Եբրայեցիս

5

1Ամէն մի , մարդկանց միջից ընտրուելով, պաշտօն ունի մարդկանց կողմից Աստծու հետ յարաբերութեան մէջ լինելու, որպէսզի ընծաներ եւ զոհեր մատուցի մեղքերի համար։ 2Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել տգէտներին եւ մոլորուածներին, քանի որ ինքն էլ տկարութեամբ պատած մարդ է. 3դրա համար պէտք է, որ նա, ինչպէս ժողովրդի, այնպէս էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի համար։

4Եւ որեւէ մէկը ոչ թէ ինքն իրենից է առնում այս պատիւը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչուած, ինչպէս որ՝ Ահարոնը։ 5Նոյնպէս եւ Քրիստոս ոչ թէ ինքն իրեն մեծարեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ»։

6Ինչպէս որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու յաւիտեան քահանայ ես, ըստ Մելքիսեդեկի կարգի»։

7Նա էր, որ մարմնի մէջ եղած իր օրերում աղօթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահուանից։ Եւ նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար։ 8Թէպէտեւ Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց. 9եւ կատարեալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդուողներին յաւիտենական փրկութեան պատճառ դարձաւ 10եւ Աստծուց անուանուեց յաւիտեանների Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՒԱՏԸ ԼՔԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՑ

11Այս մասին մենք շատ ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ։ 12Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ պինդ կերակրի. 13քանի որ, ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է. 14իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն