Դատավորների գիրք
18
ՄԻՔԱՆ ԵՒ ԴԱՆԻ ՑԵՂԸ
1Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակուելու կալուածք էր փնտռում, որովհետեւ մինչեւ այդ օրերը Իսրայէլի ցեղերի մէջ նրան կալուածք չէր հասել։ 2Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց ցեղերի թուի համեմատ, զօրաւոր մարդիկ Սարաայից եւ Եսթաւուլից, որ գնան լրտեսեն եւ հետախուզեն այդ երկիրը։ Նրանց ասացին. «Գնացէ՛ք, զննեցէ՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչեւ Միքայի տունը եւ գիշերեցին այնտեղ։ 3Եւ մինչդեռ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղեւտացի պատանու ձայնը, մտան նրա մօտ եւ ասացին նրան. «Ո՞վ բերեց քեզ այստեղ, ի՞նչ ես անում եւ ի՞նչ գործ ունես այստեղ»։ 4Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, եւ ես նրա համար քահանայ եղայ»։ 5Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թէ յաջող կը լինի՞ մեր գնացած ճանապարհը»։ 6Քահանան նրանց ասաց. «Գնացէ՛ք խաղաղութեամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»։ 7Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդոնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում իշխանութիւն ունեցող մէկը չկար, որ բան ասէր, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ասորեստանցիների հետ գործ չունէին։ 8Այդ հինգ մարդիկ եկան Սարաա եւ Եսթաւուլ իրենց եղբայրների մօտ։ Նրանց եղբայրներն իրենց ասացին. «Ինչո՞ւ էք նստել»։ 9Նրանք ասացին. «Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ մենք մտանք շրջեցինք այն երկրում մինչեւ Լայիսա եւ տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակւում է անհոգ՝ սիդոնացիների նման. նրանք հեռու են Սիդոնից եւ ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ տեսանք այն երկիրը, որ շատ լաւն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ էք։ Հիմա ինչո՞ւ էք յապաղում գնալու մտնելու եւ ժառանգելու այն երկիրը։ 10Երբ որ գնաք, կը տիրէք մի անհոգ ժողովրդի եւ ընդարձակ երկրի, որովհետեւ Աստուած այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրայ եղած ոչ մի բանի պակասութիւն չկայ»։
11Եւ այնտեղից՝ Սարաայից եւ Եսթաւուլից գնացին Դանի ազգատոհմից վեց հարիւր մարդիկ՝ զինուած պատերազմական զէնքերով։ 12Գնացին բանակատեղի դրին Յուդայի երկրի Կարիաթարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչեւ այսօր կոչւում է Դանի բանակատեղի, որ Կարիաթարիմի ետեւի կողմում է։ 13Այնտեղից անցան, եկան մինչեւ Եփրեմի լեռը եւ հասան մինչեւ Միքայի տունը։ 14Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին լրտեսելու Լայիսա երկիրը, պատասխանեցին եւ ասացին իրենց եղբայրներին. «Գիտէ՞ք, որ այս տներում եփուդ, թերափ եւ ձուլածոյ կուռք կայ։ Հիմա տեսէ՛ք, թէ ինչ պիտի անէք»։ 15Եւ նրանք շրջուեցին այնտեղ ու մտան ղեւտացի պատանու տունը՝ Միքայի տունը եւ նրա ողջութիւնը հարցրին։ 16Իսկ Դանի որդիներից պատերազմական զէնքով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մօտ։ 17Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը լրտեսելու, յարձակուեցին, վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն։ Քահանան եւ պատերազմական զէնքերով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնել էին դռան մուտքի մօտ։ 18Երբ նրանք Միքայի տունը մտան եւ վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ էք անում»։ 19Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանիդ վրայ դի՛ր, ե՛կ մեզ հետ եւ մեզ համար հայր ու քահանայ եղիր. մի՞թէ քեզ համար աւելի լաւ է միայն մէկ մարդու տան քահանայ լինել, քան Իսրայէլի մէկ ցեղի եւ ազգատոհմի քահանայ»։ 20Քահանայի սիրտը զուարթացաւ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակած ու ձուլածոյ կուռքերը եւ մտաւ զօրքի մէջ։ 21Նրանք ետ դարձան գնացին եւ նրանց առաջ աւերեցին նրա ամբողջ տունն ու շքեղ ունեցուածքը։ 22Երբ նրանք հեռացան Միքայի տնից, Միքան եւ նրա տանը եղած մարդիկ բողոք բարձրացրին եւ հասան Դանի որդիների յետեւից։ 23Դանի որդիները շուռ եկան եւ ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»։ 24Միքան ասաց. «Ինձ համար իմ շինած աստուածները եւ իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, եւ ինչո՞ւ էք ասում ինձ, թէ՝ “Ինչու ես աղաղակում”»։ 25Դանի որդիներն ասացին նրան. «Քո ձայնը թող չլսուի մեր ետեւից, թէ չէ քեզ կը հանդիպեն բարկացած սրտով մարդիկ եւ կը կործանեն քեզ ու քո ընտանիքը»։ 26Եւ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան տեսնելով, որ նրանք իրենից զօրաւոր են, վերադարձաւ իր տունը։
27Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային եւ գնացին Լայիսա՝ հանգիստ եւ վստահ ու անհոգ ժողովրդի վրայ, նրանց սրի քաշեցին եւ քաղաքն այրեցին։ 28Ոչ ոք չկար, որ փրկէր նրանց, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ոչ մի գործ չունէին որեւէ մարդու հետ։ Այդ քաղաքը Ռոբի հովտի մէջ էր։ Քաղաքը շինեցին եւ այնտեղ բնակուեցին. 29եւ քաղաքի անունը իսրայէլական ծագում ունեցող իրենց հօր անունով Դան կոչեցին. իսկ նախապէս քաղաքի անունը Լայիսա էր։ 30Դանի որդիներն իրենց համար կանգնեցրին Միքայի քանդակած կուռքը, իսկ Մանասէի որդի Գերսոնի որդի Յովնաթանը՝ ինքը եւ իր որդիները մինչեւ երկրի գերութեան օրը Դանի ցեղի քուրմերն էին։ 31Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովի մէջ էր։