Երեմիա մարգարեյի գիրք

44

ԵՐԵՄԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

ՏԻՐՈՋ ԲԱՐԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

1Տէրը Երեմիայի միջոցով խօսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակւում էին Եգիպտացիների երկրում, գտնւում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում եւ Պաթուրէս երկրում, ու ասաց. 2այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Դուք ինքներդ գիտէք այն բոլոր չարիքները, որ բերեցի Երուսաղէմի վրայ եւ ամբողջ Հրէաստանի քաղաքների վրայ։ 3Ահա դրանք այսօր ամայի են բնակիչներից այն չարութիւնների պատճառով, որ նրանք կատարեցին ինձ դառնացնելու համար, քանզի գնացին ծխելու եւ պաշտելու օտար աստուածներին, որոնց դուք եւ ձեր հայրերը չէիք ճանաչում։ 4Ու ես միշտ էլ կանխաւ ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին եւ ասացի, թէ՝ “Մի՛ անէք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։ 5Բայց նրանք չլսեցին ինձ եւ չհնազանդուեցին, որ դարձի գան իրենց չարութիւններից, խունկ չծխեն օտար աստուածներին։ 6Եւ իմ բարկութիւնն ու զայրոյթը թափուեց ու բորբոքուեց Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի հրապարակներում, որոնք աւեր ու դարձան, ինչպէս այսօր են»։

7Արդ, այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի . «Ինչո՞ւ ձեր հոգիների առաջ մեծամեծ մեղքեր էք գործում, որ Յուդայի երկրի միջից ջնջէք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որեւէ մէկը չմնայ, 8ձեր ձեռքի գործերով ինձ դառնութիւն պատճառէք եւ Եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել էք բնակուելու, խնկարկէք օտար աստուածներին, որ բնաջնջուէք եւ անէծքի ու նախատինքի առարկայ դառնաք աշխարհի բոլոր ազգերի մէջ, 9որովհետեւ դուք մոռացութեան չտուեցիք ձեր հայրերի չար գործերը, Յուդայի երկրի թագաւորների չարութիւնները, նրանց կանանց չարութիւնները, ձեր չարութիւնները եւ ձեր կանանց չարութիւնները, որ նրանք կատարեցին Յուդայի երկրում եւ Երուսաղէմի հրապարակներում։ 10Մինչեւ այսօր նրանք յետ չկանգնեցին, չվախեցան եւ ոչ էլ հաւատարիմ մնացին իմ օրէնքին ու պատուիրաններին, որ դրեցի ձեր աչքի առաջ եւ ձեր հայրերի աչքի առաջ»։

11Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահա ես իմ երեսը դարձնում եմ դէպի ձեզ՝ չարութեան համար, ոչնչացնելու համար ամբողջ Յուդայի երկիրը։ 12Պիտի առնեն Յուդայի երկրի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան Եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակուելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստեան մատնեն. պիտի սրի քաշուեն եւ սովից բնաջնջուեն, փոքրից մինչեւ մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնուեն նզովքի ու կորստեան, անէծքի ու նախատինքի։ 13Եւ նրանց, որ Եգիպտոսում են բնակւում, պիտի պատժեմ սրով, սովով ու մահով, ինչպէս պատժեցի Երուսաղէմին. 14եւ Յուդայի երկրի մնացորդներից, որոնք բնակւում են Եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկուի, որ վերադառնայ Յուդայի երկիրը, ուր նրանք վերադառնալու եւ այնտեղ բնակուելու յոյսն էին փայփայում իրենց հոգում։ Չպիտի վերադառնան, բացի միայն փրկուածներից»։

15Այն ժամանակ այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտէին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստուածներին, նաեւ այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմութիւնն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակւում էր Եգիպտացիների երկրում, Պաթուրէսում, պատասխան տուին Երեմիային եւ ասացին. 16«Մենք չենք լսի քո այդ խօսքը, որ Տիրոջ անունից ասացիր մեզ, 17բայց անպայման կը կատարենք ամէն բան, ինչ ելաւ մեր բերանից. խունկ կը ծխենք երկնքի թագուհուն, նրան նուէրներ կ’ընծայենք, ինչպէս արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագաւորներն ու մեր իշխանները Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմի հրապարակներում, երբ առատ էինք հացով, վայելքի մէջ էինք ու չարիք չէինք տեսնում։ 18Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց եւ նրան նուէրներ ընծայելուց, ամէն ինչի կարօտ մնացինք եւ սրով ու սովով կոտորուեցինք։ 19Երբ մենք, - աւելացրին կանայք, - երկնքի թագուհուն խունկ էինք ծխում եւ նրան նուէրներ ընծայում, ինչ է, առանց մեր ամուսինների իմացութեա՞ն էինք թխուածք ու կարկանդակներ պատրաստում կամ նուէրներ ընծայում նրան»։

20Ժողովրդի բոլոր զօրաւոր մարդկանց ու նրանց կանանց եւ ամբողջ ժողովրդին, որոնք իրեն այդպիսի պատասխան ասացին, Երեմիան պատասխանեց ու ասաց.

21«Արդեօք Տէրը չյիշե՞ց, նրա միտքը չընկա՞ւ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագաւորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմի հրապարակներում։ 22Ձեր չար արարքների եւ ձեր արած գարշելի գործերի պատճառով Տէրը չկարողացաւ համբերել, եւ ձեր երկիրը, բնակիչներից զրկուած, դարձաւ աւերակ ու անապատ եւ նզովքի առարկայ, ինչպէս այսօր է։ 23Այն բանի համար, որ դուք դրանց խնկարկում էք եւ դրանով իսկ մեղանչում Տիրոջ հանդէպ, չէք լսում Տիրոջ ձայնը եւ չէք ընթանում ըստ նրա օրէնքների, ըստ նրա ցուցումների եւ հրամանների, դրա համար էլ ձեզ վիճակուեցին այդ չարիքները, ինչպիսիք այսօր էլ կան»։

24Եւ Երեմիան ամբողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասաց. «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի բոլոր մարդիկ, որ գտնւում էք Եգիպտացիների երկրում. 25այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Դուք եւ ձեր կանայք ինչ որ ասացիք ձեր բերաններով, այն էլ արեցիք ձեր ձեռքերով. ասում էք թէ՝ “Մեր դաւանածը պիտի դաւանենք, խունկ պիտի ծխենք երկնքի թագուհուն եւ նուէրներ ընծայենք”։ Եւ դուք հաստատ մնացիք ձեր դաւանութեանը եւ ճշտօրէն կատարեցիք ձեր ուխտը։ 26Դրա համար էլ լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, Յուդայի երկրի բոլո՛ր մարդիկ, որ բնակւում էք Եգիպտացիների երկրում. «Ահա ես երդուեցի իմ մեծ հոգով, - ասում է Տէր Աստուած, - որ եթէ իմ անունը նորից հնչի Յուդայի երկրի որեւէ մարդու բերանից, եթէ ասեն, թէ՝ “Տէրը կենդանի է Եգիպտացիների այս ամբողջ երկրում”, 27ապա ես կը ծառանամ դրանց դէմ՝ դրանց չարչարելու եւ ոչ թէ բարութիւն անելու համար։ Եւ Յուդայի երկրի բոլոր մարդիկ, որ ապրում են Եգիպտացիների երկրում, պիտի կոտորուեն սրով ու սովով, մինչեւ որ նուազեն։ 28Իսկ սրից ազատուածները՝ սակաւաթիւ մարդիկ, Եգիպտացիների երկրից պիտի վերադառնան Յուդայի երկիրը։ Եւ Յուդայի երկրի բոլոր մնացորդները, որ բնակւում են Եգիպտացիների երկրում, պիտի իմանան, թէ ում խօսքն է հաստատուելու՝ ի՞մը, թէ՞ իրենցը։ 29Եւ սա թող ձեզ նշան լինի, - ասում է Տէրը, - որ այստեղ ես ձեզ պատժելու պիտի գամ, որպէսզի գիտենաք, որ իմ խօսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարուեն»։ 30Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես եգիպտացիների արքայ Վափառ փարաւոնին կը յանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպէս որ Սեդեկիա արքային տուեցի իր թշնամու եւ իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն