Դատավորների գիրք

6

ՄԱԴԻԱՄԱՑԻՆԵՐԸ ՃՆՇՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ

1Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, եւ Տէրը նրանց եօթը տարի մադիամացիների ձեռքը մատնեց. 2եւ մադիամացիների ձեռքը ծանրացաւ Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով իրենց համար ապաստաններ շինեցին լեռներում, քարայրներում եւ ամրոցներում։ 3Երբ իսրայէլացիները վարուցանք էին անում, մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բնակիչները ելնում, յարձակւում էին նրանց վրայ, 4բանակատեղի էին դնում նրանց մօտ եւ փչացնում հողի բերքը մինչեւ Գազայի սահմանները։ Իսրայէլին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ո՛չ ոչխար, ո՛չ արջառ, ո՛չ էշ։ 5Նրանք իրենց ոչխարներով վեր էին կենում, բերում էին իրենց վրանները եւ մորեխի պէս բազմութեամբ վրայ էին հասնում։ Նրանց եւ նրանց ուղտերին թիւ չկար։ Հասնում էին Իսրայէլի երկիրը՝ այն աւերելու համար։ 6Եւ Իսրայէլը մադիամացիների պատճառով շատ աղքատացաւ։ Իսրայէլացիները աղաղակեցին Տիրոջը։

7Եւ երբ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով աղաղակեցին Տիրոջը, 8Տէրն իսրայէլացիների մօտ ուղարկեց եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, ձեզ դուրս բերի ծառայութեան տնից, 9փրկեցի ձեզ եգիպտացիների ձեռքից եւ բոլոր ձեզ նեղողների ձեռքից, քշեցի նրանց ձեր առաջից եւ նրանց երկիրը ձեզ տուի։ 10Եւ ձեզ ասացի.՛ ՛Ես եմ ձեր Տէր Աստուածը, մի՛ վախեցէք ամորհացիների աստուածներից, որոնց երկրում դուք բնակւում էք՛՛, բայց դուք չլսեցիք իմ խօսքը”»։

ԱՍՏՈՒԱԾ ԿՈՉՈՒՄ Է ԳԵԴԷՈՆԻՆ՝ ՓՐԿԵԼՈՒ ԻՍՐԱՅԷԼԸ

11Եւ Տիրոջ հրեշտակը եկաւ ու նստեց Եսրէի հօր՝ Յովասի կաղնու տակ, որը Եփրայում էր գտնւում։ Նրա որդի Գեդէոնը կալում ցորեն էր կալսում՝ փախուստ տալով մադիամացիներից։ 12Տիրոջ հրեշտակը երեւաց նրան եւ ասաց. «Տէրը քեզ հետ է, ով զօրաւոր կտրիճ»։ 13Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրայ, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որ պատմեցին մեզ մեր հայրերը՝ ասելով. “Չէ՞ որ Տէրը մեզ հանեց Եգիպտոսից”, եւ հիմա ինչո՞ւ է նա մեզ լքել ու մադիամացիների ձեռքը մատնել»։ 14Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ քո այդ զօրութեամբ եւ փրկի՛ր Իսրայէլը մադիամացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես եմ ուղարկում քեզ»։ 15Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, ինչո՞վ փրկեմ ես Իսրայէլը. ահա իմ հազարաւոր մարդիկ ամենից աղքատն են Մանասէի ցեղի մէջ, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ»։ 16Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Տէրը քեզ հետ է, եւ դու մադիամացիներին կը ջարդես, ինչպէս մէկ մարդու»։ 17Գեդէոնն ասաց. «Եթէ ես քո աչքի առաջ եմ գտել, ինձ մի նշան ցո՛յց տուր, որ դու ես ինձ հետ խօսում, 18մի՛ գնա այստեղից, մինչեւ որ քեզ մօտ գամ եւ իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ»։ Նա ասաց. «Ես եմ, եւ կը նստեմ այստեղ, մինչեւ որ ետ դառնաս ինձ մօտ»։ 19Գեդէոնը ներս մտաւ, այծերի հօտից մի ուլ մորթեց եւ մէկ ալիւրից պատրաստեց, միսը դրեց ափսէի վրայ, արգանակը կճուճի մէջ ածեց, դրեց նրա առաջ կաղնու տակ եւ երկրպագութիւն արեց։ 20Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերցրո՛ւ դու այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրայ, իսկ արգանակը վրա՛ն թափիր»։ Եւ նա այդպէս արեց։ 21Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց եւ հասցրեց մսին ու բաղարջին։ Քարից կրակ դուրս եկաւ ու լափեց բաղարջ հացերը. եւ Տիրոջ հրեշտակը հեռացաւ նրա աչքից։ 22Գեդէոնը տեսաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է, եւ ասաց. «Ո՜հ, ո՜հ, Տէ՛ր, Տէ՛ր, տեսայ ես Տիրոջ հրեշտակին երես առ երես»։ 23Տէրը նրան ասաց. «Խաղաղութիւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնի»։

24Եւ Գեդէոնն այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջը խաղաղութիւն»։ Դա այնտեղ է մինչեւ այսօր։ Եւ մինչդեռ ինքն այնտեղ էր իր հօրը՝ Եսրէին պատկանող Եփրայում, 25այդ գիշեր Տէրը նրան ասաց. «Ա՛ռ դու քո հօր պարարտ եզն ու եօթը տարեկան երկրորդ եզը եւ քանդի՛ր քո հօրը պատկանող Բահաղի զոհասեղանը, կտրտի՛ր նրա մօտ եղած 26եւ զոհասեղան շինի՛ր քո Տէր Աստծու համար, որը քեզ երեւաց Մանոզ լերան գլխին, պատերազմի տեղում. վերցրո՛ւ երկրորդ եզը եւ ողջակէ՛զ արա քո կտրտած անտառի փայտերով»։ 27Գեդէոնն իր ծառաներից տասներեք մարդ առաւ եւ արեց այնպէս, ինչպէս նրան ասաց Տէրը։ Եւ որովհետեւ իր հօր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցաւ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։

28Առաւօտը կանուխ քաղաքի մարդիկ վեր կացան եւ տեսան, որ կործանուած է Բահաղի զոհասեղանը, նրա մօտի անտառը կտրտուած է, եւ պարարտ եզը ողջակէզ է արուած նոր շինուած զոհասեղանի վրայ։ 29Եւ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Պրպտեցին, քննեցին եւ ասացին, թէ այդ բանը Յովասի որդի Գեդէոնն է արել։ 30Քաղաքի մարդիկ ասացին Յովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն, նա պէտք է մեռնի, որովհետեւ կործանել է Բահաղի զոհասեղանը եւ կտրտել է նրա մօտի անտառը»։ 31Յովասն իր դէմ ելած մարդկանց ասաց. «Միթէ դո՞ւք պէտք է պաշտպանէք այժմ Բահաղի դատը, եւ կամ դո՞ւք պէտք է ազատէք նրան։ Ով որ նրան վնասել է, կը մեռնի մինչեւ առաւօտ։ Եթէ նա է, թող ինքը լուծի իր վրէժը, քանի որ կործանել են նրա զոհասեղանը»։

32Եւ այդ օրը նրան անուանեց Յերոբոաղ, այսինքն՝ Բահաղի , որովհետեւ քանդել էր նրա զոհասեղանը։

33Իսկ բոլոր մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները հաւաքուեցին միասին եւ եկան, բանակատեղի դրին Յեզրայէլի հովիտներում։ 34Տիրոջ հոգին զօրացրեց Գեդէոնին, նա եղջերափող փչեց, եւ Աբիեզերի ցեղի մարդիկ նրան խրախուսելով գնացին նրա ետեւից։ 35Մանասէի ամբողջ ցեղին պատգամաւորներ ուղարկեց, կանչեց, եւ սրանք էլ գնացին նրա ետեւից։ Պատգամաւորներ ուղարկեց նաեւ Ասերի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերին, եւ սրանք էլ ելան նրան ընդառաջ։

36Գեդէոնն ասաց Աստծուն. «Եթէ փրկելու ես Իսրայէլն իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես, 37ահա ես կալի մէջ խուզած բուրդ կը դնեմ. եթէ միայն խուզած բրդի վրայ անձրեւ լինի, իսկ ամբողջ գետինը՝ չոր, կ’իմանամ, որ Իսրայէլն ազատելու ես իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես»։ 38Այդպէս էլ եղաւ. յաջորդ օրն առաւօտ կանուխ Գեդէոնը վեր կացաւ, քամեց բուրդը, եւ բրդից մի կոնք լիքը թափուեց։ 39Գեդէոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկութիւնը չբորբոքուի ինձ վրայ, մի անգամ եւս խօսեմ եւ մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրայ չորութիւն լինի, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ»։ 40Եւ այն գիշերն Աստուած այդպէս արեց. միայն բրդի վրայ չորութիւն եղաւ, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն