Դատավորների գիրք
20
ԻՍՐԱՅԷԼԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ
1Բոլոր իսրայէլացիները դուրս եկան, եւ ժողովուրդը՝ Դանից մինչեւ Բերսաբէէ եւ Գաղաադի երկիրը մէկ մարդու պէս հաւաքուեց Տիրոջ առաջ Մասեփայում։ 2Ամբողջ ժողովրդի իշխանները եւ Իսրայէլի բոլոր ցեղերը՝ չորս հարիւր հազար սուսերամարտիկ, ներկայացան Աստծու ժողովրդի հաւաքին։ 3Բենիամինի ցեղի որդիները լսեցին, որ իսրայէլացիները եկել են Մասեփա։ Իսրայէլացիներն ասացին. «Ասացէ՛ք, թէ ո՞րտեղ կատարուեց այս չարագործութիւնը»։ 4Ղեւտացի մարդը՝ սպանուած կնոջ ամուսինը, պատասխան տուեց եւ ասաց. «Ես եւ իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը, որ գիշերենք։ 5Գաբաայի բնակիչները ելան իմ դէմ, գիշերով շրջապատեցին տունն իմ շուրջը եւ ուզում էին ինձ սպանել։ Իմ հարճին լլկեցին, խեղդեցին, եւ նա մեռաւ։ 6Ես էլ առայ իմ հարճին, կտրատեցի նրան եւ ուղարկեցի Իսրայէլի տէրութեան բոլոր սահմանները, որովհետեւ նրանք մեծ յանցանք եւ անզգամութիւն արեցին Իսրայէլի մէջ։ 7Ահա մենք ամէնքս իսրայէլացիներ ենք, մեզ խօ՛սք ասացէք ու խորհո՛ւրդ տուէք»։ 8Ամբողջ ժողովուրդը վեր կացաւ մէկ մարդու նման եւ ասաց. «Մեզնից ոչ մի մարդ իր յարկի տակ չի մտնելու, եւ ոչ մի մարդ ճանապարհը չի թեքելու դէպի իր տուն։ 9Ահա թէ ինչ պիտի անենք հիմա Գաբաային. նրա վրայ գնանք վիճակահանութեամբ. 10Իսրայէլի բոլոր ցեղերից վերցնենք հարիւրից տասը, հազարից հարիւր, տասը հազարից հազար մարդ, որ օրուայ պաշար տանեն բոլոր նրանց համար, ովքեր կը գնան Բենիամինի երկրի Գաբաա վայրի դէմ, որ պատժեն նրան՝ Իսրայէլի մէջ նրա արած ամբողջ անզգամութեան համար»։ 11Եւ բոլոր իսրայէլացիները մէկ մարդու նման հաւաքուեցին եկան քաղաքներից։
12Իսրայէլի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մօտ մարդիկ ուղարկեցին եւ ասացին. «Այդ ի՞նչ չարագործութիւն է, որ եղաւ ձեր մէջ։ 13Հիմա տուէ՛ք Գաբաայի այդ ամբարիշտ մարդկանց՝ Բելիարի որդիներին, որ սպանենք նրանց եւ վերացնենք չարիքն Իսրայէլից»։ Բայց Բենիամինի ցեղի որդիները չկամեցան լսել իրենց եղբայրների՝ իսրայէլացիների ձայնը։ 14Եւ Բենիամինի ցեղի որդիները հաւաքուեցին իրենց քաղաքներից Գաբաայի մէջ, որ իսրայէլացիների դէմ պատերազմի դուրս գան։ 15Այն օրը իրենց քաղաքներից եկած Բենիամինի ցեղի որդիները քսանհինգ հազար սուսերամարտիկ էին, չհաշուած Գաբաայի բնակիչներին, 16որոնք եօթը հարիւր մարդ էին՝ ընտիր երիտասարդներ ամբողջ ժողովրդից՝ երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկաւորներ էին, որ քարեր էին նետում եւ մազաչափ չէին վրիպում։ 17Բոլոր իսրայէլացիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարիւր հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ պատերազմող մարդիկ։
ՊԱՏԵՐԱԶՄ ԲԵՆԻԱՄԻՆԻ ԴԷՄ
18Վեր կացան գնացին Բեթէլ, եւ իսրայէլացիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի ցեղի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ 19Տէրն ասաց. «Յուդան թող լինի առաջնորդը»։ Եւ իսրայէլացիներն առաւօտեան վեր կացան, բանակեցին Գաբաայի մօտ։ 20Իսրայէլացիները ելան Բենիամինի ցեղի դէմ պատերազմելու եւ Գաբաայի մօտ նրանց դէմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։ 21Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան քաղաքից, եւ այն օրը իսրայէլացիներից քսաներկու հազար մարդ սպանեցին եւ գետին տապալեցին։ 22Բայց Իսրայէլի մարդիկ դարձեալ զօրացան եւ նորից ճակատ կազմեցին պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։ 23Իսրայէլացիները վեր կացան եւ մինչեւ երեկոյ լաց եղան Տիրոջ առաջ եւ Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբօր՝ Բենիամինի ցեղի դէմ»։ Տէրն ասաց. «Դո՛ւրս եկէք նրանց դէմ»։ 24Եւ երկրորդ օրը իսրայէլացիները պատերազմի ելան Բենիամինի ցեղի որդիների դէմ։ 25Բենիամինն էլ ելաւ նրանց դէմ պատերազմելու երկրորդ օրը եւ ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց եւ գետին տապալեց։ Սրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։
26Բոլոր իսրայէլացիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ։ 27Այդ օրերին այնտեղ էր Տէր Աստծու ուխտի տապանակը։ 28Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենէէսն էր կանգնում։ Իսրայէլացիները հարցրին Տիրոջը եւ ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի ցեղի որդիների դէմ պատերազմելու դուրս գա՞նք, թէ՞ դադարեցնենք»։ Տէրն ասաց. «Դո՛ւրս եկէք, վաղը նրանց կը մատնեմ ձեր ձեռքը»։
29Իսրայէլացիները դարանակալներ դրին Գաբաայի շուրջը։ 30Երրորդ օրը իսրայէլացիները դուրս եկան Բենիամինի ցեղի դէմ, ճակատ կազմեցին Գաբաայի մօտ, ինչպէս նախորդ անգամները։ 31Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան ժողովրդի դէմ, հեռացան քաղաքից եւ սկսեցին նախորդ անգամների պէս ջարդել-վիրաւորել ժողովրդին այն ճանապարհների վրայ, որոնցից մէկը դուրս էր գալիս Բեթէլ, իսկ միւսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում իսրայէլացիներից մօտ երեսուն մարդ կոտորեցին։ 32Բենիամինի ցեղի որդիներն ասացին. «Սրանք մեր առաջ կոտորուելու են, ինչպէս նախորդ անգամ»։ Իսկ իսրայէլացիներն ասացին. «Փախչենք եւ հեռացնենք նրանց քաղաքից ու ճանապարհից»։ 33Եւ բոլոր իսրայէլացիները վեր կացան իրենց տեղից եւ վերադասաւորուեցին Բաալթամարում։ Իսրայէլացի դարանակալները կռւում էին իրենց տեղից, Գաբաայի արեւմտեան կողմից։ 34Ամբողջ Իսրայէլից տասը հազար ընտիր մարդիկ եկան Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացաւ, բայց Բենիամինի ցեղի որդիները չգիտէին, որ իրենց վրայ չարիք է հասել։ 35Եւ Տէրը Բենիամինի ցեղին հարուածեց իսրայէլացիների առաջ, եւ իսրայէլացիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարիւր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։
36Երբ Բենիամինի ցեղի որդիները տեսան, որ պարտութեան են մատնուած, տեղի տուին իսրայէլացիների առաջ։ Իսրայէլացիները յոյսները դրել էին Գաբաայի շրջակայքում եղած դարանամուտների վրայ։ 37Դարանամուտները յարձակուեցին եւ թափուեցին Գաբաայի վրայ, մտան եւ ամբողջ քաղաքը սրի քաշեցին։ 38Իսրայէլացիները պայմանաւորուել էին դարանակալների հետ, որ կրակ վառեն եւ ծուխ հանեն քաղաքի վրայ։ 39Այդ ազդանշանի վրայ իսրայէլացիները պէտք է ետ քաշուէին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել իսրայէլացի դարանակալներին, կոտորեցին մօտ երեսուն վիրաւոր մարդ եւ ասացին, թէ՝ «Կոտորւում են մեր առաջ այսօր, ինչպէս նախորդ պատերազմում»։ 40Կրակէ ազդանշանը ծաւալուելով բարձրացաւ քաղաքի վրայ ինչպէս ծխի սիւն։ Բենիամինի ցեղի մարդիկ ետ նայեցին եւ տեսան, որ այրուող քաղաքը երկինք է բարձրանում։ 41Իսրայէլացիները նորից ետ դարձան, Բենիամինի ցեղի մարդիկ տագնապեցին, որովհետեւ տեսան, որ չարիքը հասել է իրենց վրայ։ 42Նրանք իսրայէլացիներից փախան անապատի ճանապարհով, բայց պատերազմը հասաւ նրանց, եւ քաղաքից դուրս եկող իսրայէլացիներն սպանում էին նրանց՝ իրենց մէջ առնելով։ 43Բենիամինի ցեղի մարդկանց նրանք ջարդեցին եւ հետապնդեցին Նուից մինչեւ Գաբաայի դիմացը՝ արեւելեան կողմից։ 44Բենիամինի ցեղից ընկան տասնութ հազար մարդ. նրանք բոլորն էլ զօրաւոր մարդիկ էին։ 45Մնացածները, տեսնելով այդ, փախան դէպի անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին։ Ճանապարհին Բենիամինի ցեղից հինգ հազար մարդ հնձեցին, հետապնդեցին նրանց մինչեւ Գաղաադ եւ նրանցից երկու հազար մարդ էլ կոտորեցին։ 46Այն օրը Բենիամինի ցեղից ընկածները քսանհինգ հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ զօրաւոր մարդիկ։ 47Մնացածները՝ վեց հարիւր մարդ, խոյս տալով փախան անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին եւ այնտեղ, Ռեմոնի քարայրում մնացին չորս ամիս։ 48Իսկ Իսրայէլի մարդիկ յետ դառնալով՝ յարձակուեցին Բենիամինի ցեղի որդիների վրայ, հերթով սրի քաշեցին քաղաքում նրանց, մինչեւ իսկ անասուններին եւ ամէն բան, որ գտան բոլոր քաղաքներում, իսկ կոտորածից զերծ մնացած քաղաքները մարդիկ ուղարկեցին եւ այրեցին հրով։