Դատավորների գիրք
4
ԴԵԲՈՐԱ ԵՒ ԲԱՐԱԿ
1Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։ Սամեգարը մեռաւ։ 2Տէրը նրանց մատնեց քանանացիների արքայ Յաբինի ձեռքը, որը թագաւորում էր Ասորում։ Նրա զօրագլուխը Սիսարան էր, որը բնակւում էր Ազգերի Արիսոթում։ 3Իսրայէլացիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետեւ Յաբինը ինը հարիւր երկաթէ կառքեր ունէր եւ քսան տարի սաստիկ նեղում էր իսրայէլացիներին։
4Այն ժամանակ Իսրայէլում դատաւորութիւն էր անում մարգարէուհի Դեբորան՝ Լաբիդոթի կինը։ 5Նա բնակւում էր արմաւենու տակ, Ռամայի եւ Բեթէլի միջեւ, Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա մօտ էին գնում դատաստանի համար։ 6Դեբորան մարդ ուղարկեց եւ Նեփթաղիմի Կադէսից կանչեց Բարակին՝ Աբինէէմի որդուն եւ նրան ասաց. «Չէ՞ որ Իսրայէլի Տէր Աստուածը քեզ հրաման տուեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես Նեփթաղիմի որդիներից եւ Զաբուղոնի որդիներից տասը հազար մարդ 7եւ տանես քեզ հետ Կիսոնի հեղեղատը, Յաբինի զօրագլուխ Սիսարայի, նրա զօրքերի ու նրա կառքերի դէմ, եւ Տէրը նրանց քո ձեռքը կը մատնի»։ 8Բարակը նրան ասաց. «Եթէ ինձ հետ գաս, կը գնամ, իսկ եթէ չգաս ինձ հետ, չեմ գնայ, որովհետեւ ես չգիտեմ այն օրը, երբ Տէրն իր հրեշտակի միջոցով կ’աջակցի ինձ։» 9Դեբորան նրան ասաց. «Անշուշտ կը գնամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ քաջութիւնը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետեւ Տէրը մի կնոջ ձեռքը կը մատնի Սիսարային»։ Դեբորան վեր կացաւ ու Բարակի հետ գնաց Կադէս։ 10Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին հրաւիրեց Կադէս։ Տասը հազար մարդ նրա ետեւից գնացին. Դեբորան նոյնպէս գնաց նրա հետ։ 11Կինեցիների մերձաւորները բաժանուել էին կինեցիներից՝ Մովսէսի աներոջ Յոբաբի որդիներից, եւ իրենց վրանը կանգնեցրել էին Հանգուցեալների կաղնու մերձակայքում, Կադէսի մօտ։
12Սիսարային իմաց տուին, որ Աբինէեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։ 13Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարիւր երկաթէ կառքեր եւ իր հետ եղող բոլոր զօրքերը Ազգերի Արիսոթից Կիսոնի հեղեղատում հաւաքեց։
14Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետեւ սա է այն օրը, որ Տէրը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տէրն է քո առաջ»։ Բարակն իջաւ Թաբոր լեռից, եւ նրա ետեւից՝ տասը հազար մարդ։ 15Տէրը զարհուրեցրեց Սիսարային եւ նրա բոլոր կառքերն ու նրա ամբողջ բանակը խորտակեց Բարակի առաջ սրի բերանով։ Սիսարան իջաւ իր կառքից եւ հետիոտն փախաւ։ 16Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչեւ Ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկաւ սրի բերանով, եւ ոչ ոք չմնաց կենդանի։
17Սիսարան հետիոտն փախաւ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Յայէլի վրանը, որովհետեւ Ասորի արքայ Յաբինի եւ կինեցի Քաբերի տան միջեւ խաղաղութիւն էր։ 18Յայէլն ընդառաջ ելաւ Սիսարային եւ ասաց նրան. «Դէպի ինձ շո՛ւռ արի, տէ՛ր իմ, շո՛ւռ արի եւ մի՛ վախեցիր»։ Եւ նա գնաց վրանը՝ նրա մօտ. եւ կինը նրան ծածկեց նրա ծածկոցով։ 19Սիսարան ասաց նրան. «Մի քիչ խմելու ջուր տո՛ւր ինձ, ծարաւ եմ»։ Եւ նա բաց արեց կաթի տիկը, խմեցրեց նրան եւ ծածկեց նրա երեսը։ 20Սիսարան նրան ասաց. «Կանգնի՛ր դու վրանի դռան մօտ, եւ եթէ մէկը քեզ մօտ գայ եւ քեզ հարցնի ու ասի, թէ՝ այդտեղ մարդ կա՞յ, կ’ասես, թէ՝ չկայ»։ 21Եւ կինը ծածկեց նրան նրա ծածկոցով։ Ապա Քաբերի կին Յայէլն առաւ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտաւ նրա մօտ, ցիցը մխեց նրա ծնօտի մէջ եւ նրան գետնին գամեց։ Նա տապալուեց նրա ոտքերի առաջ եւ հոգին փչեց։ 22Եւ ահա Բարակը, հետապնդելով, գալիս էր Սիսարայի ետեւից։ Յայէլը նրան ընդառաջ ելաւ եւ ասաց նրան. «Ե՛կ այստեղ, քեզ ցոյց տամ այն մարդուն, որին փնտռում ես»։ Նա մտաւ նրա մօտ, եւ ահա Սիսարան ընկած մեռած էր՝ ցիցը նրա քունքի մէջ։
23Տէր Աստուած այդ օրը իսրայէլացիների առաջ նուաստացրեց քանանացիների Յաբին թագաւորին։ 24Եւ իսրայէլացիների ձեռքը գնալով զօրանում էր քանանացիների Յաբին արքայի վրայ, մինչեւ որ նրանց բնաջինջ արեցին։