Երեմիա մարգարեյի գիրք
9
ՍՈՒՏԸ ԻՇԽՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՎՐԱՅ
1Ո՞վ կը տար իմ գլխին ջուր եւ իմ աչքերին՝ արտասուքի աղբիւրներ, որ ես զօր ու գիշեր ողբայի այս ժողովրդին եւ իմ ժողովրդի դստեր վիրաւորներին։
2Ո՞վ կը տար ինձ անապատում մի խղճուկ օթեւան, որ ես թողնէի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են եւ անարգների բազմութիւն։
3«Նրանք լարեցին իրենց լեզուներն ինչպէս աղեղ. ստութի՛ւնը եւ ոչ թէ հաւատքը զօրացաւ երկրի վրայ, որովհետեւ նրանք չարութիւնից չարութիւն գնացին եւ ինձ չճանաչեցին, - ասում է Տէրը։
4Իւրաքանչիւրդ ձեր ընկերոջից զգո՛յշ եղէք եւ յոյս մի՛ դրէք ձեր եղբայրների վրայ, որովհետեւ ամէն եղբայր խաբելով խաբում է, եւ ամէն բարեկամ ընթանում է նենգութեամբ։
5Իւրաքանչիւրն այպանում է իր բարեկամին, ճշմարտութիւն չեն խօսում. նրանց լեզուն սովորեց սուտ խօսել։
6Նրանք զրկանքներ են պարգեւել եւ չեն դադարել կուտակելուց վաշխ վաշխի վրայ եւ նենգութիւն նենգութեան վրայ. նրանք չկամեցան ճանաչել ինձ», - ասում է Տէրը։
7Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց եւ պիտի փորձեմ նրանց, որովհետեւ չարութիւնների պատճառով ուրիշ ինչպէ՞ս վարուեմ իմ ժողովրդի դստեր հետ։
8Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են։ Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն։
9Միթէ սրանց համար չե՞մ պատժելու նրանց, - ասում է Տէրը, - կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չե՞մ լինելու։
10Կոծեցէ՛ք լեռների վրայ եւ ձա՛յն բարձրացրէք անապատի բլուրների վրայ, ողբացէ՛ք, որովհետեւ անցորդ մարդկանց բացակայութեան պատճառով դրանք ամայացան եւ չեն լսում անասունների ձայները։ Երկնային թռչուններից մինչեւ անասունները բոլորը ցրուեցին ու գնացին։
11Երուսաղէմը գերութեան եմ մատնելու եւ այն տալու եմ վիշապներին բնակութեան համար, իսկ Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան եմ ենթարկելու, այնպէս որ բնակիչներ չլինեն»։
12Ով իմաստուն այր է, թող հասկանայ այս բանը, եւ ում տրուած է Տիրոջ բերանի խօսքը, թող նա մեզ պատմի, թէ ինչի՛ համար կորստեան դատապարտուեց երկիրը։ Լքուեց ինչպէս անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։
13Եւ Տէրն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ օրէնքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, եւ ականջ չդրեցին իմ ձայնին, 14հետեւեցին իրենց չար սրտերի հաճոյքներին ու այն կուռքերին, որոնց հետեւել սովորեցրին իրենց հայրերը, 15դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ այդ ժողովրդին կերակրելու եմ վտանգով եւ խմեցնելու եմ դառնութեան ջուր։ 16Դրանց ցրելու եմ այն ազգերի մէջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը եւ ո՛չ էլ իրենք։ Դրանց վրայ սուր եմ արձակելու, մինչեւ որ սրով կոտորեմ դրանց», - ասում է Զօրութիւնների Տէրը։
ԿՈՉ ԵՂԵՐԱՄԱՅՐԵՐԻՆ
17Մտածեցէ՛ք եւ կանչեցէ՛ք լալական կանանց, որ գան, եւ մարդ ուղարկեցէք՝ կանչելու վարժ եղերամայրերի. թող նրանք գուժեն, 18թող ստիպեն, թող ողբան ձեզ վրայ։ Թող ձեր աչքերն արտասուք թափեն, իսկ ձեր արտեւանունքները ջուր հոսեցնեն։
19Սիոնում տարածուեց տխուր մի ձայն. «Ինչպէ՜ս թշուառացանք ու խիստ ամաչեցինք, որովհետեւ լքեցինք երկիրը, թողեցինք մեր բնակավայրերը»։
20Կանա՛յք, լսեցէ՛ք Տէր Աստծու պատգամները, եւ թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խօսքերը։ Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրէք, իսկ կինն իր ընկերոջը թող սովորեցնի ողբալ,
21քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար»։
22Այսպէս է ասում Տէրը. «Թող մարդկանց դիակները խայտառակութեան օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպէս խոտն է մնում հնձողից յետոյ, եւ չի լինի մէկը, որ այն հաւաքի»։
23Այսպէս է ասում Տէրը. «Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ, թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ,
24եւ թող մեծն իր մեծութեամբ չպարծենայ, այլ պարծեցողը թող այս բանով պարծենայ՝ իմանալ եւ ճանաչել ինձ, թէ ես եմ Տէր Աստուածը, որ երկրի վրայ իրաւ դատաստան, ողորմութիւն ու արդարութիւն եմ անում, որոնք հաճելի են ինձ, - ասում է Տէրը։
25Ահա գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝
26Եգիպտոսին եւ Յուդայի երկրին, եդոմացիներին ու ամոնացիներին, մովաբացիներին եւ երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին։ Եթէ բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, ապա Իսրայէլի ողջ տունն անթլփատ է իր սրտով»։