Ղևտացիների գիրք
6
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Ով մեղք գործի, ով արհամարհելով խախտի Տիրոջ պատուիրանները, ով իր մերձաւորին խաբի նրա տուած աւանդի, իրեն ի պահ տրուած կամ իր յափշտակած որեւէ իրի համար, կամ որեւէ վնաս հասցնի իր մերձաւորին եւ 3կամ կորած մի բան գտնի, բայց ուրանայ, որ գտել է, եւ դրա համար սուտ երդում տայ, այսինքն՝ անի այն ամէնը, 4որոնցով նա մեղք է գործած լինում, բայց գիտակցի, որ մեղանչել, յանցանք է գործել, նա պէտք է հատուցի իր կատարած յափշտակութեան համար, 5իր հասցրած վնասի համար, իրեն ի պահ տրուած աւանդը կորցնելու համար, կորած բանը գտնելը ուրանալու եւ սուտ երդում տալու համար։ Իր հասցրած ամէն մի վնաս նա պէտք է հատուցի ամբողջութեամբ, դրան աւելացրած նաեւ վնասուած իրի արժէքի մէկ հինգերորդը։ Նա տիրոջը թող հատուցի հէնց իր մեղքը գիտակցած օրը։ 6Իր գործած մեղքի համար նա Տիրոջը զոհ պէտք է մատուցի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, քանի որ մեղք գործեց։ 7Քահանան Տիրոջ առաջ քաւութիւն եւ թողութիւն թող տայ նրան այն մեղքերի համար, որ նա գործել է»։
ՈՂՋԱԿԻԶՈՒՄ
8Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Կարգադրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛. 9“Այս է ողջակէզի կարգը. զոհասեղանի վրայ այն պէտք է մնայ ամբողջ գիշեր՝ մինչեւ առաւօտ, եւ զոհասեղանի վրայ այրուող կրակը չպէտք է հանգի։ 10Քահանան կտաւէ պատմուճան պիտի հագնի եւ կտաւէ անդրավարտիք՝ իր մարմնի վրայ։ Կրակից առաջացած ողջակէզի ճարպամոխիրը նա պիտի վերցնի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մօտ։ 11Նա պիտի հանի իր պատմուճանը, պիտի հագնի մի այլ պատմուճան ու ողջակէզը պիտի տանի բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ։ 12Զոհասեղանի վրայ վառուող կրակը պիտի չհանգի։ Դրա համար քահանան առաւօտները դրա վրայ փայտ պիտի աւելացնի, դրա վրայ պիտի այրի ողջակէզները, իսկ դրանց վրայ էլ՝ փրկութեան զոհի ճարպը։ 13Կրակը միշտ պիտի վառուի զոհասեղանի վրայ ու երբեք չհանգի»։
ՀԱՑԻ ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒՄ
14«Այս է Տիրոջ առաջ, զոհասեղանի վրայ Ահարոնի որդիների՝ քահանաների զոհ մատուցելու կարգը. 15քահանան իբրեւ յիշատակ մի բուռ պիտի առնի նուիրաբերուող ընտիր ալիւրից՝ նրա վրայ դրուած իւղով ու կնդրուկով հանդերձ, եւ ընծան դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ 16Մնացած ալիւրը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Բաղարջը պիտի ուտուի մի սուրբ վայրում, այն պիտի ուտեն վկայութեան խորանի բակում։ 17Թթխմորով պիտի չեփուի այն. դա Տիրոջը մատուցուող ընծաների մի մասն է կազմում։ Դրանք սրբութիւնների սրբութիւն են։ Նոյն կերպ պէտք է վարուել մեղքերի ու յանցանքների զոհաբերումների դէպքում։ 18Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի ձեր սերունդների մէջ Տիրոջը մատուցուելիք նուիրաբերութեան յաւիտենական կարգը։ Եւ ինչ որ դիպչի դրանց, կը սրբանայ”»։
19Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 20«Այս է Ահարոնի եւ նրա որդիների ընծան, որ նրանց օծուելու օրը պիտի մատուցուի Տիրոջը։ Մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր՝ իբրեւ հանապազօրեայ հացի ընծայ. դրա կէսը՝ առաւօտեան, իսկ միւս կէսը՝ երեկոյեան։ 21Իւղով հունցելուց յետոյ տապակի մէջ պիտի պատրաստուի այն։ Դա կտրտուած, մաքուր վիճակում պիտի մատուցուի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ 22Այս բանը պիտի կատարի այն քահանան, որն Ահարոնի որդիներից է եւ օծուել է նրա փոխարէն։ Տիրոջ հաստատած այս յաւիտենական օրէնքը պէտք է կատարուի ամբողջութեամբ։ 23Քահանայի բոլոր զոհաբերութիւնները ողջակէզ պէտք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտուի»։
ԹՈՂՈՒԹԵԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ
24Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 25«Դիմի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛. “Մեղքերի թողութեան համար զոհ մատուցելու կարգը այս է. մեղքերի թողութեան համար Տիրոջ առաջ մորթուելիք անասունները պէտք է մորթուեն այնտեղ, որտեղ ողջակիզուող անասուններն են մորթում։ Դա սրբութիւնների սրբութիւն է։ 26Զոհ մատուցող քահանան դրանից պէտք է ուտի։ Թող նա ուտի սուրբ վայրում՝ վկայութեան խորանի բակում։ 27Ով որ ձեռք տայ դրա մսին, կը սրբանայ, եւ ում զգեստի վրայ ցանեն դրա արիւնից, նա պէտք է լուացուի սուրբ վայրում։ 28Կաւէ այն անօթը, որի մէջ կ’եփուի միսը, պէտք է ջարդել, իսկ եթէ պղնձէ անօթի մէջ եփուի, պէտք է այն քերել ու ջրով ողողել։ 29Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող սրբութիւնների սրբութիւն է։ 30Այն ամէնը, ինչ զոհ է մատուցւում մեղքերի քաւութեան համար, նոյնպէս անասունների արիւնը, որ վկայութեան խորան է բերւում, չպէտք է ուտուի, այլ կրակով պէտք է այրուի»։