Ծննդոց
1
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
1Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ 2Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ 3Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։ 4Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից։ 5Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին։
6Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»։ Եւ եղաւ այդպէս։ 7Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից։ 8Աստուած տարածութիւնը կոչեց երկինք։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ։
9Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»։ Եւ եղաւ այդպէս. Երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը։ 10Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ 11Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»։ Եւ եղաւ այդպէս. 12հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջպարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց։Աստուած տեսաւ, որ լաւ է։ 13Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ։
14Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը։ Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, 15թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»։ Եւ եղաւ այդպէս։ 16Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. Մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր։ 17Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, 18ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ 19Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ։
20Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»։ Եւ եղաւ այդպէս։ 21Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ 22Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»։ 23Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ։
24Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»։ Եւ եղաւ այդպէս։ 25Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով։ Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են։
26Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ 27Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։ 28Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։
29Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը։ Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, 30իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»։ Եւ եղաւ այդպէս։ 31Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։