Ծննդոց

29

ՅԱԿՈԲԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԼԱԲԱՆԻ ՏՈՒՆԸ

1Յակոբը վեր կացաւ գնաց արեւելեան երկիրը, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր։ 2Նա դաշտում մի ջրհոր տեսաւ։ Այնտեղ մակաղել էր ոչխարների երեք հօտ. Այդ ջրհորից էին տալիս ոչխարներին։ 3Ջրհորի բերանին մի մեծ քար կար։ Բոլոր հօտերն այնտեղ էին հաւաքւում։ Հովիւները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս ոչխարներին եւ ապա քարը դարձեալ դնելով իր տեղը՝ փակում էին ջրհորի բերանը։ 4Յակոբը հարցրեց նրանց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց էք»։ 5Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»։ Նա հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ էք Նաքորի որդի Լաբանին»։ Նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»։ 6Նա հարցրեց նրանց. «Նա ողջ-առո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է»։ Հէնց այդ պահին նրա դուստր Ռաքէլը գալիս էր ոչխարների հետ։ 7Յակոբն ասաց. «Օրը դեռ առջեւում է, ոչխարները հաւաքելու ժամանակը չէ, ջուր տուէ՛ք ոչխարներին եւ տարէ՛ք էլի արածեցնելու»։ 8Նրանք ասացին. «Դա անհնար է, քանի դեռ չեն հաւաքուել բոլոր հովիւները եւ ջրհորի բերանից քարը չեն գլորել. Դրանից յետոյ ջուր կը տանք ոչխարներին»։ 9Մինչ նա խօսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստր Ռաքէլը եկաւ իր հօր ոչխարների հետ, որովհետեւ նա էր արածեցնում իր հօր ոչխարները։ 10Երբ Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի դուստր Ռաքէլին եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, մօտեցաւ, ջրհորի բերանից գլորեց քարը եւ ջրեց իր մօրեղբայր Լաբանի ոչխարները։ 11Յակոբը համբուրեց Ռաքէլին ու բարձրաձայն լաց եղաւ։ 12Յակոբը Ռաքէլին յայտնեց, որ ինքը նրա է՝ Ռեբեկայի որդին։ Ռաքէլը գնաց ու հօրը պատմեց այն, ինչ պատահել էր։ 13Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Յակոբի անունը, ընդառաջ գնաց, գիրկն առաւ նրան, համբուրեց ու տարաւ իր տունը։ Յակոբը Լաբանին պատմեց այդ բոլոր բաները։ 14Լաբանն ասաց նրան. «Իմ ոսկորներից եւ իմ միս ու արիւնից ես դու»։ Յակոբը նրա մօտ մնաց մի ամբողջ ամիս։

ՅԱԿՈԲԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԼԱԲԱՆԻՆ

ՌԱՔԷԼԻ ՈՒ ԼԻԱՅԻ ՀԱՄԱՐ

15Լաբանն ասաց Յակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։ 16Լաբանն ունէր երկու դուստր։ Աւագի անունը Լիա էր, իսկ կրտսերինը՝ Ռաքէլ։ 17Լիայի տեսողութիւնը թոյլ էր, իսկ Ռաքէլը բարեկազմ էր ու դէմքով գեղեցիկ։ 18Յակոբը սիրեց Ռաքէլին. Նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»։ 19Լաբանն ասաց նրան. «Աւելի լաւ է նրան քե՛զ տամ, քան օտար մարդու։ Ապրի՛ր դու ինձ մօտ»։ 20Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան։ 21Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառկեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»։ 22Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու արեց։ 23Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ։ 24Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Լիային։ Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է։ 25Յակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թէ Ռաքէլի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։ 26Լաբանն ասաց. «Մեր երկրում ընդունուած չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել։ 27Արդ, սրա՛ համար էլ եօթը տարի ծառայիր, եւ ինձ համար աշխատած այդ եօթը տարուայ աշխատանքիդ համար սրա՛ն էլ քեզ կը տամ»։ 28Յակոբն այդպէս էլ արեց. Նա եօթը տարի եւս ծառայեց սրա համար, եւ Լաբանն իր դուստր Ռաքէլին կնութեան տուեց նրան։ 29Լաբանն իր աղախին Բալլային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Ռաքէլին։ 30Յակոբը մտաւ Ռաքէլի ծոցը եւ Ռաքէլին սիրեց աւելի, քան Լիային։ Նա սրա համար ծառայեց եւս եօթը տարի։

ՅԱԿՈԲԸ ԶԱՒԱԿՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

31Երբ Տէրը տեսաւ, որ Լիան Յակոբի համար ատելի է, նրա արգանդը բեղմնաւոր դարձրեց, իսկ Ռաքէլը ամուլ մնաց։ 32Յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց որդի։ Նա նրան կոչեց Ռուբէն՝ ասելով. «Տէրը տեսաւ իմ տառապանքները։ Արդ, ինձ պիտի սիրի իմ ամուսինը»։ 33Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց ինձ»։ Եւ նրա անունը դրեց Շմաւոն։ 34Նա նորից յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այլեւս իմ կողքին կը լինի իմ ամուսինը, որովհետեւ նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար էլ նրան կոչեց Ղեւի։ 35Նա մի անգամ էլ յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»։ Եւ նրա անունը դրեց Յուդա։ Դրանից յետոյ նա դադարեց երեխայ ունենալուց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն