Ղևտացիների գիրք
5
ԶՈՀԱԲԵՐՈՒՄՆԵՐ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1«Յանցաւոր է այն մարդը, որ լսում է մէկի երդումը, վկայ է լինում դրան, տեսնում է դա կամ դրան տեղեակ է լինում եւ այդ մասին չի յայտնում։ Այդ մարդը մեղքի տակ է ընկնում։ 2Նա, ով կը դիպչի պիղծ իրերի կամ դիակի կամ գազանից յօշոտուած կենդանու կամ մի պիղծ բանի կամ անասունների ու պիղծ սողունների դիակների, թէկուզեւ չանդրադառնալով դրան, ինքն էլ պղծուած ու մեղանչած է լինում։ 3Եթէ մէկը դիպչի մի մարդու պղծութեան կամ նրա բազում պղծութիւններին, որոնց դիպչելիս մարդ կեղտոտւում է, եւ եթէ նա մոռանայ, իսկ յետոյ յիշի այդ, ուրեմն նա մեղանչած է լինում։ 4Նա, ով խոստանայ չար կամ բարի գործ կատարել եւ այդ խոստումը հաստատի երդմամբ, եւ եթէ նա մոռանայ, իսկ յետոյ յիշի այդ, միեւնոյն է, նա մեղանչած է լինում։ 5Նա պէտք է խոստովանի իր մեղքերին։ 6Տիրոջ նկատմամբ կատարած իր յանցանքների ու գործած մեղքերի համար նա հօտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող զոհ մատուցի։ Քահանան դրանով քաւութիւն պիտի տայ նրա մեղքերին, եւ նա թողութիւն պիտի ստանայ։
7Իսկ եթէ կարողութիւն չունի ոչխար զոհ մատուցելու, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղաւնիների երկու ձագ թող զոհ մատուցի. մէկը մեղքերի թողութեան համար, միւսը՝ որպէս ողջակէզ։ 8Նա դրանք թող բերի քահանայի մօտ։ Քահանան նախ թող ներս տանի այն, որ մեղքերի քաւութեան համար է, գլուխը պոկի, բայց մարմնից չանջատի։ 9Նա զոհասեղանի պատի վրայ թող շաղ տայ մեղքերի համար զոհ մատուցուածի արեան մի մասը, իսկ մնացած արիւնը թող թափի զոհասեղանի յատակին, քանի որ դա մեղքերի քաւութեան համար է։ 10Երկրորդ թռչունը թող ողջակէզ անի, ինչպէս որ կարգն է։ Այդպէս քահանան քաւութիւն կը տայ նրա գործած մեղքերին, եւ նա թողութիւն կը ստանայ։
11Եթէ նա ի վիճակի չէ զոյգ տատրակներ կամ աղաւնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի թողութեան համար որպէս զոհ թող նուիրաբերի մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ Դրա վրայ թող իւղ չլցնի, դրա վրայ կնդրուկ թող չդնի, քանի որ դա մեղքերի թողութեան համար է։ 12Նա այն թող տանի քահանայի մօտ, եւ քահանան դրանից մի բուռ վերցնելով իբրեւ յիշատակի բաժին՝ թող դնի Տիրոջ ողջակէզների զոհասեղանին, քանի որ դա մեղքերի թողութեան համար է։ 13Այդպէս քահանան քաւութիւն կը տայ նրա գործած մեղքին, եւ նա թողութիւն կը ստանայ։ Մնացեալը թող պատկանի քահանային, ինչպէս որ ընտիր ալիւրի նուիրաբերութեան դէպքում էր”»։
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ
14Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 15«Նա, ով կը սխալուի ու Տիրոջ սրբութիւնների հանդէպ ակամայ մեղք կը գործի, իր յանցանքի համար թող Տիրոջը մատուցի իր հօտից ոչ արատաւոր մի խոյ վկայութեան խորանում գործածուող յիսուն արծաթ սիկղ արժողութեամբ։ 16Նա թող հատուցի սրբութիւններին հասցրած վնասները, դրան աւելացրած նաեւ սրբազան իրերի արժէքի մէկ հինգերորդ մասը, եւ տայ քահանային։ Քահանան յանցանքի թողութեան համար զոհաբերուած խոյով թող քաւութիւն տայ նրա յանցանքին եւ թողութիւն՝ նրան։
17Նա, ով մեղանչում է ու խախտում Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անում է մի բան, որ չպէտք է անէր, բայց չիմանալով գործում է այդ մեղքը, ուրեմն մեղաւոր է։ 18Իր յանցանքի թողութեան համար իր հօտից նա քահանայի մօտ թող բերի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, որով քահանան քաւութիւն պիտի տայ անգիտակցաբար նրա գործած մեղքին, եւ նա թողութիւն պիտի ստանայ, քանի որ նա 19յանցանք էր գործել Տիրոջ հանդէպ»։