Հոբի գիրք

32

ԵՂԻՈՒՍԻ ԽՕՍՔԸ

(32։1- 37։24)

1Յոբը դադարեց խօսելուց։ Այնուհետեւ նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու չխօսեցին Յոբի դէմ, որովհետեւ Յոբն արդար էր նրանց աչքին։ 2Բարկացաւ Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին, Օստացիների աշխարհից, Արամի արենակիցներից. սաստիկ զայրացաւ Յոբի վրայ, քանի որ սա իրեն արդար էր ցոյց տալիս Տիրոջ առաջ։ 3Նա սաստիկ բարկացաւ նաեւ նրա երեք բարեկամների վրայ, քանի որ Յոբի պատասխանը չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը ցոյց չէին տուել։ 4Սակայն Եղիուսը յապաղեց Յոբի պատասխանը տալու, քանի որ միւսներն իրենից աւելի տարեց էին։ 5Տեսաւ Եղիուսը, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկայ, ու նրա բարկութիւնը բորբոքուեց։

6Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին նորից խօսեց ու ասաց. «Ես երիտասարդ եմ տարիքով, իսկ դուք՝ աւելի երէց։ Դրա համար ես լուռ եմ մնացել՝ վախենալով ինքս իմ իմաստութիւնն յայտնելուց։

7Ասացի, թէ շատ տարեց մարդիկ են նրանք, որ խօսում են, ու տարիներից ի վեր ճանաչել են իմաստութիւնը։

8Սակայն այդպէս էլ չէ. մարդիկ ունեն. Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է դրանք։

9Միայն տարեց մարդիկ չէ, որ իմաստուն են, ոչ էլ ծերերն են միայն, որ ճշմարիտը գիտեն։

10Դրա համար էլ ասացի. “ Լսեցէ՛ք ինձ, ու ես կը յայտնեմ ձեզ, ինչ որ գիտեմ, ակա՛նջ դրէք իմ խօսքերին.

11կ’ասեմ ի լուր ամենքիդ, մինչեւ որ քննէք խօսքերս, թէ ձեր չափ բան գիտեմ”։

12Ահա ձեր մէջ ոչ ոք չկար, որ յանդիմանէր Յոբին, նրա խօսքերի պատասխանը տար։

13Չլինի, թէ ասէք՝ Տիրոջ իմաստութեանը բան ենք աւելացրել։

14Դուք էք մի մարդու համարձակութիւն տուել այսպիսի խօսքեր ասելու»։

15Զարհուրեցին ու պատասխան չտուին այլեւս։ Բառերը պակասեցին նրանց։

16Համբերեցին ու չխօսեցին, որովհետեւ մնացին առանց պատասխանի։

17Եղիուսը նորից խօսեց ու ասաց.

18«Դարձեալ խօսելու եմ, որովհետեւ լեցուն եմ խօսքերով, որովհետեւ շունչս իմ ներսում ինձ սպանում է,

19որովայնս տիկի մէջ դրուած ու կապուած նոր գինու պէս եռում է, կամ դարբինների փուքսի պէս ուռել է։

20Շրթներս բաց անելով՝ խօսելու եմ, որ հանգստանամ.

21ոչ մէկից չեմ ամաչելու, մարդկանցից էլ չեմ պատկառելու,

22քանզի երեսպաշտութիւն անել չգիտեմ, այլապէս ցեցն ինձ կ’ուտի»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն