Եսայիա մարգարեյի գիրք
34
ԵԴՈՄԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ
1Մօ՛տ եկէք ու լսեցէ՛ք, ո՛վ հեթանոսներ, ակա՛նջ դրէք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրը՝ իր մէջ գտնուողների հետ, աշխարհը՝ իր մէջ ապրող ժողովուրդների հետ։
2Տիրոջ զայրոյթը բոլոր ազգերին է ուղղուած, բարկութիւնը նրանց բոլոր բազմութիւնների դէմ է, որպէսզի ոչնչացնի նրանց՝ մատնելով սպանութեան.
3իսկ նրանց վիրաւորները պիտի ընկնեն դիտապաստ, նրանցից նեխահոտ պիտի փչի, լեռները պիտի թրջուեն նրանց արեամբ։
4Երկնային բոլոր զօրութիւնները պիտի հալուեն, երկինքը մագաղաթի պէս պիտի գալարուի, բոլոր աստղերը ցած պիտի թափուեն ինչպէս որթատունկի տերեւ կամ ինչպէս թզենուց վայր ընկնող տերեւ։
5Սուրն իմ, որ հարբել է երկնքում, այժմ իջնելու է եդոմայեցիների վրայ եւ կորստեան դատապարտուած ժողովրդի վրայ՝ դատաստանի համար։
ԵԴՈՄԻ ԿՈՏՈՐԱԾԸ
6Տիրոջ սուրը յագեցել է արեամբ, ուռել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորայում՝ զոհաբերութիւն, իսկ եդոմայեցիների երկրում մեծ սպանդ է լինելու։
7Նրանց հետ պիտի ճզմուեն մեծամեծները, նաեւ խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արեամբ, եւ հողը նրանց ճարպով պիտի լցուի։
8Արդարեւ, Տիրոջ դատաստանի օրն է, Սիոնի դատաստանի հատուցման տարին.
9եւ նրա ձորերը ձիւթ պիտի դառնան, իսկ նրա հողը՝ ծծումբ.
10նրա հողը, ինչպէս ձիւթ, զօր ու գիշեր պիտի վառուի եւ յաւիտենապէս չի հանգչելու։ Նրա ծուխը վեր պիտի բարձրանայ, եւ նա սերնդից սերունդ պիտի աւերուի, շատ ու շատ ժամանակներ պիտի աւերուի, եւ չի լինելու ոչ ոք, որ անցնի այնտեղով։
11Այնտեղ բնակութիւն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռաւները, նրա մէջ պիտի ջնջուեն ու աւերակ դառնան չափուած սահմանները, յուշկապարիկները պիտի բնակուեն այնտեղ։
12Նրա իշխանները պիտի դադարեն գոյութիւն ունենալուց, նրա թագաւորներն ու մեծամեծները պիտի կործանուեն։
13Նրա քաղաքներում եւ ամրոցներում փշաբեր ծառ պիտի բուսնի։ Համբարուների բնակատեղի եւ ջայլամների հանգրուան պիտի դառնայ նա,
14ուր դեւերն ու յուշկապարիկներն են հանդիպելու եւ միմեանց ձայն տալու։ Այնտեղ պիտի հանգրուանեն յուշկապարիկները, որովհետեւ իրենց համար հանգիստ են գտնելու։
15Այնտեղ ոզնին ձագեր պիտի հանի, եւ երկիրը զգուշութեամբ սնուցելու է նրա ձագերին։ Այնտեղ միմեանց են հանդիպելու եղջերուները եւ իրար երես են տեսնելու.
16նրանք թուով պիտի բազմապատկուեն, նրանցից մէկն անգամ չի նուազելու, ընկերն ընկերոջ պակաս չի զգալու, քանզի Տէրն է այդպէս հրամայել նրանց, Նրա Հոգին է նրանց հաւաքել։
17Նա է նրանց այդ վիճակին արժանացրել, նրա ձեռքն է նրանց կեր բաժանել՝ յաւիտեանս յաւիտենից։ Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ եւ հանգրուան գտնեն այնտեղ։