Երեմիա մարգարեյի գիրք

33

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՄԱՐ

1 երկրորդ անգամ իր խօսքն ուղղեց Երեմիային, որ տակաւին փակուած էր բանտի սրահում, եւ ասաց. 2այսպէս է ասում Տէրը, որ արարեց երկիրը, ստեղծեց եւ հաստատեց այն. Տէր է նրա անունը։

3«Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ, կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»։ 4Այո՛, այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի այս քաղաքի տների մասին եւ Յուդայի երկրի արքայի ապարանքի մասին, որոնք քանդուել են պատնէշներ եւ մարտկոցներ կառուցելու նպատակով, 5որպէսզի եկողները մարտնչեն քաղդէացիների դէմ եւ դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարուածեցի իմ բարկութեամբ ու զայրոյթով եւ իմ երեսը շուռ տուի նրանցից նրանց բոլոր չարութիւնների պատճառով։

6Ահաւասիկ ես պիտի բուժեմ նրանց վէրքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղութեան ձայնը եւ ապահովութիւն պիտի բերեմ նրանց։ 7Պիտի վերադարձնեմ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի գերեալներին ու վերականգնեմ նրանց իրենց նախկին վիճակի մէջ։ 8Նրանց պիտի մաքրեմ այն բոլոր անիրաւութիւններից, որ գործեցին իմ նկատմամբ, ու այլեւս չպիտի յիշեմ նրանց յանցանքները, որ կատարեցին իմ հանդէպ՝ ապստամբելով իմ դէմ։ 9Նրանք ինձ համար ուրախութիւն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան երկրի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բաների մասին, որ ես անելու եմ Երուսաղէմի եւ Յուդայի երկրի համար, երկիւղ պիտի կրեն ու դառնանան դրանց համար կատարած իմ բոլոր բարիքների եւ խաղաղութեան գործերի շնորհիւ»։

10Այսպէս է ասում Տէրը. «Այդ տեղում, որի մասին դուք ինքներդ ասում էք, թէ մարդկանցից ու անասուններից թափուր է, Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմից դուրս, որոնք աւերակների են վերածուել, որովհետեւ չկան մարդիկ, չկան բնակիչներ, չկան անասուններ, “այդ նոյն տեղում դարձեալ պիտի հնչեն 11ձայնն ուրախութեան եւ ձայնը ցնծութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհութի՛ւն մատուցեցէք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, եւ յաւիտենական է նրա ողորմութիւնը”։ Օրհնութեան նուէրներ պիտի բերեն Տիրոջ Տունը, քանզի այդ երկրի գերեալներին առաջուայ վիճակին պիտի վերադարձնեմ», - ասում է Տէրը։

12Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Մարդ ու անասունից զուրկ այդ աւերակ վայրում եւ դրա բոլոր քաղաքներում դարձեալ պիտի լինեն հովուական իջեւաններ ու ոչխարների հօտերի մակաղատեղիներ։ 13Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղէմի շրջակայքում եւ Յուդայի քաղաքներում դարձեալ ոչխարների հօտեր են անցնելու դրանք հաշուողի ձեռքի տակով, - ասում է Տէրը։ - 14Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - եւ ես հաստատ կատարելու եմ իմ խօսքերը, որ յայտնեցի Իսրայէլի տան մասին եւ Յուդայի տան մասին։ 15Այն օրերում եւ այն ժամանակ Դաւթի համար մի արդար շառաւիղ պիտի ծնեմ, որն ու արդարութիւն պիտի պաշտպանի երկրի վրայ։ 16Այն օրերում Յուդայի երկիրը պիտի փրկուի, եւ Երուսաղէմը յոյսով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչուի՝ “Տէրն է մեր արդարութիւնը”»։

17Տէրն այսպէս է ասում. «Դաւթի սերնդից Իսրայէլի տան գահին նստող մարդ չպիտի պակասի, 18եւ ղեւտացի քահանաներից իմ առաջ ամէն օր ողջակէզ մատուցող, զոհաբերութիւն անող եւ ծխող մարդ չպիտի պակասի»։

19Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիա մարգարէին՝ ասելով. 20այսպէս է ասում Տէրը. «Եթէ կարողանաք խափանել ցերեկուայ իմ ուխտը եւ գիշերուայ իմ ուխտը այնպէս, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, 21ապա կը խափանուի նաեւ իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառայ Դաւթի հետ, “նաեւ իմ պաշտօնեաների՝ ղեւտացի քահանաների հետ, “թէ՝ չի ունենայ նա որդի, որ թագաւորի նրա գահի վրայ։ 22Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»։

23Տէրը, իր խօսքն ուղղելով Երեմիա մարգարէին, ասում է.

24«Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խօսում այդ ժողովուրդը՝ ասելով, թէ՝ “Աստուած, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, աչքից գցեց նրանց”։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես թէ նրանց համար նա այլեւս ազգ չէ»։

25Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ցերեկուայ ու գիշերուայ, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել, 26ապա Յակոբի եւ իմ ծառայ Դաւթի սերունդը կ’անարգե՞մ, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերնդի վրայ նրա սերնդից չե՞մ դնի. ո՛չ, ես նրանց գերեալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն