Եսայիա մարգարեյի գիրք

30

ԱՄՕԹԱԼԻ ԴԱՇԻՆՔ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ

1Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանզի խորհուրդ էք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք էք կռում, բայց ոչ իմ հոգով, մեղքերի վրայ մեղքեր էք բարդում։

2Առանց ինձ հարցնելու գնում իջնում էք Եգիպտացիների երկիրը՝ Փարաւոնից օգնութիւն գտնելու եւ եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու։

3Բայց Փարաւոնի պաշտպանութիւնը ձեզ համար ամօթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապաւինելը՝ նախատինք.

4քանզի Տայանիս երկրում իշխանները չար պատգամաբերներ են.

5զուր տեղը ջանք կը թափե՞ն մի ժողովրդի համար, որից ո՛չ շահ եւ ո՛չ էլ օժանդակութիւն ու օգուտ է լինելու իրենց, այլ՝ ամօթ ու նախատինք»։ 6 անապատում նեղութեան եւ տառապանքի մէջ գտնուող չորքոտանիների մասին։ Առիւծն ու առիւծի կորիւնը եւ իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը բարձած էշերին եւ իրենց հարստութիւնը դրած ուղտերի վրայ, գնում են մի ազգի մօտ, որից իրենց օգուտ ու օժանդակութիւն չի լինելու, այլ՝ ամօթ ու նախատինք։

7Եգիպտացիներին, որոնք իզուր եւ ապարդիւն են օգնում ձեզ, յայտնի՛ր. «Զուր է ձեզնից ստացած մեր մխիթարանքը»։

ԱՆՀՆԱԶԱՆԴ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

8Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրայ եւ գրքի մէջ, որպէսզի դա պահպանուի իր ժամանակի համար եւ յաւիտեանս յաւիտենից,

9քանզի ժողովուրդն անհաւատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետեւել Աստծու օրէնքին։

10Նրանք մարգարէներին ասում էին. «Մի՛ մարգարէացէք, այլ խօսեցէ՛ք մեզ հետ ու մեզ պատմեցէ՛ք մի այլ մոլորութեան մասին.

11մեզ յե՛տ դարձրէք այդ ճանապարհից, հեռացրէ՛ք մեզ այդ շաւղից, մեր միջից հանեցէ՛ք Իսրայէլի Աստծու օրէնքները»։

12Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Որովհետեւ դուք անարգեցիք այդ խօսքերը եւ ապաւինեցիք սնոտի ստին, տրտնջացիք եւ յոյս դրիք դրա վրայ,

13այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկոյն խորտակուած պարսպի պէս, որը գրաւուած է, եւ որին հասել է յանկարծակի կործանում։

14Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցէ անօթի ջարդուելուն, այնքան մանր փշրուած, որ որեւէ մէկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպէսզի դրանով կրակ վերցնի եւ կամ կարողանայ մի քիչ առնել»։

ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՓԱԽՈՒՍՏ

15Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբ Աստուածը. «Երբ դարձի գաս եւ հոգոց հանես, այն ժամանակ կ’ապրես եւ կ’իմանաս, թէ որտեղ ես գտնւում»։ Որովհետեւ յոյսդ դրել էիր սնոտի բաների վրայ, դրա համար էլ սնոտի դարձաւ եւ ձեր զօրութիւնը։ Դուք չէիք կամենում լսել,

16այլ ասում էիք. «Մենք կը փախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. «Մենք կը փախչենք մեր արագընթաց երիվարներով»։ Դրա համար առաւել արագընթաց պիտի լինեն նրանք, որոնք ձեզ հալածելու են.

17քանզի մէկի աղաղակից հազարը պիտի փախչի, հինգի աղաղակից՝ տասը հազարը, մինչեւ որ մնաք լերան վրայ ցցուած ձողի նման եւ կամ ինչպէս բլրի վրայ կանգնեցուած քարակոթող։

18Սակայն շուտով նորից գթալու է ձեզ, վեր է կենալու, որպէսզի ողորմի ձեզ։ Տէր Աստուած մեր դատաւորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,

19որովհետեւ արդար ժողովուրդը պիտի բնակուի Սիոնում։ Եւ Երուսաղէմը լալով պիտի պաղատի, թէ՝ ողորմի՛ր ինձ։ Պիտի ողորմի քեզ, պիտի գթայ քո ձայնին ու աղաղակին, հէնց որ տեսնի ու լսի քեզ։

20Տէրը նեղութեան մէջ քեզ՝ եւ թշուառութեան մէջ ջուր պիտի տայ. էլ քեզ չեն մօտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետեւ աչքերդ բացուելու են քեզ մոլորեցնողների հանդէպ,

21եւ ականջներդ քեզ մոլորեցնողների յետեւից լսելու են նրանց ասած խօսքերը, թէ՝ “ Սա է ճանապարհը, այստեղով գնանք”, եւ կամ թէ՝ “ Դէպի ա՛ջ, կամ՝ դէպի ձա՛խ”։

22Դու պիտի պղծես արծաթապատ եւ ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք եւ թափես ինչպէս դաշտանի ջուր, ինչպէս աղբ՝ պիտի հեռացնես դրանք։

23Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրեւ պիտի լինի, քո հողի հացն ու բերքը պիտի լինեն առատ ու յուռթի, եւ այն օրը քո հօտերը պիտի արածեն փարթամ ու ընդարձակ վայրում։

24Ձեր արջառներն ու եզները, որոնք հողն են վարում, պիտի ուտեն յարդ՝ խառնուած գարու հետ, որ բերելու են կալից։

25Այն օրը բոլոր բարձր լեռների եւ բոլոր բարձրաբերձ բլուրների վրայ ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, եւ կործանուեն աշտարակները։

26Այն օրը լուսնի լոյսն արեգակի լոյսի պէս պիտի լինի, իսկ արեգակի լոյսը պիտի լինի եօթնապատիկ շատ, պիտի դառնայ եօթը օրուայ լոյսի չափ, ու Տէրը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարուածը, պիտի բուժի քո վէրքերի ցաւերը։

ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺԵԼՈՒ Է ԱՍՈՐԵՍՏԱՆԸ

27Ահաւասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գայ Տիրոջ անունը՝ բարկութեամբ վառուած եւ փառքով լի. բարկութեամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խօսքերը։ Նրա բարկութիւնն ու ցասումը կրակի պէս պիտի լափեն,

28իսկ նրա հոգին, ինչպէս ձորը լցուող յորդահոս հեղեղ, պիտի հասնի մինչեւ պարանոցը։ Եւ պիտի բաժանի ու խռովութեան մատնի ազգերին՝ իրենց սնոտի մոլորութեան համար, պիտի հալածի նրանց մոլորութիւնը եւ նրանց հանի միմեանց դէմ։

29Մի՞թէ դուք հանապազ ուրախութեամբ պիտի մտնէք իմ սրբութիւնները, մի՞թէ ամէն տօնախմբութիւններով, ցնծութեամբ ու փողերով պիտի մուտք գործէք Տիրոջ լեռը՝ Իսրայէլի սուրբ Աստծու մօտ։

30Տէրը լսելի պիտի դարձնի իր փառաւոր ձայնը, ցոյց պիտի տայ իր բազկի զայրոյթը՝ սրտմտութեամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահաւոր բարկութեամբ, ինչպէս եւ ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։

31Ասորեստանցիները պիտի ընկճուեն Տիրոջ ձայնից եւ այն հարուածներից, որ Նա հասցնելու է նրանց։

32Եւ իրենց օգնականները, որոնց վրայ յոյս էին դրել, ամէն կողմից շրջապատման մէջ են առնելու նրան. փողերով ու թմբուկով նրանք շատ անգամ փոխնիփոխ պիտի կռուեն նրանց դէմ ու ոչ թէ վաղօրօք, այլ հէնց ժամանակին վրէժխնդիր պիտի լինեն նրանցից։

33Եւ արդ, մի՞թէ ձեզ համար եւս նախատեսուած է թագաւորել։ Խոր ձորի մէջ փայտ է դիզուած, մեծ փայտակոյտն է բորբոքուել հրով. Տիրոջ զայրոյթն է բորբոքուած, ինչպէս ծծմբով լի ձոր։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն