Հակոբոս

3

ԸՆԴԴԷՄ ԱՆՍԱՆՁ ԼԵԶՈՒԻ

1Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտէք։ Իմացէ՛ք, որ մեծ ենք ընդունելու, 2քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։ 3Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ 4Ահա՛ւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է։ 5Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ 6Լեզուն էլ կրակ է, մի անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը, բորբոքուած գեհենի կրակով։ 7Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը, 8բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել։ 9Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ։ 10Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ։ Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի։ 11Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն կը բխեցնի՞։ 12Եղբայրնե՛ր իմ, միթէ կարելի՞ է, որ թզենին ձիթապտուղ տայ կամ որթատունկը՝ թուզ։ Նմանապէս աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ։

ԵՐԿՐԱՅԻՆ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ

13Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա, ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը։ 14Իսկ եթէ ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը։ 15Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. 16որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան։ 17Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ 18Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն