Հուդիթ
3
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ՄՕՏԵՆՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆԻ ԴՌՆԵՐԻՆ
1Հողոփեռնէսի մօտ ուղարկեցին պատգամաւորներ՝ խաղաղութեան խօսք ասելու համար։ Նրանք ասացին. 2«Ահաւասիկ մենք Նաբուքոդոնոսորի ծառաներն ենք եւ կանգնել ենք քո առջեւ. վարուի՛ր մեզ հետ ինչպէս հաճելի կը թուայ քեզ, 3որովհետեւ ահա մեր տներն ու ցորենի բոլոր դաշտերը, հօտերն ու նախիրները, մեր ոչխարների բոլոր գոմերը քո աչքի առաջ են. վարուի՛ր այնպէս, ինչպէս բարի կը թուայ քեզ, որովհետեւ ահա մեր քաղաքները եւ մենք՝ նրանց բնակիչները, քո ծառաներն ենք։ Արի՛ մեր մէջ եւ վարուի՛ր ինչպէս բարի կը թուայ քեզ»։
6Պատգամաւորները եկան Հողոփեռնէսի մօտ եւ նրան ասացին այս խօսքերը։ 7Հողոփեռնէսն ու իր զօրքը իջան ծովեզերք. նա նրա բարձրադիր քաղաքներում պահապաններ դրեց։ Այդ քաղաքներից իր համար նա վերցրեց զինակից ընտիր մարդիկ։ 9Այդ քաղաքները նրան դիմաւորեցին երգերով, 10պսակներով, ծնծղաներով եւ թմբուկներով։ 11Հողոփեռնէսը քարուքանդ արեց նրանց սահմանները եւ հատեց նրանց բոլոր անտառները։ 12Նրան հրաման էր տրուած խորտակել այդ երկրի աստուածներին, 13որպէսզի բոլոր ազգերն ու ժողովուրդները միայն Նաբուքոդոնոսորին պաշտեն եւ նրան աստուած անուանեն։ 14Նա եկաւ Եզրայելոմի հանդիպակաց կողմը, որ մօտիկ էր բնակիչներին եւ դէմյանդիման Հրէաստանի մեծ սարին։ 15Նա բանակ դրեց Գայի ու Բիշանի միջեւ եւ այնտեղ մի ամիս մնաց՝ իր զօրքի համար զինամթերք եւ պաշար հաւաքելու։