Դատավորների գիրք

14

ՍԱՄՓՍՈՆԸ ԵՒ ԹԱՄՆԱԹԱՑԻ ԱՂՋԻԿԸ

1Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի տեսաւ, որը հաճելի թուաց նրան։ 2Նա գնաց պատմեց իր հօրն ու մօրը եւ ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսայ. արդ, նրան ինձ համար կի՛ն առէք»։ 3Նրա հայրն ու մայրը ասացին նրան. «Մի՞թէ կին չկայ քո եղբայրների աղջիկների եւ իմ ամբողջ ժողովրդի մէջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից»։ Սամփսոնն ասաց իր հօրը. «Նրան բե՛ր ինձ համար, որովհետեւ նա հաճելի է իմ աչքին»։ 4Նրա հայրն ու մայրը չգիտէին, որ դա Տիրոջից է, որպէսզի նա վրէժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայէլի վրայ։

5Սամփսոնն իր հօր եւ մօր հետ իջաւ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մէջ եւ տեսաւ, որ ահա առիւծի մի կորիւն է մռնչում իր դիմաց։ 6Տիրոջ հոգին աջակցեց նրան, եւ նա պատառեց առիւծին ինչպէս մի ուլի, մինչ նրա ձեռքին զէնք չկար։ 7Նա իր արածը չպատմեց իր հօրն ու մօրը։ Նրանք եկան, խօսեցին կնոջ հետ, եւ կինը հաճելի թուաց Սամփսոնին։

8Մի քանի օր յետոյ, երբ ետ դարձաւ այդ աղջկան կնութեան առնելու, ճանապարհը շեղեց առիւծի դիակը տեսնելու համար եւ տեսաւ, որ առիւծի բերանի մէջ մեղուների մի պարս եւ մեղր կար։ 9Նա առաւ այն իր բերանը եւ ուտելով գնաց իր հօր եւ մօր մօտ, նրանց էլ տուեց, եւ նրանք կերան։ Բայց նրանց չասաց, թէ մեղրը առիւծի բերանից է հանել։

10Նրա հայրն իջաւ այն կնոջ մօտ, եւ Սամփսոնն այնտեղ եօթը օր արեց, որովհետեւ երիտասարդներն այդպէս էին անում։ 11Նրանք զարհուրելով Սամփսոնից՝ նրա մօտ երեսուն ընկեր կարգեցին, որոնք նրա մօտ մնացին։

12Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կ’ասեմ. եթէ խնջոյքի այս եօթը օրուայ ընթացքում այն լուծէք եւ գտնէք, ես ձեզ կը տամ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ։ 13Իսկ եթէ չկարողանաք լուծել, դուք կը տաք ինձ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, եւ լսենք այն»։ 14Եւ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկաւ, եւ հզօրից քաղցրութիւն դուրս եկաւ»։ Նրա հանելուկը չկարողացան լուծել երեք օրուայ ընթացքում։ 15Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թէ չէ քեզ եւ քո հօր տունը կ’այրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։ 16Սամփսոնի կինը լաց եղաւ ամուսնու մօտ եւ ասաց նրան. «Դու ատել ես ինձ եւ չես սիրել, որովհետեւ այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես յայտնել»։ Սամփսոնը նրան ասաց. «Իմ հօրն ու մօրը չեմ յայտնել, հիմա քե՞զ պիտի յայտնեմ»։ 17Եւ խնջոյքի եօթը օրերին կինը լաց եղաւ նրա մօտ։ Եօթներորդ օրը Սամփսոնը յայտնեց նրան, որովհետեւ նա թախանձում էր։ Կինն էլ յայտնեց իր ժողովրդի զաւակներին։ 18Եօթներորդ օրը արեւամուտից առաջ քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր եւ ի՞նչն է առիւծից հզօր»։ Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ դուք իմ երինջով չհերկէիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»։ 19Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին, նա իջաւ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց եւ նրանց տօնական զգեստներն առաւ եւ տուեց հանելուկը լուծողներին։ Սամփսոնը սաստիկ բարկացաւ եւ գնաց իր հօր , 20իսկ Սամփսոնի կինն ամուսնացաւ նրա կնքահօր հետ, որ նրա ընկերն էր։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն