Նէեմիայի գիրք

8

ԵԶՐԱՍԸ ԿԱՐԴՈՒՄ Է ՕՐԷՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՋ

1Ամբողջ ժողովուրդը մի մարդու նման հաւաքուեց հրապարակում՝ Ջրերի դռան դիմաց։ Տիրոջ օրէնքների մեկնիչ Եզրասին ասացին, որ բերի Մովսէսի օրէնքների գիրքը, որ նրան հրահանգել էր Իսրայէլի Տէր Աստուածը։ 2Եզրաս քահանան օրէնքների գիրքը բերեց ժողովի առջեւ. դա եօթներորդ ամսի ամսամտի օրն էր, երբ հաւաքուել էին տղամարդիկ ու կանայք եւ բոլոր նրանք, ովքեր ուզում էին լսել։ 3Նա տղամարդկանց ու կանանց առջեւ սկսեց կարդալ օրէնքը՝ առաւօտից, երբ ծագում էր արեգակը, մինչեւ կէսօր. բոլորը հասկանում էին, եւ ամբողջ ժողովուրդն ականջ էր դնում՝ լսելու գրուած բոլոր օրէնքները։

4Եզրաս քահանան՝ մեկիչը, կանգնած էր փայտաշէն բեմի վրայ. նրա մօտ, նրա աջ կողմից կանգնած էին Մատաթիասը, Սամէասը, Անանիասը, Ուրիասը, Քելկիան եւ Մասիան, իսկ նրա ձախից՝ Փագիասը, Միսայէլը, Մելքիասը, Ասամը, Սարդանան, Զաքարիան եւ Մոսոլամը։ 5Երբ Եզրաս քահանան ամբողջ ժողովրդի առջեւ բացեց գիրքը (նա ամբողջ ժողովրդի վերակացուն էր), գիրքը բանալու ժամանակ ժողովուրդը ոտքի կանգնեց նրա առջեւ։ 6Եզրասն օրհնեց մեծազօր Տէր Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդն ասաց՝ Ամէն։ Նրանք բարձրացրին իրենց ձեռքերը, իսկ երեսները մինչեւ գետին խոնարհելով՝ երկրպագեցին Տէր Աստծուն։ 7Յեսուսը, Բանեասն ու Սարարիասը օրէնքները բացատրում էին ժողովրդին, եւ ժողովուրդը կանգնած էր ըստ մարդկանց կարգի։ 9Նէեմին, որ նոյն Աթերսասթան է, Եզրաս քահանան՝ մեկիչը, եւ ղեւտացիները, որ բացատրում էին բազմութեանը, 10ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը մեր Տէր Աստծու սուրբ օրն է, մի՛ սգացէք եւ մի՛ լացէք»։ Արդարեւ, երբ ժողովուրդը լսում էր օրէնքների խօսքերը, լաց էր լինում։ Նրանց ասացին. «Գնացէ՛ք իւղալի ճաշեր կերէ՛ք, քաղցր խմիչքներ խմեցէ՛ք, եւ մի բաժին էլ ուղարկեցէ՛ք նրանց, ովքեր չունեն, որովհետեւ սա մեր Տէր Աստծու սուրբ օրն է։ Արդ, զօրացէ՛ք եւ տխուր մի՛ դարձրէք այս օրը։

11Իսկ ղեւտացիները լռեցնում էին ժողովրդին ու ասում. «Լո՛ւռ եղէք եւ մի՛ տրտմէ՛ք, որովհետեւ սա սուրբ օր է»։ 12Ժողովուրդը գնաց ուտելու եւ ըմպելու, եւ մի բաժին էլ ուղարկեցին նրանց, ովքեր չունէին։ Նրանք մեծապէս ուրախ էին, որովհետեւ հասկացան օրէնքների խօսքերը՝ որ Եզրասը կարդաց նրանց համար։

13Երկրորդ օրը օրէնքների մեկնիչ Եզրասի մօտ հաւաքուեցին ամբողջ ժողովրդի իշխանները, տոհմապետները, քահանաներն ու ղեւտացիները, որպէսզի նրանից իմանան եւ սովորեն օրէնքների բոլոր խօսքերը։ 14Եւ օրէնքների մէջ գտան, որ գրուած էր, թէ Տէր հրամայել էր Մովսէսին, որ իսրայէլացիներին արժան է եօթներորդ ամսի տօնին բնակուել տաղաւարների մէջ 15եւ այդ մասին փողեր փչելով ազդարարել իրենց բոլոր քաղաքներում ու Երուսաղէմում։ Այդ ժամանակ Եզրասն ասաց. «Ելէ՛ք լեռը եւ բերէ՛ք ձիթենիների, սօսի ծառերի, մրտենիների, խնկենիների, արմաւենիների եւ այլ ծառերի տերեւախիտ ճիւղեր եւ, ըստ գրուածի, ձեզ համար տաղաւարներ շինեցէ՛ք»։ 16Ժողովրդի մարդիկ ելան, ճիւղեր բերին եւ իրենց համար տաղաւարներ շինեցին, մէկը՝ իր տան տանիքին, մէկը՝ իր տան բակում, ոմանք էլ՝ Աստծու Տան գաւթում ու քաղաքի հրապարակներում, մինչեւ Եփրեմի դարպասները։ 17Գերութիւնից վերադարձած ամբողջ ժողովուրդը տաղաւարներ շինեց ու նստեց տաղաւարների մէջ, որովհետեւ Նաւէի որդի Յեսուի օրերից մինչեւ այն օրը իսրայէլացիները երբեւէ այդպիսի մեծ ուրախութիւն չէին արել։ 18Եւ Եզրասն օր-օրի, առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը, կարդում էր օրէնքների գիրքը։ Նրանք եօթն օր տօն կատարեցին եւ ութերորդ օրը, ըստ օրէնքի, աւարտեցին այն։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն