Ավետարան ըստ Մատթէոսի
12
ՇԱԲԱԹ ՕՐՈՎ ՊՈԿՈՒԱԾ ՀԱՍԿԵՐ
(, )
1Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ 2Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»։ 3Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին։ 4Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար։ 5Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են։ 6Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ։ 7Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. 8ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»։
ՉՈՐԱՑԱԾ ՁԵՌՔԻ ԲԺՇԿՈՒՄԸ
(, )
9Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը։ 10Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր։ Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն։ 11Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն։ 12Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»։ 13Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը։ 14Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան։ 15Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց։ Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց։ 16Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, 17որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով.
18«Ահա իմ ծառան, որին ընտրեցի, եւ իմ սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի.
19նա ո՛չ պիտի հակառակի եւ ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում նրա ձայնը ոչ մէկը չպիտի լսի.
20ջախջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի.
21եւ նրա անուան վրայ հեթանոսները յոյս պիտի դնեն»։
ՅԻՍՈՒՍ ԵՒ ԲԷԵՂԶԵԲՈՒՂԸ
(, , )
22Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում։ 23Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Միթէ սա՞ է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»։ 24Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»։ 25Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. 26եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ։ 27Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները։ 28Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 29Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի։ 30Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»։
ՄԵՂՔ ԵՒ ՀԱՅՀՈՅԱՆՔ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԴԷՄ
31«Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի։ 32Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում։ 33Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում։ 34Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է։ 35Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ։ 36Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 37որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»։
ՆՇԱՆԻ ՀԱՅՑՈՒՄ
(, )
38Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»։ 39Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը. 40որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր։ 41Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ։ 42Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»։
ՊԻՂԾ ՈԳՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
()
43«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ 44Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած։ 45Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»։
ՅԻՍՈՒՍԻ ՄԱՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
(, )
46Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ։ 47Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»։ 48Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ 49Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. 50որովհետեւ, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»։