Միքիա մարգարեյի գիրք

1

ՄԻՔԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

1Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների ժամանակ Մորստացի Միքիային հասաւ Տիրոջ պատգամը, որ յայտնուեց նրան Սամարիայի եւ Երուսաղէմի մասին։

ԱՍՏՈՒԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

2Լսեցէ՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, եւ թող երկիրն ու նրա բոլոր բնակիչները ունկնդրեն։ Տէր Աստուածը թող լինի ձեր մէջ վկայութեան համար, Տէրը՝ իր սուրբ տնից։

3Ահա նա առաջ կը շարժուի իր տեղից, կ’իջնի եւ կը հասնի երկրի բարձունքների վրայ։

4Լեռները կը շարժուեն նրա ոտքերի տակ, ձորերը կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի առաջ, եւ ինչպէս զառիվայր հոսող ջուրը։

5Այդ բոլորը Յակոբի ամբարշտութեան պատճառով է եւ Իսրայէլի տան մեղքերի համար։ Իսկ արդ, ո՞վ է պատճառը Յակոբի ամբարշտութեան, ո՞չ Սամարիան, եւ ո՞վ է Յուդայի տան մեղքի պատճառը, եթէ ոչ Երուսաղէմը։

6Ես Սամարիան կը դարձնեմ ագարակի մրգապահների տաղաւար, այգի հսկելու տեղ, խորխորատ կը նետեմ նրա քարերը եւ կը մերկացնեմ նրա հիմքերը։

7Նրա բոլոր քանդակները կը կոտորեն, նրա բոլոր արձանները կրակով կ’այրեն. ես կ’ապականեմ նրա բոլոր կուռքերը, քանի որ նա պոռնկութեան վարձից ժողովեց եւ պոռնկութեան վճարից հաւաքեց դրանք։

ԴԺԲԱԽՏՈՒԹԻՒՆ Է ՀԱՍՆՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ

8Այդ պատճառով նա լաց ու կոծ կ’անի եւ կ’ողբայ, մերկ ու բոբիկ կը քայլի, վիշապների պէս ողբ ու կոծ կ’անի եւ կը սգայ ինչպէս յաւերժահարսերի դուստրերը,

9քանի որ սաստկացան նրա հարուածները, քանի որ մինչեւ Յուդայի հասան դրանք, մօտեցան մինչեւ իմ ժողովրդի դռները եւ ։

10Դուք, որ Գէթում էք, մի՛ գոռոզաբանէք, եւ դուք, որ Ակկարիմում էք, մի՛ նորոգէք տան խայտառակութիւնը. ձեր խայտառակութեան պատճառով հո՛ղը ձեր գլխին։

11Բարութեամբ բնակուողը չելա՞ւ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, ողբացէ՛ք նրան մօտիկ գտնուող տան վրայ, նա կը վերացնի ձեզնից ցաւի հարուածները։

12Ո՞վ սկսեց բարիք անել ցաւի մէջ բնակուողին, քանի որ Տիրոջ կողմից չարիք իջաւ Երուսաղէմի դռների վրայ։

13Կառքերի շաչիւն ու երիվարների դղրդիւն թող լինի, Լաքիսի՛ բնակիչներ, նա է Սիոնի դուստրերի մեղքերի սկիզբը, քանի որ քո մէջ կատարուեցին Իսրայէլի ամբարշտութիւնները։

14Այդ պատճառով Գէթի տոհմից արձակուածներին կը տայ դատարկ տներ, որոնք Իսրայէլի թագաւորների համար ունայնութիւն դարձան։

15Լաքիսի բնակիչները ժառանգութիւն կը բերեն մինչեւ քո ժառանգորդները, մինչեւ Ոդողամ կը հասնի Սիոնի դստեր փառքը։

16Ածիլուի՛ր եւ կտրի՛ր մազերդ քո սիրասուն որդիների համար, գնտի՛ր քո գլուխը արծուի , քանի որ նրանք գերի տարուեցին քեզանից հեռու։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն