Եսայիա մարգարեյի գիրք

15

ԱՍՏՈՒԱԾ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ Է ՄՈՎԱԲԸ

1Պատգամ մովաբացիների մասին

2Գիշերով պիտի կոտորուի մովաբացին, գիշերով պիտի կործանուի Մովաբի պարիսպը։ Սգացէ՛ք ձեզ, որովհետեւ կործանուելու է Գեդեբոնը՝ ձեր մեհեանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբաւի վրայ լաց լինելու։ Ողբացէ՛ք, քանզի ամէն գլուխ ճաղատ է դարձել, բոլոր բազուկները՝ խորտակուել։

3Նրա հրապարակներում քո՛ւրձ հագէք, նրա տանիքների վրայ լաց ու կո՛ծ արէք եւ նրա փողոցներում ամէնքդ ողբացէ՛ք ու լացէ՛ք։

4Եսեբոնն ու Ելէիլան գոյժ բարձրացրին, նրանց ձայները մինչեւ Յասսա հասան, ահա թէ ինչու մովաբացու ձայնը հնչում է երկար, եւ նա ճանաչում է իրեն։

5Մովաբացու սիրտն իր մէջ գոչում է մինչեւ Սեգոր, որովհետեւ նա երեք տարեկան երինջ է։ Լուիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մօտ, Արոնիիմի ճանապարհին կոտորածի վայնասուն եւ իրարանցում պիտի ընկնի։

6Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանայ, եւ այնտեղ դալար բոյս չպիտի ճարուի. մի՞թէ այդպէս հնարաւոր կը լինի ապրել։

7Նրա ձորերի վրայ պիտի բերեմ արաբացիներին, որ գրաւեն,

8քանզի մովաբացու սահմանների բողոքը միացաւ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասաւ մինչեւ Ելիմի ջրհորը։

9Եւ Ռեմոնի ջուրը պիտի լցուի արեամբ, քանզի Ռեմոնի վրա՛յ պիտի բերեմ արաբացիներին, սողունների պէս պիտի ուղարկեմ երկրի վրայ ու վերացնեմ Մովաբի զաւակին, Արիէլին եւ Ադեմի մնացորդներին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն