Ամբակում մարգարեյի գիրք
3
ԱՄԲԱԿՈՒՄԻ ԱՂՕԹՔԸ
1Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով։
2«Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի. դու կը ճանաչուես երկու գազանների միջեւ, երբ տարիները մօտենան՝ կը յայտնուես, երբ ժամանակը հասնի՝ կ’երեւաս, երբ իմ անձը բարկութիւնից խռովուի՝ ողորմութիւնս կը յիշես։
3Աստուած Թեմանից կը գայ, սուրբը՝ զով եւ անտառախիտ լեռից. նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնութեամբ լցուեց երկիրը (դադար)։
4Նրա ճառագայթները լոյսի պէս կը լինեն, եւ եղջիւրներ կային նրա ձեռքում։ Նա ուժգին սէր հաստատեց իր զօրութեան նկատմամբ։
5Նրա առջեւից լուրը կը գնայ եւ դաշտ դուրս կը գայ նրանից յետոյ։
6Նա կանգնեց, եւ շարժուեց երկիրը. նայեց, եւ հալուեցին ազգերը, լեռները բռնութեամբ խորտակուեցին, եւ հալուեցին յաւերժական բլուրներ։
7Նրա ընթացքը յաւիտենական տեսայ, զարհուրեցին եթովպացիների վրանները եւ Մադիամի երկրի վրանները։
8Մի՞թէ գետերի դէմ ես բարկանում, Տէ՛ր, քո բարկութիւնը գետերի՞ վրայ է ընկնում, կամ քո ասպատակութիւնը՝ ծովերի՞ վրայ, որպէսզի բարձրանաս քո ձիու վրայ, իսկ քո հեծնելը փրկութիւն է։
9Շատ ձիգ կը լարես քո աղեղը իշխանութեան դէմ, - ասում է Տէրը, - երկիրը գետերով պատռուեց։
10Քեզ կը տեսնեն ժողովուրդները եւ երկունքի ցաւեր կ’ունենան. դու ես հաստատում ջրերի ընթացքը։ Անդունդները ձայն տուեցին սաստիկ բարձրութեամբ։
11Բարձրացաւ արեգակը, եւ լուսինը կանգնեց իր տեղում։ Քո նետերը կը թռչեն լոյսի մէջ, եւ քո զէնքերի փայլը կը լինի փայլատակումների պէս։
12Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը եւ բարկութեամբ կը տկարացնես ազգերին։
13Ելար քո ժողովրդի փրկութեան համար՝ փրկելու քո օծեալներին. մահ բերեցիր անօրէնների գլխին. կապանքներ բարձրացրիր ամբողջ պարանոցն ի վեր (դադար)։
14Ապուշ դարձնելով խորտակեցիր բռնակալների գլուխը։ Նրանք կը սասանուեն դրանից, կ’արձակեն իրենց երասանները ինչպէս գաղտագողի ուտող աղքատ։
15Ծով հանեցիր քո ձիերը՝ շատ ջրեր պղտորելու։
16Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից։ Կը հանգստանամ նեղութեան օրը, որպէսզի ելնեմ գնամ դէպի իմ պանդուխտ ժողովուրդը.
17քանզի եթէ անգամ թզենին իր պտուղը չտայ, որթատունկը ծնունդ չունենայ, ձիթենին բերք չտայ, դաշտերը կերակուր չտան, հօտերը դադարեն արածելուց, եւ մսուրների մէջ եզներ չլինեն,
18ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստուծով։
19Տէր Աստուածն է իմ զօրութիւնը, նա կը հաստատի իմ ոտքերը մինչեւ վերջ եւ ինձ բարձունք կը հանի՝ յաղթելու իր երգով»։