Միքիա մարգարեյի գիրք
6
ՏԻՐՈՋ ԴԱՏԸ ԻՍՐԱՅԷԼԻ ԴԷՄ
1Լսեցէ՛ք, ինչ որ ասաց Տէրը. Ե՛լ եւ դա՛տ արա լեռներում, եւ բլուրները թող լսեն քո ձայնը։
2Լսեցէ՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր եւ երկրի ընդերք։ Ահա Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, Իսրայէլի հետ դէմ դիմաց կը կանգնի։
3«Ժողովո՛ւրդ իմ, ի՞նչ արեցի քեզ, ինչո՞վ տխրեցրի քեզ եւ կամ ինչո՞վ նեղեցի քեզ, պատասխա՛ն տուր ինձ 4այն բանի փոխարէն, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայութեան տնից եւ քեզ առաջնորդ ուղարկեցի Մովսէսին, Ահարոնին եւ Մարիամին։
5Ժողովո՛ւրդ իմ, յիշի՛ր, թէ ինչ մտածեց քո մասին մովաբացիների Բաղակ թագաւորը, եւ թէ ինչ պատասխան տուեց նրան Բէորի որդի Բաղաամը այս շրջաններից մինչեւ Գաղգաղա, որպէսզի յայտնի դառնայ Տիրոջ արդարութիւնը»։
6Ինչո՞վ փութամ Տիրոջ մօտ, ապաւինեմ իմ բարձրեալ Աստծուն, ընդառաջ գնամ նրան ողջակէզներով եւ մէկ տարեկան հորթերով։
7Տէրը կ’ընդունի՞ հազարաւոր խոյեր կամ բիւրաւոր պարարտ նոխազներ, տա՞մ իմ անդրանիկը ամբարշտութեան պատճառով եւ իմ որովայնի պտուղը՝ իմ անձնական մեղքերի համար։
8Պատմուե՞ց քեզ, ո՛վ մարդ, թէ ի՛նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տէրը. իրաւունք հաստատել, ողորմութիւն սիրել եւ պատրաստ լինել քո Տէր Աստծու յետեւից գնալու։
9Տիրոջ ձայնը քաղաքի վրայ կը հնչի եւ կը փրկի նրա անունից վախեցողներին։ «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կը լցնի քաղաքը, եթէ ոչ հուրը
10եւ անօրէն տունը, որ անօրէն գանձեր է գանձում հպարտութեամբ եւ անիրաւութեամբ։
11Եւ կը լինի՞, որ անօրէնը կշեռքով արդարանայ կամ խարդախուած կշռի պայուսակով։
12Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտութեամբ, նրա բնակիչները անիրաւ բաներ խօսեցին, եւ նրանց լեզուները գոռոզաբանեցին իրենց բերաններում։
13Ես քեզ ապականութեամբ հարուածեցի քո մեղքերի համար։
14Դու կ’ուտես եւ չես յագենայ. ես մերժեցի քեզ. կը բռնուես եւ չես փրկուի, եւ նրանք, որ երբեմն փրկուեցին, սրի կը մատնուեն։
15Դու կը սերմանես, բայց չես հնձի, դու ձէթ կը քամես, բայց չես օծուի իւղով, խաղող կը ճմռես, բայց գինի չես խմի։
16Կ’ապականուեն իմ ժողովրդի անօրէնները եւ Աքաաբի տան բոլոր գործերը, դուք էլ շարժուեցէ՛ք ըստ նրա խորհուրդների, որովհետեւ ձեզ ապականութեան պիտի մատնեմ, քո բնակիչներին պիտի դարձնեմ սուլոցի արժանի, եւ դուք ժողովուրդների նախատինքը պիտի ստանաք»։