Միքիա մարգարեյի գիրք
5
1Արդ, դուստրը պիտի ցանկապատուի, քանի որ նեղութիւն բերեց ձեզ վրայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի ազգի ծնօտներին։
ՏԷՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՓՐԿԻՉ ԲԵԹՂԵՀԷՄԻՑ
2«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամա՛րդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայէլի մի իշխան, եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»։
3Այդ պատճառով Տէրը նրանց կը թողնի մինչեւ ծննդկանի ժամանակը. նա կը ծնի, եւ նրա մնացած եղբայրները կը վերադառնան իսրայէլացիների մօտ։
4Նա կը կանգնի, կը տեսնի եւ կը հովուի իր հօտը Տիրոջ զօրութեամբ, եւ նրանք կը հաստատուեն իրենց Տէր Աստծու անուան փառքի մէջ, քանի որ այժմուանից նրա հզօրութիւնը պիտի տարածուի մինչեւ երկրի ծագերը։
5Եւ խաղաղութիւն կը լինի նրանով։ Երբ ասորեստանցիները գան ձեր երկիրը, եւ երբ նրանք հասնեն ձեր աշխարհը, Տէրը կը բարձրացնի նրանց դէմ եօթը հովիւ եւ ութ ղեկավար մարդիկ։
6Նրանք կը հովուեն Ասորեստանը սրով եւ Նեբրոթի երկիրը, իր պարիսպների մէջ. նա կը փրկի քեզ Ասորեստանից, երբ գայ ձեր երկիրը եւ երբ յարձակուի ձեր սահմանների վրայ։
ԻՍՐԱՅԷԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՑԸ ԱԶԳԵՐԻ ՄԷՋ
7Յակոբի սերնդի մնացորդացը հեթանոս բազում ազգերի մէջ կը լինի ինչպէս Տիրոջից եկած ցօղ եւ ինչպէս գառները խոտի վրայ, որպէսզի չհաւաքուի առանձին-առանձին եւ չմնայ մարդկանց որդիների մէջ։
8Յակոբի մնացորդները կը լինեն բազում ազգերի մէջ, ինչպէս առիւծը կենդանիների մէջ՝ անտառում, եւ ինչպէս առիւծի կորիւնը ոչխարների հօտի մէջ, որը եթէ անցնի, կը զատի եւ կը յափշտակի, եւ ոչ ոք չի լինի, որ յետ պահի նրան։
9«Քո ձեռքը թող բարձրանայ քեզ նեղողների վրայ, եւ քո բոլոր թշնամիները թող սատակեն։
10Այդ օրը, - ասում է Տէրը, - կը սատկեցնեմ քո ձիերը քո միջից եւ կորստի կը մատնեմ քո կառքերը.
11կը կործանեմ քո երկրի քաղաքները, կը վերացնեմ քո բոլոր ամրոցները, կը խլեմ քո բոլոր կախարդութիւնները քո ձեռքից, եւ այլեւս գուշակներ չեն լինի քո մէջ։
12Կը ջնջեմ քո քանդակներն ու քո արձանները, եւ այլեւս չես երկրպագի քո ձեռակերտներին։
13Կը կոտորեմ անտառները քո միջից եւ կ’ապականեմ քո քաղաքները։
14Բարկութեամբ ու ջղայնութեամբ վրէժ կը լուծեմ ազգերից, քանի որ նրանք չլսեցին ինձ»։