Երեմիայի մարգարեյի ողբերը
1
1Իսրայէլի գերութիւնից եւ Երուսաղէմի աւերածութիւնից յետոյ էր, երբ Երեմիան նստել լաց էր լինում եւ այս ողբերն ասում Երուսաղէմի վրայ. Ինչպէ՜ս զատուեց ու նստեց մենաւորիկ՝ քաղաքը բազմամարդ, տրտմութեամբ լցուած որբեւայրի մի կին դարձաւ հեթանոսների մէջ. երկրի իշխանը հարկատու դարձաւ։ 2Նա գիշերը դառնօրէն լաց եղաւ. արցունքներ կան նրա ծնօտներին։ Այդ օրը նրա սիրելիների մէջ չգտնուեց մէկը, որ մխիթարիչ լինէր նրան. բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու դարձան թշնամիներ։ 3Յուդայի երկիրը մատնուեց գերութեան, բազում տառապանքների, նեղութեան, ստրկութեան ու ծառայութեան. նա նստեց հեթանոսների մէջ եւ հանգիստ չգտաւ. թշնամական պաշարման մէջ՝ բոլոր հալածիչները նրա վրայ հասան։ 4Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետեւ նրա տարեկան տօներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կոյսերը գերեվարուեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։ 5Նրան նեղողները՝ կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախութեան մէջ են, քանի որ Տէրը խոնարհեցրեց նրան ծանր ամբարշտութեան համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշուեցին։ 6Սիոնի դուստրերի ամբողջ վայելչութիւնը վերացաւ. նրանց իշխանները նմանուեցին այն խոյերին, որոնք կեր չեն գտնում. նրանք իրենց այնքան ցանկալի իրերը տուեցին կերակուրների համար, որպէսզի յագեցնեն իրենց մարմինները։ Գնում էին նրանք մտամոլոր, նեղողների առաջն ընկած, հալածիչներից քշուած։ 7Երուսաղէմը յիշեց իր տառապանքի օրը եւ օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկաւ, ոչ ոք չկար, որ օգնէր նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրի առան նրա գերութիւնը։ 8Մեղք գործեց Երուսաղէմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, եւ նա ինքն էլ, շրջուելով, հոգոց էր հանում։ 9Նրա պղծութիւնն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատօրէն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարէր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տէր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դէմ։ 10Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսայ հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։ 11Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտռում ու հառաչում. ամէն բան, ինչ թանկ էր նրան, ծախսեց հացի համար, որպէսզի պահի ինքն իրեն։ Նայի՛ր, ո՛վ Տէր, եւ տե՛ս, որ ես դարձայ անարգուած ու արհամարհուած։ 12Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, յե՛տ դարձէք, նայեցէ՛ք, տեսէ՛ք՝ ինձ հասած ցաւերի նման ցաւեր եղե՞լ են արդեօք. Տէրը ձայնը բարձրացրեց ինձ վրայ եւ իր բարկութեան ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։ 13Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին եւ ինձ յետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրեայ տառապանքի ու տրտմութեան մէջ։ 14Տէրը կանխաւ ասաց ինձ իմ ամբարշտութեան մասին, իր ձեռքը գցեց եւ իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զօրութիւնը տկարացաւ։ Տէրն ինձ մատնեց իմ ցաւերին, ու ես չեմ կարողանում հանդարտուել։ 15Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զօրաւորներին, իմ ընտրեալների կոտորածի ժամն ազդարարեց.Տէրը, ինչպէս հնձանում, ճզմեց կոյսին՝ Յուդայի երկրի դստերը։ 16Ահա թէ ինչու ես ինձ տուել եմ լացի։ Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին եւ իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռու են ինձնից։ Իմ որդիները մատնուեցին կործանման, որովհետեւ թշնամիներս զօրացան։ 17Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստուած, բայց չկար ոչ ոք, որ մխիթարէր նրան։ Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մէջ Երուսաղէմը դարձաւ մի նողկալի կին։ 18Արդար է Տէր Աստուած, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսեցէ՛ք այս եւ տեսէ՛ք իմ ցաւերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշուեցին գերութեան։ 19Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք արհամարհեցին ինձ. իմ քահանաներն ու երէցներն այստեղ, քաղաքի մէջ, մեռան. կերակուր փնտռեցին, կենդանի մնալու համար, սակայն չգտնուեց։ 20Նայի՛ր, Տէ՛ր, ես նեղութեան մէջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մէջս տրորուեց, դառնացած եմ։ Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց, ինչպէս մահը՝ ներսից։ 21Լսեցէ՛ք, լսեցէ՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, եւ ոչ ոք չկայ, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրայ եկած չարիքների մասին եւ ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գայ ինձ վրայ։ 22Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ, եւ դու ճռաքա՛ղ արա նրանց այնպէս, ինչպէս ճռաքաղ արիր ինձ իմ բոլոր մեղքերի համար, քանզի անթիւ են իմ հառաչանքները, եւ սիրտն իմ լի է տրտմութեամբ։