Հեսույի գիրք

17

ՄԱՆԱՍԷ ՑԵՂԸ

1Մանասէի՝ Յովսէփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասէի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հօրը, որովհետեւ պատերազմող մարդ էր, բաժին հասաւ Գաղաադը Բասանաստանում։ 2Մանասէի միւս որդիներին, Աբիեզերի որդիներին, Քեղեկի որդիներին, Եսրիէլի որդիներին, Սիւքէմի որդիներին, Սեմիրայիի որդիներին, Օփերի որդիներին բաժին հասաւ ըստ իրենց տոհմերի։ Սրանք են Յովսէփի որդու՝ Մանասէի որդիները, արու զաւակներ ըստ իրենց տոհմերի։ 3Մանասէի որդու Մաքիրի որդու Գաղաադի որդու Օփերի որդի Սաղպաադը արու զաւակ չունէր, այլ միայն՝ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անունները սրանք են՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։ 4Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նաւէի որդի Յեսուի եւ իշխանների առաջ եւ ասացին. « Մովսէսի միջոցով պատուիրեց, որ մեզ ժառանգութիւն տրուի մեր հօրենական եղբայրների մէջ»։ Եւ Տիրոջ հրամանով նրանց ժառանգութիւն տրուեց իրենց հօրենական եղբայրների մէջ։ 5Մանասէին բաժին ընկան Ղաբեկի դաշտը եւ Գաղաադն ու Բասանը, որ Յորդանան գետի այն կողմում են, 6որովհետեւ Մանասէի որդիների դուստրերը ժառանգութիւն ստացան իրենց եղբայրների մէջ, ուստի Գաղաադ երկիրը Մանասէի միւս որդիներինը եղաւ։

7Մանասէի որդիների սահմանները գնում են Սիւքէմի դիմացը գտնուող Ասերմաքթոթից մինչեւ Յամին եւ Ասեբ՝ Թափթոթայի աղբիւրը։ 8Թափթոթայի երկիրը Մանասէինը եղաւ, իսկ Մանասէի սահմանների վրայ գտնուող Թափթոթա քաղաքը՝ Եփրեմի որդիներինը։ 9Սահմանները հարաւային կողմից իջնում են Կանայի ձորը, Յայիրի ձորի դիմաց. եւ Եփրեմի բեւեկնի ծառը ընկնում է Մանասէի քաղաքի մէջ։ Մանասէի սահմանը հիւսիսից գնում է մինչեւ հեղեղատը եւ վերջանում է ծովում։ 10Հարաւային կողմը Եփրեմինն է, իսկ հիւսիսային կողմը՝ Մանասէինը, եւ նրանց սահմանը ծովն է։ Հիւսիսային կողմից նրանք յարում են Ասերին, իսկ արեւելեան կողմից՝ Իսաքարին։ 11Իսաքարի եւ Ասերի միջեւ Մանասէինը եղան Բեթսանն ու նրա աւանները, Ամբղանն ու նրա աւանները, Ենդորի բնակիչներն ու նրա աւանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա աւանները, Տանաքի բնակիչներն ու նրա աւանները, Նափեթի երրորդ մասն ու նրա աւանները։ 12Մանասէի որդիները չկարողացան բնաջնջել այս քաղաքները եւ քանանացիները շարունակեցին բնակուել այդ երկրում։ 13Եւ երբ իսրայէլացիները զօրացան, նրանք հնազանդեցրին քանանացիներին, բայց ամբողջովին չբնաջնջեցին նրանց։

ՅՈՎՍԷՓԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ

14Յովսէփի որդիներն ընդդիմացան Յեսուին եւ ասացին. «Ինչո՞ւ համար մեզ մէկ բաժին ժառանգութիւն եւ մէկ կալուածք տուիր։ Մենք բազմամարդ ենք, եւ Աստուած մեզ օրհնել է»։ 15Յեսուն նրանց ասաց. «Եթէ դուք բազմամարդ էք, գնացէ՛ք անտառ, ձեզ համար տե՛ղ մաքրեցէք Փերեզացիների ու Ռափայինների երկրում, եթէ ձեզ համար նեղ է Եփրեմի լեռը»։ 16Յովսէփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բաւական չէ. այնտեղ, մեր երկրում՝ Բեթսանում, նրա աւաններում եւ Յեզրայէլի ձորում մեզ հետ բնակուող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու ունեն»։ 17Յեսուն խօսեց Յովսէփի որդիների՝ Եփրեմի եւ Մանասէի հետ եւ ասաց. «Դուք բազմամարդ էք եւ շատ զօրութիւն ունէք, թող ձեզ մէկ կալուածք չլինի, 18անտառը ձերը լինի։ Անտառ է, կը մաքրէք այն, մինչեւ ծայրը այն ձերը կը լինի, երբ բնաջնջէք քանանացիներին. թէպէտ նրանք ընտիր երիվարներ ունեն եւ ձեզանից ուժեղ են, բայց դուք կը յաղթէք նրանց»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն