Ովսէէ մարգարեյի գիրք

11

ԱՍՏԾՈՒ ՍԷՐԸ ԱՊՍՏԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԷՊ

1«Առաւօտեան նրանք ընկան, ընկաւ Իսրայէլի թագաւորը։ Քանի դեռ մանուկ էր Իսրայէլը, ես սիրեցի նրան եւ Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։

2Եւ ինչպէս կանչեցի նրանց, այնպէս էլ հեռացան իմ ներկայութիւնից։ Նրանք Բահաղիմին էին մատուցում եւ խնկարկում էին կուռքերին։

3Ես խափանեցի Եփրեմի ընթացքը եւ նրան վերցրի իմ բազուկների վրայ.

4չիմացան, որ ես բժշկում եմ նրանց։ Երբ մարդիկ ապականուեցին, ես կապեցի նրանց իմ սիրոյ կապերով եւ նրանց համար դարձայ այնպիսին, որ ապտակում է ուրիշի ծնօտին։ Ես հոգ կը տանեմ եւ կը յաղթեմ նրան։

5Եփրեմը բնակուեց Եգիպտոսում, իսկ ասորեստանցին նրա թագաւորն էր, քանի որ չուզեցին վերադառնալ։

6Նա սրով տկարացաւ իր քաղաքներում եւ դադարեց կռիւ մղել իր ձեռքերով։ Նրանք կը ճաշակեն իրենց խորհուրդների պտուղը։

7Նրա ժողովուրդը կախուած կը մնայ իր բնակավայրից, եւ կը բարկանայ նրա պատուական բաների վրայ ու չի մեծարի նրան։

8Ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ, Եփրե՛մ, ինչպէ՞ս պաշտպան լինեմ քեզ, Իսրայէ՛լ, ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ. քեզ կը դարձնեմ ինչպէս եւ ինչպէս Սեբոյիմ։

9Սիրտս շուռ եկաւ, գութս շարժուեց, եւ իմ սաստիկ բարկութեան թելադրանքով չեմ վարուի ու չեմ թողնի, որ Եփրեմը ջնջուի, քանի որ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ, Սուրբ եմ ձեր մէջ եւ չեմ մտնի։

10Տիրոջ յետեւից կը գնան։ Նա առիւծի պէս կը մռնչայ. քանի որ նա կը մռնչայ եւ ջրերի որդիներին կ’ապշեցնի։

11Որպէս թռչուն կը թռչեն, կը գան Եգիպտոսից, եւ որպէս աղաւնիներ՝ Ասորեստանից. «Կը պատսպարեմ նրանց իրենց տներում», - ասում է Տէրը։

12Եփրեմն ինձ ստութեամբ պաշարեց, իսկ Իսրայէլի եւ Յուդայի տունը՝ անբարշտութեամբ։ Բայց այժմ Աստուած ճանաչեց նրանց, եւ նրանք կը կոչուեն Աստծու սուրբ ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն