Եբրայեցիս

7

ՄԵԼՔԻՍԵԴԵԿ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ

1Քանզի այս Մելքիսեդեկը թագաւոր էր Սաղեմի, բարձրեալ Աստծու քահանայ, որ Աբրահամին ընդառաջ ելաւ, երբ նա վերադառնում էր թագաւորների կոտորածից, եւ օրհնեց նրան. 2եւ Աբրահամը ամէն ինչից տասանորդներ տուեց նրան. «» նախ թարգմանւում է՝ արդարութեան թագաւոր, ապա՝ թագաւոր Սաղեմի, այսինքն՝ թագաւոր խաղաղութեան։ 3Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոհմի. ո՛չ օրերի սկիզբ ունէր եւ ո՛չ կեանքի վախճան. նմանուելով Աստծու Որդուն՝ նա կայ ու մնում է մշտնջենապէս քահանայ։

4Արդ, տեսէ՛ք, թէ ինչպիսի մէկն էր սա, որին նահապետն էլ տասանորդներ տուեց աւարից։ 5Եւ Ղեւիի զաւակներից նրանք, որ քահանայութիւն են ստանում, ունեն, ըստ օրէնքի, վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թէկուզ եւ վերջիններս Աբրահամի զաւակներ լինեն։ 6Իսկ նրանց ազգատոհմից չհամարուածը տասանորդ վերցրեց Աբրահամից եւ օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը։ 7Արդ, ամէն հակաճառութիւնից վեր է այն, որ օրհնողն աւելի բարձր է, քան օրհնուողը։

8Եւ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդներ առնում, բայց այնտեղ՝ նա, ով վկայում է, թէ կենդանի է։ 9Եւ ինչպէս խօսքի կարգ է ասել, Ղեւին իսկ, որ տասանորդներ էր առնում, Աբրահամի միջոցով տասանորդ տալու ենթարկուեց, 10որովհետեւ նա դեռ իր հօր կողում էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելաւ։

ՂԵՒՏԱԿԱՆ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ ԱՆԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

11Իսկ արդ, եթէ կատարելութիւնը ղեւտացիների քահանայութեան միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր օրէնք ստացել), ի՞նչ կարիք կար այլեւս, որ մի այլ քահանայ երեւան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, չասելու համար՝ ըստ Ահարոնի կարգի, 12որովհետեւ քահանայութիւն փոփոխուելով՝ պէտք էր, որ օրէնքի փոփոխութիւն էլ լինէր։ 13Եւ նա, ում մասին այսպէս է ասւում, պատկանում էր այլ ցեղի, որից ոչ ոք երբեք սեղանի ծառայութեան մասնակից չեղաւ։ 14Արդ, յայտնի իսկ է, թէ մեր Տէրը սերում է Յուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսէսը ոչինչ չի ասել։ 15Եւ առաւել եւս յայտնի է, թէ Մելքիսեդեկի նմանութեամբ երեւալու է մի այլ քահանայ, 16որը ըստ մարմնաւոր պատուիրանի չէ, որ եղաւ քահանայ, այլ՝ ըստ անվախճան կեանքի զօրութեան։

17Արդարեւ վկայուեց, թէ՝ «Դու յաւիտեան քահանայ ես, ըստ Մելքիսեդեկի կարգի»։

18Առաջին պատուիրանը արհամարհուեց իր տկարութեան եւ անօգտակարութեան պատճառով, - 19քանզի օրէնքը կատարեալ ոչինչ չարեց, - եւ նրա տեղ մտաւ լաւագոյն մի յոյս, որով մօտենում ենք Աստծուն։ 20Այն չափով, որ Յիսուս երդումով քահանայ եղաւ (որովհետեւ կան ոմանք, որ առանց երդումի են քահանաներ կարգուել, 21բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան. «Երդուեց Տէրը եւ էլ չի զղջայ. դու յաւիտեան քահանայ ես» ),

22այդ նոյն չափով Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն մի ուխտի։

23Եւ այսպէս, շատ քահանաներ եղան, որովհետեւ մահը արգելք էր լինում, որ նրանք տեւապէս քահանայ մնան։ 24Իսկ սա, յաւիտենական լինելու պատճառով, ունի անանց քահանայութիւն։ 25Ուստի եւ կարո՛ղ է իր միջոցով Աստծուն մօտեցողներին մէկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխօս լինելու նրանց համար։

26Արդարեւ, մեզ պէտք էր ճիշտ այսպիսի մի ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատուած մեղաւորներից եւ բարձրացած աւելի վեր, քան երկինքները, 27որը, ինչպէս այլ քահանայապետներ, պէտք չունի նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու եւ ապա՝ ժողովրդի մեղքերի համար. իսկ Քրիստոս մէկ անգամ առ միշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքը իրե՛ն մատուցեց։ 28Օրէնքը քահանայապետներ է կարգում տկարութիւններով պատած մարդկանց, իսկ երդման խօսքը, որ օրէնքից յետոյ է գալիս, կարգում է Որդուն, որ յաւիտեան կատարեալ է։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն