Եզրասի գիրք

7

ԵԶՐԱՍԸ ԲԱԲԵԼՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄ

1Այս դէպքերից յետոյ Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ, Եզրասը, որը որդին էր Սարուայի, սա՝ Ազարիայի, սա՝ Քեղկիայի, 2սա՝ Սելումի, սա՝ Սադոկի, սա՝ Աքիտոբի, 3սա՝ Սամարիայի, սա՝ Եզրայի, սա՝ Մարոթոսի, 4սա՝ Զարիայի, սա՝ Օզիայի, սա՝ Բոկկի, 5սա՝ Աբիսուայի, սա՝ Փենեէսի, սա՝ Եղիազարի, որն առաջին Ահարոնի որդին էր, - 6ահա այս Եզրասն էր, որ վերադարձաւ Բաբելոնից։ Սա եռանդուն գրագիր էր եւ Իսրայէլի Տէր Աստծու կողմից Մովսէսին տրուած Օրէնքի օրէնսգէտ։ Թագաւորը նրան տուեց ամէն բան, ինչ նա խնդրեց նրանից, որովհետեւ Տէր Աստծու ձեռքը նրա վրայ էր։ 7Նրա հետ վերադարձան իսրայէլացիներից շատերը՝ քահանաներ, , պաշտամունքի երգիչներ, դռնապաններ եւ նաթանայացիներ։ Նրանք ճանապարհ էին ընկել Արտաշէս թագաւորի եօթներոդ տարուայ հինգերորդ ամսին, 8եւ թագաւորի եօթներորդ տարուայ եօթներորդ ամսի ամսամտին Եզրասը եկաւ Երուսաղէմ, 9որովհետեւ Տէր Աստծու ձեռքը նրանց վրայ էր։ 10Եզրասն իր սրտում վճռել էր քննել Տիրոջ Օրէնքը, գրել նրա մասին եւ Իսրայէլի ժողովրդին ուսուցանել Տիրոջ պատուիրաններն ու կանոնները։

ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵԶՐԱՍ ՔԱՀԱՆԱՅԻՆ

11Ահա այն հրամանը, որ Արտաշէս թագաւորը տուեց Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի եւ Իսրայէլի մասին նրա տուած պատուիրանների օրէնսգէտին.

12«Ես՝ թագաւորների թագաւոր Արտաշէսը, իմ կողմից հաստատուած այս հրամանը տուեցի երկնքի Տէր Աստծու Օրէնքի օրէնսգէտ Եզրասին. 13հրամայում եմ իմ թագաւորութեան տակ գտնուող բոլորին՝ Իսրայէլի ժողովրդին, քահանաներին եւ ղեւտացիներին, որ քեզ հետ բոլորը վերադառնան Երուսաղէմ։ 14Այս հրամանն ուղարկուած է թագաւորի եւ նրա եօթը խորհրդականների կողմից՝ թոյլատրելու հրեաներին եւ երուսաղէմացիներին Եզրասի առաջնորդութեամբ, որի ձեռքին է Աստծու Օրէնքը, վերադառնալու Երուսաղէմ։ 15Թագաւորն իր եւ իր խորհրդականների կողմից հրամայեց տալ արծաթ եւ Տիրոջ տան համար, որ գտնւում է Երուսաղէմում, տանել եւ դնել Իսրայէլի Տէր Աստծու տան առաջ։ 16Եւ ամէն մարդ, Բաբելոնում գերի հրեաները, ժողովուրդը, քահանաները, ովքեր արծաթ եւ ոսկի ունեն, թող իրենց հետ վերցնեն եւ տանեն Երուսաղէմ՝ Տիրոջ տունը։ 17Եւ բոլորը, ովքեր պիտի գնան, թող այս ձեւով, ինչպէս գրեցինք, պատրաստեն զոհեր՝ արջառներ, խոյեր, գառներ ու իրենց նուէրները եւ թող մատուցեն իրենց Տէր Աստծու զոհասեղանի վրայ, որ գտնւում է Երուսաղէմում։ 18Այս մէկ բարութիւնն էլ, ահա, ես արեցի քեզ եւ քո եղբայրների համար. արծաթ եւ ոսկի թողեցի, որպէսզի, ինչպէս որ արժանի է ձեր Աստծուն, օգտագործէք այնպէս։ 19Տիրոջ տան կահաւորման համար ես քեզ սպասք տուեցի. վերցրո՛ւ քեզ հետ եւ տա՛ր Երուսաղէմ։ 20Իսկ այն անօթները, որ աւելորդ կը լինեն, կը տաս թագաւորական տան գանձարանին՝ պահելու համար։ 21Ես՝ Արտաշէս թագաւորը, հրաման տուեցի բոլոր գանձատէրերին, ձեզ, որ Եփրատ գետի այն կողմում էք գտնւում, Եզրաս քահանային՝ երկնքի Տէր Աստծու օրէնսգէտին տաք այն բոլոր բաները, ինչ նա կը պահանջի ձեզանից՝ իր Տէր Աստծու տան համար։ 22Պատրաստեցէ՛ք հարիւր տաղանդ արծաթ, հարիւր քոռ ցորեն, նոյնքան էլ ու նոյնքան էլ ձէթ. 23եւ թող ոչ ոք դէմ չկանգնի թագաւորի այս հրամանին։ Այն բոլոր բաները, ինչ հրամայեցի տալ երկնքի ու երկրի Տէր Աստծու համար, պիտի լինեն. թող ոչ ոք որեւէ բան չձեռնարկի Իսրայէլի Տէր Աստծու տան գործը խափանելու համար, որպէսզի Տէր Աստծու բարկութիւնը չգայ իմ թագաւորութեան եւ իմ որդու վրայ։ 24Դուք իմացա՛ծ եղէք նաեւ, որ բոլոր քահանաները, ղեւտացիները, սաղմոս երգողները, դռնապանները, նաթանայացիները եւ նրանք, որ Տիրոջ տան սպասաւորներն են, ազատ են հարկեր տալուց, եւ թող ոչ ոք չհամարձակուի նրանց ծառայեցնել իրեն։ 25Դու էլ, Եզրա՛ս, որ քո Աստծու իմաստութիւնն ունես քո ձեռքին, օրէնսգէտնե՛ր եւ դատաւորնե՛ր նշանակիր, որպէսզի նրանք դատեն Գետի այն կողմում գտնուող ամբողջ ժողովրդին եւ ուսուցանեն քո Աստծու Օրէնքը բոլոր նրանց, ովքեր չգիտեն։ 26Իսկ նրանք, ովքեր չեն կատարի Օրէնքը, ովքեր չեն գործի ըստ Տիրոջ Օրէնքի եւ ըստ թագաւորի օրէնքների, թող ըստ իրենց գործերի՝ նրանց համար արուի. եթէ մահուան են արժանի, դատապարտուեն մահուան, եթէ տանջանքի՝ տանջանքի, եթէ տուգանքի՝ տուգանքի, եթէ կալանքի՝ բանտարկութեան»։

ԵԶՐԱՍԸ ԳՈՀՈՒԹԻՒՆ Է ՅԱՅՏՆՈՒՄ ՏԻՐՈՋԸ

27«Օրհնուած է մեր Տէր Աստուածը, որ այսպիսի բարութիւն տուեց թագաւորի սրտին, փառաւորեց մեր Տէր Աստծու անունը Երուսաղէմում, 28ինձ էլ ողորմութիւն արեց եւ պատուի արժանացրեց թագաւորի եւ նրա խորհրդականների առաջ, թագաւորի բոլոր իշխանների առաջ, զօրացայ, քանզի Տիրոջ ձեռքն ինձ վրայ էր, հաւաքեցի Իսրայէլի բոլոր իշխաններին՝ ինձ հետ գերութիւնից վերադառնալու համար»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն