Եզրասի գիրք

8

ԵԶՐԱՍԻ ԱՆՈՒԱՆԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ

1Սրանք են այն իշխաններն ու տոհմապետները, որոնք ինձ հետ վերադարձան բաբելացիների Արտաշէս թագաւորի թագաւորութեան ժամանակ. 2Փենեէսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Դանիէլը, Դաւթի որդիներից՝ Ատտուսը, 3Նաաքայի որդիներից՝ Նիան, Փորոսի որդիներից՝ Զաքարիան եւ նրա հետ հարիւր յիսուն տղամարդ, 4Փաաթմովաբի որդիներից՝ Զարայի որդի Ելիանան եւ նրա հետ երկու հարիւր տղամարդ, 5Զատուէլի որդիներից՝ Ազիէլի որդի Սեքենիան եւ նրա հետ երեք հարիւր տղամարդ, 6Ադինի որդիներից՝ Յովնաթանի որդի Աբէնը եւ նրա հետ յիսուն տղամարդ, 7Ելամի որդիներից՝ Աթալայի որդի Իսայիասը եւ նրա հետ եօթանասուն տղամարդ, 8Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զամբդիան եւ նրա հետ եօթանասուն տղամարդ, 9Յովաբի որդիներից՝ Յեուէլի որդի Բադիան եւ նրա հետ երկու հարիւր տասնութ տղամարդ, 10Բաանի որդիներից՝ Յովսէփի որդի Սելեմութը եւ նրա հետ հարիւր վաթսուն տղամարդ, 11Բաբէի որդիներից՝ Բաբի որդի Զաքարիասը եւ նրա հետ քսանութ տղամարդ, 12Ագդադի որդիներից՝ Սակատանի որդի Յովնանը եւ նրա հետ հարիւր տասը տղամարդ, 13Ադոնիկամի որդիներից՝ Էսքարին. իսկ միւսների անունները սրանք են՝ Ելիփալաթ, Յէիէլ եւ Սամա եւ սրանց հետ վաթսուն տղամարդ, 14Բադուի որդիներից՝ Ութային եւ Զաբութը եւ սրանց հետ եօթանասուն տղամարդ։

ԵԶՐԱՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆԸ ԴԷՊԻ ԵՐՈՒՍԱՂԷՄ

15Ես նրանց հաւաքեցի դէպի Եւի հոսող գետի եզերքին։ Այստեղ մենք օթեւանեցինք երեք օր։ Ժողովրդի բազմութեան մէջ ես փնտռեցի, բայց քահանաներից եւ Ղեւիի որդիներից չգտայ ոչ մի մարդ։ 16Այն ժամանակ ես Եղիազարի, Արիէլի եւ Սեմեայի մօտ ուղարկեցի Առնաամին, Արիբին, Ելնաթանին, Նաթանին, Զաքարիային, Մէսոլաամին, Յովարիբին եւ Յելմաթամին։ 17Իմաց տալուց յետոյ նրանց բերեցին իշխանների առաջ, որոնք գտնւում էին Գանձաւորաց տեղ կոչուած վայրում։ Ես նրանց բերանը դրեցի, որ խօսեն իրենց Նաթանայիմ եղբայրների հետ, որոնք մեր Աստծու տան երգիչներն էին, եւ որոնց բերել էին Գանձաւորաց տեղ կոչուած վայրը։ 18Նրանք եկան մեզ մօտ, քանզի Տիրոջ ձեռքը մեզ վրայ էր. դրանք Իսրայէլի որդի Ղեւիի որդիներից էին, եւ առաջինը մեզ մօտ եկան նրա որդիներն ու նրա եղբայրները՝ տասնութ տղամարդ։ 19Եկան եւ Ասեբիան, Մերարիի որդի Յեսեան՝ իր եղբայրների եւ որդիների հետ՝ քսան տղամարդ։ 20Եկաւ նաեւ Նաթանայիմը, այն Նաթանի որդին, որին թագաւորը եւ նրա իշխանները տուել էին ղեւտացիներին՝ ծառայելու. նա եկաւ երկու հարիւր քսան տղամարդու հետ։

21Ես այնտեղ, Էոս գետի եզերքին, ծոմապահութեան քարոզ կարդացի, այնտեղ մենք մատուցեցինք մեր Տէր Աստծու առաջ, խնդրեցինք նրանից, որ ուղիղ ճանապարհով տանէր թէ՛ մեզ եւ մեր որդիներին եւ թէ՛ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, 22քանի որ մենք ամաչեցինք թագաւորից հեծեալներ խնդրել՝ ճանապարհին մեր թշնամիներից մեզ ազատելու համար, որովհետեւ թագաւորին այսպէս էինք ասել, թէ մեր Տիրոջ ձեռքն օգնում է բոլորին, ովքեր դիմում են նրան բարութեան համար, եւ որ նա իր զօրութիւնն ու բարկութիւնն է թափում բոլոր նրանց վրայ, ովքեր լքում են նրան։ 23Մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս բոլորի համար, եւ Տէրը մեզ լսեց։

24Գլխաւոր քահանաներից մենք ընտրեցինք տասներկու մարդ՝ Սարաբիային, Ասաբիային եւ նրանց հետ իրենց տասը եղբայրներին։ 25Մենք նրանց առաջ կշռեցինք եւ նրանց տուեցինք այն արծաթը, ոսկին եւ սպասքը, որ մեր Աստծու տան համար նուիրել էին թագաւորն ու նրա խորհրդականները, նրա իշխաններն ու Իսրայէլի ժողովուրդը, որ գտնւում էր այնտեղ։ 26Ես կշռեցի եւ նրանց տուեցի վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ, արծաթէ հարիւր անօթներ, հարիւր տաղանդ , 27ոսկէ քսաներեք գաւաթ եւ ընտիր, մաքուր ու ոսկեզօծ պղնձէ այլ անօթներ։ 28Ես նրանց ասացի. «Դուք սրբագործուած էք Տէր Աստծու կողմից, սրբրագործուած են նաեւ Տիրոջ այս սպասքը, մեր հայրերի Տէր Աստծու այս ոսկեղէն եւ արծաթեղէն ընտիր անօթները. 29արթո՛ւն կացէք եւ պահպանեցէ՛ք, մինչեւ որ դրանք կշռէք գլխաւոր քահանաների, ղեւտացիների, Իսրայէլի իշխանների եւ տոհմապետների առաջ, Երուսաղէմում, Տիրոջ տան խորանում»։ 30Քահանաները եւ ղեւտացիները վերցրին կշռած ու հաշուած ոսկին, արծաթն ու սպասքը՝ , մեր Աստծու տանելու համար, 31եւ մենք ճանապարհ ընկանք Էոս գետի մօտից առաջին ամսի տասներկուերորդ օրը, եկանք ու հասանք Երուսաղէմ։ Մեր Տէր Աստծու ձեռքը մեզ վրայ էր, եւ նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից եւ ճանապարհի դարանակալներից։ 32Մենք եկանք Երուսաղէմ եւ երեք օր հանգստացանք այնտեղ։ 33Չորրորդ օրը, կշռելով արծաթը, ոսկին եւ սպասքը, տուեցինք մեր Տէր Աստծու տանը՝ Օնիա քահանայի որդի Մարեմոթին. նրա հետ էին նաեւ Փենեէսի որդի Եղիազարը, Յեսուի որդի Յովաբաթը, Բանիայի որդի Նովադան եւ այլ ։ 34Ամէն ինչ յանձնուեց հաշուով ու կշռով, եւ գրուեց ամէն ինչի լրիւ հաշիւն ու կշիռը։

35Այն ժամանակ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից եւ պանդխտութիւնից, ողջակէզներ մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծուն. ամբողջ Իսրայէլի համար տասներկու արջառ, իննսունվեց խոյ, եօթանասունեօթը գառ եւ տասներկու նոխազ՝ մեղքերի մաքրման համար. այս բոլոր ողջակէզները նրանք մատուցեցին Տէր Աստծուն։ 36Թագաւորի հրամանը նրանք յանձնեցին Եփրատ գետի այն կողմի իշխաններին, որոնք էլ պատիւ մատուցեցին հրեայ ժողովրդին եւ փառաւորեցին Աստծու տաճարը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն