Դատավորների գիրք

11

ՅԵՓԹԱՅԷՆ՝ ԻՍՐԱՅԷԼԻ ԳԼԽԱՒՈՐ

1Գաղաադացի Յեփթայէն հզօր եւ ուժեղ մարդ էր։ Նա որդին էր մի պոռնիկ կնոջ, որը Գաղաադից ունեցաւ Յեփթայէին։ 2Գաղաադի կինը նրա համար որդիներ ծնեց, եւ երբ կնոջ որդիները զօրացան, վռնդեցին Յեփթայէին եւ ասացին նրան. «Դու մեր հօր տան մէջ ժառանգութիւն չպիտի ունենաս, որովհետեւ պոռնիկ կնոջ որդի ես»։ 3Յեփթայէն փախաւ իր եղբայրների երեսից եւ բնակուեց Տոբ երկրում։ Յեփթայէի մօտ հաւաքւում էին դատարկապորտ մարդիկ եւ շրջում էին նրա հետ։

4Որոշ ժամանակից յետոյ ամոնացիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ։ 5Երբ ամոնացիները պատերազմում էին Իսրայէլի դէմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տոբ երկրից վերցնեն։ 6Նրանք ասացին Յեփթայէին. «Ե՛կ եւ մեզ համար զօրավար եղիր, եւ ամոնացիների դէմ տանք»։ 7Յեփթայէն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք, հանեցիք իմ հօր տնից եւ հեռացրիք ինձ ձեզնից։ Հիմա, երբ նեղութեան մէջ էք, ինչո՞ւ էք եկել ինձ մօտ»։ 8Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. «Այդպէս չէ, մենք քեզ մօտ ենք եկել, որ մեզ հետ գնաս, եւ պատերազմ տանք ամոնացիների դէմ, եւ մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլխաւոր լինես»։ 9Յեփթայէն ասաց Գաղաադի ծերերին. «Եթէ դուք ինձ վերադարձնէք ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնի, ես կը դառնա՞մ»։ 10Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. «Տէրը թող մեր մէջ վկայ լինի, որ մենք քո խօսքի համաձայն կ’անենք»։ 11Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նրան իր վրայ գլխաւոր եւ առաջնորդ կարգեց։ Յեփթայէն Տիրոջ առաջ Մասեփայում ասաց իր այս բոլոր խօսքերը։

12Յեփթայէն ամոնացիների թագաւորի մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես ինձ մօտ պատերազմելու իմ երկրում»։ 13Ամոնացիների թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասաց. «Ինչո՞ւ Իսրայէլը գրաւեց իմ երկիրը Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան գետը։ Հիմա խաղաղութեամբ այն վերադարձրո՛ւ ինձ, եւ ես կը գնամ»։ Պատգամաւորները վերադարձան Յեփթայէի մօտ։ 14Յեփթայէն նորից պատգամաւորներ ուղարկեց ամոնացիների արքայի մօտ 15եւ ասաց նրան. «Այսպէս են ասում Իսրայէլը եւ Յեփթայէն. “Եգիպտոսից դուրս գալիս Իսրայէլը չգրաւեց Մովաբի երկիրն ու ամոնացիների երկիրը, 16այլ Իսրայէլն անապատով գնաց մինչեւ Կարմիր ծովը եւ եկաւ մինչեւ Կադէս։ 17Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց Եդոմի արքայի մօտ եւ ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով, բայց Եդոմի արքան չլսեց՛՛։ Մովաբի արքայի մօտ էլ պատգամաւորներ ուղարկեց, բայց նա էլ չկամեցաւ։ Եւ Իսրայէլը մնաց Կադէսում, 18շրջեց անապատում, պտոյտ տուեց Եդոմի երկրով եւ Մովաբի երկրով, եկաւ Մովաբի երկրի արեւելեան կողմով եւ բանակատեղի դրեց Առնոնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտաւ, որովհետեւ Մովաբի սահմանն Առնոնն էր։ 19Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց ամորհացիների Սեհոն արքայի մօտ, որ Եսեբոնի եւ ամորհացիների թագաւորն էր, եւ Իսրայէլը նրան ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով մինչեւ իմ տեղը՛՛։ 20Եւ Սեհոնը չկամեցաւ, որ Իսրայէլն անցնի իր սահմաններով։ Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակատեղի դրեց Ասսայում եւ պատերազմեց Իսրայէլի դէմ։ 21Իսրայէլի Տէր Աստուածը Սեհոնին եւ նրա ամբողջ ժողովրդին իսրայէլացիների ձեռքը մատնեց, եւ ջարդեցին նրանց, 22եւ Իսրայէլը ժառանգեց այդ երկրում ապրող ամորհացիների երկիրը, ամորհացիների բոլոր սահմանները Առնոնից մինչեւ Յաբոկ եւ անապատից մինչեւ Յորդանան գետը։ 23Արդ, Իսրայէլի Տէր Աստուածը ամորհացիներին վերացրել է Իսրայէլի իր ժողովրդի առջեւից, դո՞ւ պիտի ժառանգես այն։ 24Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի քեզ ժառանգութիւն տուածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածը ժառանգութիւն տուեց մեզ։ 25Արդ, դու Սեպփորի որդի Բաղակից՝ Մովաբի արքայից լա՞ւ ես. միթէ նա վի՞ճեց իսրայէլացիների հետ կամ պատերազմե՞ց նրանց դէմ. 26Իսրայէլը երեք հարիւր տարի ապրում է Եսեբոնում եւ նրա աւաններում, Արոյերում եւ նրա աւաններում ու Յորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Ինչո՞ւ չազատեցին դրանք այնքան ժամանակ։ 27Ես քո դէմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դէմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դէմ։ Իսրայէլացիների եւ ամոնացիների միջեւ դատաւոր եղող Տէրը թող այսօր անի»։ 28Բայց ամոնացիների արքան չանսաց Յեփթայէի յղած խօսքերին։

29Եւ Տիրոջ հոգին հակուեց Յեփթայէի կողմը։ Նա Գաղաադից, Մանասէից եւ Գաղաադի Դիտանոցից անցաւ ու Գաղաադի Դիտանոցից գնաց ամոնացիների կողմը։ 30Յեփթայէն Տիրոջը ուխտ արեց եւ ասաց. «Եթէ ամոնացիներին իմ ձեռքը մատնես, 31եւ ես խաղաղութեամբ վերադառնամ ամոնացիների մօտից, իմ տան դռնից ինձ ընդառաջ դուրս եկողին Տիրոջը ողջակէզ կը մատուցեմ»։ 32Եւ Յեփթայէն գնաց ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց մատնեց նրա ձեռքը։ 33Նա ջարդեց նրանց Արոյերից մինչեւ Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան ՝ մինչեւ այգեստանների Յաբէլը խիստ մեծ կոտորած տալով։ Ամոնացիները փախան իսրայէլացիների առաջից։

ՅԵՓԹԱՅԷԻ ԱՂՋԻԿԸ

34Յեփթայէն եկաւ Մասեփա, իր տունը, եւ ահա նրա աղջիկը նրան ընդառաջ ելաւ թմբուկներով եւ պարերով։ Նա նրա միակ սիրելի զաւակն էր, եւ նրանից բացի նա ուրիշ տղայ կամ աղջիկ չունէր։ 35Երբ նրան տեսաւ, պատառոտեց իր զգեստները եւ ասաց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս, դու ինձ ընկճեցիր, փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ քեզ համար պարտաւորութիւն ստանձնեցի Տիրոջ առաջ եւ չեմ կարող խօսքս ետ առնել»։ 36Աղջիկը նրան ասաց. «Եթէ ինձ համար պարտաւորութիւն ես ստանձնել Տիրոջ առաջ, արա՛ ինձ հետ այն, ինչ դուրս է եկել քո բերանից այն բանի փոխարէն, ինչ արեց Տէրը քեզ համար՝ վրէժ լուծելով քո թշնամիներից՝ ամոնացիներից»։ 37Եւ աղջիկն իր հօրն ասաց. «Միայն այս բա՛նն արա ինձ համար. թո՛յլ տուր, որ ես երկու ամիս գնամ ման գամ լեռների վրայ եւ իմ ընկերուհիների հետ ողբամ իմ կուսութիւնը»։ 38Եւ հայրն ասաց. «Գնա՛»։ Եւ արձակեց նրան երկու ամիս։ Աղջիկը իր ընկերուհիների հետ գնաց եւ լեռների վրայ ողբաց իր կուսութիւնը։ 39Երբ լրացաւ երկու ամիսը, վերադարձաւ իր հօր մօտ, եւ հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եւ Իսրայէլի մէջ սովորութիւն դարձաւ ողբալ Յեփթայէի աղջկան. 40սահմանուած օրերին, տարուայ մէջ չորս օր, Իսրայէլի աղջիկները հաւաքւում էին ողբալու գաղաադացի Յեփթայէի աղջկան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն