Թվոց գիրք

1

ԻՍՐԱՅԷԼԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ

1Տէրը Սինայի անապատում, վկայութեան խորանում, Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Մէկ առ մէկ հաշուառման ենթարկեցէք իսրայէլացի ամբողջ ժողովրդին ըստ ազգատոհմերի, ըստ նահապետների տների։ 3Դու եւ Ահարոնը հաշուառման կ’ենթարկէք քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք կարող են զէնք վերցնել Իսրայէլի բանակի համար։ 4Ձեզ հետ ամէն մի ցեղից՝ նահապետների ընտանիքներից մէկական թող լինի։

5Սրանք են այն մարդկանց անունները, որոնք պիտի ներկայանան ձեզ. 6Ռուբէնի ցեղից՝ Սադիուրի որդի Եղիսուրը, 7Շմաւոնի ցեղից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը, 8Յուդայի ցեղից՝ Ամինադաբի որդի Նաասոնը, 9Իսաքարի ցեղից՝ Սոգարի որդի Նաթանայէլը, 10Զաբուղոնի ցեղից՝ Քելոնի որդի Եղիաբը, 11Յովսէփի որդիներից Եփրեմի ցեղից՝ Եմիուդի որդի Եղիսաման, Մանասէի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը, 12Բենիամինի ցեղից՝ Գեդէոնի որդի Աբիդանը, 13Դանի ցեղից՝ Միսադանի որդի Աքիեզերը, 14Ասերի ցեղից՝ Եքրանի որդի Փագիէլը, 15Գադի ցեղից՝ Ռագուէլի որդի Եղիսափանը, 16Նեփթաղիմի ցեղից՝ Ենանի որդի Աքիրէն»։

17Սրանք են իսրայէլացի նահապետների ցեղերի իշխանները, հազարապետները։ 18Մովսէսն ու Ահարոնը վերցրին յականէ յանուանէ թուարկուած այս այրերին եւ երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը հաւաքելով ամբողջ ժողովրդին՝ հաշուառման ենթարկեցին ըստ իրենց ցեղերի, ըստ նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ՝ քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։ 19Ինչպէս որ Տէրը հրամայել էր Մովսէսին, հաշուառման ենթարկեցին մարդկանց Սինայի անապատում։

20Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 21կազմեց քառասունվեց հազար հինգ հարիւր ։ 22Շմաւոնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 23կազմեց յիսունինը հազար երեք հարիւր հոգի։

24Յուդայի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 25կազմեց եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգի։ 26Իսաքարի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 27կազմեց յիսունչորս հազար չորս հարիւր հոգի։

28Զաբուղոնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 29կազմեց յիսունեօթը հազար չորս հարիւր հոգի։ 30Յովսէփի որդիներից Եփրեմի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 31կազմեց քառասուն հազար հինգ հարիւր հոգի։

32Մանասէի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 33կազմեց երեսուներկու հազար երեք հարիւր հոգի։

34Բենիամինի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 35կազմեց երեսունհինգ հազար չորս հարիւր հոգի։

36Գադի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 37կազմեց քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։ 38Դանի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 39կազմեց վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգի։ 40Ասերի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 41կազմեց քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգի։

42Նեփթաղիմի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 43կազմեց յիսուներեք հազար չորս հարիւր հոգի։

44Ահա այս է աշխարհագիրը, որ կատարեցին Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի տասներկու իշխանները, որոնցից ամէն մէկը մի ցեղից էր՝ իրենց նահապետների ընտանիքներից՝ ըստ ցեղերի։ 45Կատարուեց քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ իսրայէլացիների ։ 46Հաշուառման ենթարկուածների ընդհանուր թիւը կազմեց վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի։ 47Ղեւտացիների ցեղին պատկանողները, սակայն, իսրայէլացիների հետ հաշուառման չենթարկուեցին։

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

48Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 49«Տե՛ս, մարդահամար կատարելիս Ղեւիի ցեղը հաշուառման չենթարկես, նրանց թիւը իսրայէլացիների վրայ չգումարես։ 50Ղեւտացիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վերակացու, նրա սպասքի եւ այն ամէնի վերակացու, ինչ գտնւում է դրա մէջ։ Նրանք կը բարձեն խորանն ու նրա ամբողջ կահկարասին, հոգեւոր սպասարկութիւն կ’անեն նրա մէջ եւ կը բնակուեն խորանի շուրջը։ 51Խորանը տեղափոխելիս այն կը քանդեն ղեւտացիները, խորանը տեղաւորելիս այն կը կանգնեցնեն ղեւտացիները։ Եթէ մի այլազգի մօտենայ դրան, թող մեռնի։

52Իսրայէլացիներից իւրաքանչիւրն իր զօրքով թող վրան խփի ըստ իր ցեղի, ըստ նահապետների կարգի։ 53Ղեւտացիները վրանները թող խփեն վկայութեան խորանի շուրջը, Տիրոջ դիմաց, միւս իսրայէլացիները չդիպչեն վրանին, որպէսզի գործած չլինեն։ Վկայութեան խորանի պահպանութիւնը թող ղեւտացինե՛րը յանձն առնեն»։

54Եւ իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին ու Ահարոնին. Նրանք այդպէս էլ արեցին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն