Ովսէէ մարգարեյի գիրք

4

ՏԷՐՆ ԱՄԲԱՍՏԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ

1Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, իսրայէլացինե՛ր, որովհետեւ Տէրը դատ ունի երկրի բնակիչների հետ. «Չկայ ճշմարտութիւն, չկայ ողորմութիւն եւ չկայ Աստծու ճանաչում երկրի վրայ։

2, ստութիւն, սպանութիւն, գողութիւն եւ շնութիւն ողողել են երկիրը եւ արիւնը արեան են խառնում։

3Դրա համար սուգը կը պատի երկիրը, եւ կը նուազեն նրա բոլոր բնակիչները՝ 4անապատի գազանները, գետնի սողունները եւ երկնքի թռչունները, կը պակասեն ծովի ձկները. քանի որ չի լինելու մէկը, որ դատի, ոչ էլ մէկը, որ յանդիմանի»։

ՏԷՐՆ ԱՄԲԱՍՏԱՆՈՒՄ Է ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ

5«Բայց իմ ժողովուրդը նման է քահանային հակաճառողի. նրանք կը տկարանան ցերեկով, եւ մարգարէն էլ կը տկարանայ քեզ հետ. քո մօրը նմանեցրի գիշերուան։

6Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի. քանի որ դու մերժեցիր իմացութիւնը, ես էլ քեզ կը մերժեմ, որպէսզի քահանայութիւն չանես ինձ համար. քանի որ մոռացար քո Աստծու օրէնքները, ես էլ կը մոռանամ քո որդիներին։

7Քահանաները իրենց թուի աճի համեմատ գործեցին իմ նկատմամբ, նրանց փառքը անարգանքի կը վերածեմ։

8Իմ ժողովրդի մեղքերով կ’ուռճանան եւ իրենց անիրաւութեամբ կը հարստացնեն իրենց անձերը։

9Ինչպէս ժողովուրդը, այնպէս էլ քահանան կը լինի, եւ ես կը պատժեմ նրան, նրա ճանապարհների եւ նրա խորհուրդների համաձայն կը հատուցեմ նրան.

10կ’ուտեն եւ չեն յագենայ, կը պոռնկանան, բայց յաջողութիւն չեն գտնի, քանի որ լքեցին Տիրոջը՝ ամբողջապէս պոռնկանալու համար»։

ՏԷՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

11«Գինին եւ հարբեցողութիւնը գրաւեցին իմ ժողովրդի սիրտը։

12Վիճակաքարեր գցելով խորհուրդ էին հարցնում, եւ քահանաներն իրենց փայտիկներով պատասխանում էին նրանց. պոռնկութեան սատանայից մոլորուեցին եւ պոռնկացան իրենց Աստծու նկատմամբ։

13Լեռների գլխին էին մատուցում եւ բլուրների վրայ ողջակէզ էին անում կաղնիների, կաղամախիների եւ սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց. դրա համար ձեր դուստրերը կը պոռնկանան, եւ ձեր հարսները կը շնանան։

14Ես չեմ պատժելու ձեր դուստրերին, երբ պոռնկանան, եւ ձեր հարսներին՝ երբ շնանան, քանի որ այրերն իրենք էին պոռնիկների հետ կենակցում, զոհ էին մատուցում մեհեաններին նուիրուածների հետ, եւ քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակւում էր պոռնիկների հետ։

15Բայց դո՛ւ, Իսրայէ՛լ, տգէտ մի՛ լինիր, եւ Յուդայի՛ որդիներ, մի՛ մտէք Գաղգաղա, մի՛ բարձրացէք Ովնի եւ մի՛ երդուէք կենդանի Տիրոջ անունով,

16քանի որ Իսրայէլն ինձ համար եղաւ ինչպէս լուծը թօթափած երինջ»։ Արդ, Տէրը նրանց որպէս գառ կ’արածացնի բաց դաշտում։ 17Եփրեմը յարեց կուռքերին, գայթակղութեան մատնեց իր անձը. բոլորը տենչացին քանանացիների կուռքերին, սիրեցին. թողէ՛ք նրանց։ 18Չափից դուրս պոռնկացան, սիրեցին անպատուութիւնը իրենց հպարտութեան պատճառով։ 19Քամու մրրիկ կը փչի նրանց թեւերի տակ, եւ կ’ամաչեն իրենց զոհասեղանների համար։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն