Եսայիա մարգարեյի գիրք
16
ՄՈՎԱԲԸ ՕԳՆՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԷՄԻՑ
1Մի՞թէ Սիոնի դստեր լեռը աւերակ ապառաժ է լինելու։
2Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես ինչպէս թռած թռչնի անտէր մնացած ձագը։
3Սակայն դու էլ, Առնո՛ն, փոքր-ինչ երկա՛ր մտածիր՝ նրանց համար սգոյ տներ կառուցելու, որոնք, կարծես խաւարի մէջ, միջօրէի ժամին հանապազ փախչում են։
4Նրանք զարհուրած են, բայց դու չես առաջնորդում. Մովաբի փախստականները քեզ մօտ են պանդխտելու, հալածողից քեզ մօտ են ապաւինելու, քանզի ընկաւ քո մարտակից ընկերը, կորաւ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը։
5Ողորմածութեամբ պիտի հաստատուի աթոռը, ու նրա վրայ, Դաւթի խորանի մէջ, ճշմարտութեամբ պիտի բազմի նա, ով դատելիս իրաւունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանայ արդարութիւն անել։
6Լսեցինք Մովաբի ամբարտաւանութեան մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտաւանութիւնը ես վերացրի քեզնից,
7բայց ոչ այնպէս, ինչպէս քո կախարդութիւնը, եւ ոչ էլ այնպէս, ինչպէս նրանք, որ Մովաբի ողբն են անում։ Մովաբի վրայ պիտի ողբան բոլոր նրանք, որոնք բնակւում են Դեսեթում, պիտի մրմնջան ու չամաչեն,
8քանզի Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները նուազեցին, ազգերի իշխանները կոտորեցին նրա ընտիր-ընտիր որթատունկերը, որոնք հասնում էին մինչեւ Յազեր, տարածւում անապատում, եւ նրանց շառաւիղները ձգուելով անցնում ծովից այն կողմ։
9Դրա համար էլ Յազերի լացով պիտի լամ Սեբիմայի այգիների վրայ։ Ո՛վ Եսեբոն եւ Ելէիլա, ձեր ծառերը կոտորուեցին, որպէսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, եւ ամէն ինչ կործանուի։
10Ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանան այգիներից, ձեր այգեստանում ուրախութիւն չի լինելու, ձեր հնձաններում գինի չեն քամելու, որովհետեւ է՛լ այգեկութ չի լինի։
11Ահա թէ ինչու իմ աղիքները քնարի նման պիտի հնչեն Մովաբի համար, իսկ իմ փորը, իբրեւ պարիսպ, նորոգեցիր։
12Եւ դա քեզ համար պիտի լինի ամօթանք, որովհետեւ Մովաբը տանջուեց իր մեհեաններում եւ ուխտաւորի նման պիտի մտնի իր ձեռակերտ կռատների մէջ, որոնք չպիտի կարողանան փրկել նրան։
13Սա է այն խօսքը, որ Տէրը մի ժամանակ ասաց Մովաբի մասին 14եւ այժմ նորից խօսեց՝ ասելով. «Երեք տարուայ ընթացքում, վարձկանի տարիների պէս, պիտի անարգուի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծութեամբ, եւ նա պիտի դառնայ սակաւամարդ ու աննշան»։