Հուդիթ
14
ԱՔԻՈՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՀԱՒԱՏԸ
1Յուդիթը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ, թէ ինչ եմ ասում ձեզ. վերցրէ՛ք այս գլուխը եւ կախեցէ՛ք քաղաքի պարիսպների սիւներից։ 2Երբ բացուի առաւօտը, ու երկրի վրայ ծագի արեգակը, պատերազմելու կարող բոլոր տղամարդիկդ զինուեցէ՛ք, ձեր վրայ զօրավարնե՛ր կարգեցէք, դո՛ւրս ելէք քաղաքից՝ իբրեւ թէ դաշտ էք իջնում, գնացէ՛ք դէպի ասորեստանցիների առաջապահ թեւը, բայց այնտեղ չիջնէք, այլ միայն անհանգստացրէ՛ք նրանց։ 3Նրանք կ’առնեն իրենց զէնքերը, կը գնան իրենց բուն բանակը, կ’արթնացնեն ասորեստանցիների զօրապետներին, հաւաքուելով կը դիմեն Հողոփեռնէսի վրանը եւ չեն գտնի նրան։ Նրանց մէջ ահ կ’ընկնի, նրանք կը փախչեն ձեզանից, 4եւ դուք կ’ընկնէք նրանց յետեւից։ Իսրայէլի սահմաններում բնակուող բոլոր բնակիչները թող նրանց դիտապաստ անելով ոչնչացնեն իրենց բոլոր ճանապարհների վրայ։ 5Արդ, մինչ այս անելը, ինձ մօ՛տ կանչեցէք Աքիոր Ամոնացուն, որ տեսնի գլուխն այն մարդու, որ ոտնահարեց Իսրայէլի տունը, կապեց նրան՝ մահ բերելու այստեղ»։ 6Աքիորին կանչեցին Օզիայի տնից, ու երբ նա եկաւ եւ Հողոփեռնէսի գլուխը տեսաւ ժողովրդի մէջ մի տղամարդու ձեռքին, երեսնիվայր ընկաւ, թաւալուեց։ 7Երբ սթափուեց, ընկաւ Յուդիթի ոտքը, երկրպագեց նրան եւ ասաց. «Օրհնեալ ես դու Յուդայի երկրի բոլոր բնակավայրերում եւ բոլոր ժողովուրդների մէջ, ուր, լսելով քո անունը, կը զարմանան։ 8Արդ, դու ինձ պատմի՛ր, թէ ի՛նչ էիր անում այս օրերին»։ Եւ իր ամբողջ ժողովրդի առաջ Յուդիթը նրան պատմեց, թէ ինչ էր նա արել այն օրից, երբ դուրս էր եկել, մինչեւ այդ ժամը։ 9Երբ Յուդիթը դադարեց խօսելուց, ժողվուրդը բարձր ձայնով աղաղակեց՝ փառաբանելով Աստծուն իրենց քաղաքում։ 10Երբ Աքիորը տեսաւ այն ամէնն, ինչ Իսրայէլի Աստուածն արել էր, իր ամբողջ սրտով հաւատաց Աստծուն, թլփատեց իր անթլփատ մարմինը եւ այդ օրից էլ միացաւ Իսրայէլի տանը։
ԲԱԳՈՒՆ ՅԱՅՏՆՈՒՄ Է
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
11Երբ բացուեց առաւօտը, Հողոփեռնէսի գլուխը կախեցին պարսպից. իւրաքանչիւր տղամարդ զինուեց իր զէնքով, եւ նրանք դուրս եկան գրաւելու այն լեռնանցքը, որ լերան վրայ էր։ 12Երբ ասորեստանցիները նրանց տեսան, իրենց առաջնորդներին տեղեակ պահեցին, նրանք էլ եկան իրենց զօրապետների, իշխանների եւ նրանց հազարապետների մօտ։ 13Նրանք գնացին Հողոփեռնէսի վրանը եւ ասացին նրա սենեկեպետին. «Նե՛րս մտիր, արթնացրո՛ւ մեր տիրոջը, որովհետեւ եբրայեցիները յանդգնեցին պատերազմել մեր դէմ, որպէսզի նրանց իսպառ ոչնչացնենք»։ 14Բագուն մտաւ ու բախեց սենեակի դուռը, որովհետեւ կարծում էր, թէ Հողոփեռնէսը Յուդիթի հետ քնած է։ 15Երբ ոչ ոք նրան չպատասխանեց, համարձակ սենեակ մտաւ եւ տեսաւ, որ նա մերկ ընկած էր գետնին, եւ նրա գլուխը կտրուած էր մարմնից։ 16Բագուն գոչեց բարձր ձայնով, լացով ու մեծ ողբով եւ պատռեց իր պատմուճանը։ 17Նա մտաւ Յուդիթի սենեակն ու նրան չգտաւ, դուրս եկաւ, գնաց զօրքի մօտ եւ ասաց. 18«Եբրայեցիներն ապստամբեցին, որովհետեւ եբրայեցի մի կին ամօթ ու նախատինք դրեց Նաբուքոդոնոսոր արքայի տան վրայ, քանզի, ահա, Հողոփեռնէսը գետին է գլորուել, եւ նրա գլուխը իր վրայ չէ»։ 19Երբ Ասորեստանի զօրքերի իշխանները լսեցին այս բաները, բոլորը պատռեցին իրենց պատմուճանները, խիստ վախեցան, ու նրանց աղաղակն ընկաւ բանակի մէջ։