին որպէս ժառանգութիւն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգութիւն չպիտի ունենան իսրայէլացիների մէջ»։

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՏԱՍԱՆՈՐԴԸ

25Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 26«Խօսի՛ր ղեւտացիների հետ ու ասա՛ նրանց. “Եթէ իսրայէլացիներից ստանաք, որը ես որպէս ժառանգութիւն ձեզ եմ տուել, դուք էլ դրանից պէտք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մէկ տասներորդը։ 27Ձեր տուրքը պիտի ընդունուի իբրեւ կալում գտնուող ցորեն եւ հնձանում եղած ։ 28Ըստ այդմ էլ դուք մաս պիտի հանէք Տիրոջը այդ տուրքից, որ պիտի ստանաք իսրայէլացիներից իբրեւ տասանորդ, եւ դրանից տուրք պիտի տաք Տիրոջը, քահանային։ 29Ձեր ստացած տասանորդներից Տիրոջը մաս պիտի հանէք նաեւ առաջին բերքից։ 30Դու ղեւտացիներին ասա՛. “Երբ դրանից ընտիրը նուիրաբերէք Տիրոջը, դա պէտք է ընդունուի իբրեւ կալում գտնուող ցորեն եւ հնձանում եղած գինի։ 31Դուք եւ ձեր ընտանիքները դա կարող էք ուտել ամէն տեղ, որովհետեւ դա ձեր վարձն է վկայութեան խորանում ձեր մատուցած ծառայութեան փոխարէն։ 32Եւ դրա համար դուք կրած չէք լինի. երբ որ դրանից տուրք հանէք որպէս սրբութիւն Իսրայէլի որդիներին, սրբութիւնները պղծած չէք լինի եւ չէք մեռնի”»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն