Հովնան մարգարեյի գիրք
3
ՅՈՎՆԱՆԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է ՆԻՆՈՒԷՈՒՄ
1Եւ Տէրը երկրորդ անգամ խօսեց Յովնանի հետ եւ ասաց. 2«Ելի՛ր, գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ այնտեղ քարոզի՛ր ըստ նախկին պատգամի, որ տուեցի քեզ»։ 3Յովնանը ելաւ ու գնաց Նինուէ, ինչպէս Տէրն ասել էր նրան։ Նինուէն շատ մեծ քաղաք էր՝ երեքօրեայ ճանապարհի չափ։ 4Յովնանն սկսեց մուտք գործել քաղաք։ Երբ մի օրուայ ճանապարհ անցաւ, քարոզեց եւ ասաց. «Եւս երեք օր, եւ Նինուէն պիտի կործանուի»։
5Նինուէացի մարդիկ հաւատացին Աստծու պատգամին, պահեցողութիւն յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան։ 6Լուրը հասաւ նինուէացիների թագաւորին։ Սա ելաւ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վրայ։ 7Թագաւորի ու նրա մեծամեծների կողմից Նինուէում յայտարարուեց ու ազդարարուեց, թէ մարդ եւ անասուն, հօտ եւ արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն եւ ջուր չխմեն։ 8Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրէնութիւններից, որ իրենց ձեռքով էր կատարւում, եւ ասացին. 9«Ով գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք»։ 10Եւ Աստուած տեսաւ նրանց գործերը, քանի որ բոլորը յետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից. Աստուած զղջաց այն չարիքների համար, որ ասել էր, թէ կ’անի նրանց. եւ չարեց։