Եսայիա մարգարեյի գիրք

51

ԽՐԱԽՈՅՍ ՏԻՐՈՋԸ ՓՆՏՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1«Լսեցէ՛ք ինձ, դուք, որ արդարութեան էք հետամուտ եւ փնտռում էք Տիրոջը, նայեցէ՛ք այն հաստատուն վէմին, որից կերտուել էք, եւ այն հորի փոսին, որից հանուել էք։

2Ձեր Աբրահամի՛ն նայեցէք եւ Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանզի ում ես կանչեցի, նա մէկն էր, օրհնեցի նրան, սիրեցի նրան եւ բազմացրի նրան։

3Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր աւերակները. քո բոլոր աւերակները դրախտի եմ վերածելու, արեւմտեան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախութիւն ու ցնծութիւն են նրա մէջ տեղ գտնելու, փառաբանութիւն ու օրհնութեան ձայն։

4Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ , ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը, եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար։

5Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ։

6Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին. երկինքը պիտի անցնի ինչպէս ծուխը, եւ երկիրը պիտի մաշուի ինչպէս ձորձերը, նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ, եւ իմ արդարութիւնը չի պակասելու։

7Դուք, որ ճանաչում էք իրաւունքը, եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում, լսեցէ՛ք ինձ. մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից, եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի,

8քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձեր եւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարութիւնը պիտի մնայ յաւիտեան, եւ իմ փրկութիւնը՝ սերնդից սերունդ»։

ԶԱՐԹՆԻ՛Ր, ԵՐՈՒՍԱՂԷ՛Մ

9Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ, եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը, զարթնի՛ր, ինչպէս հին օրերում, ինչպէս վաղեմի ժամանակներում։ Մի՞թէ դու նա չես, որ հատեցիր ովկիանոսի , վանեցիր վիշապին.

10Դու այն չե՞ս, որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի յորդութիւնը եւ ծովերի խորութիւնները ճանապարհ դարձրեց, որպէսզի այնտեղով անցնեն փրկուողներն ու ազատուողները։

11Տիրոջ շնորհիւ պիտի լինի վերադարձը, եւ նրանք են գալու ցնծութեամբ ու յաւիտենական ուրախութեամբ. նրանց գլխի վրայ օրհնութիւն պիտի լինի, եւ ուրախութիւնը պիտի հասնի նրանց. ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի հեռանան։

12«Ես եմ, ես այն նոյնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թէ դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց եւ ադամորդուց, որոնք չորացան ինչպէս խոտ։

13Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը եւ հաստատեց երկիրը, ու դու միշտ, ամէն օր վախենում էիր քեզ նեղողի բարկութիւնից՝ մտածելով, թէ նա կը բնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկութիւնը։

14Քո փրկութիւնը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. եւ քո հացը չի պակասելու։

15Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը։

16Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ, երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. “ Դու իմ ժողովուրդն ես”»։

17Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։

18Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ։

19Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ։

20Քո որդիները, տարակուսած, են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց։

21Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։

22Այսպէս է ասում Տէր , որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն։

23Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. “ Խոնարհուի՛ր, որ անցնենք”։ Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քո վրայով անցնողների համար»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն